Կիրակի, 6 Հոկտեմբերի, 2024
ՀրապարակումներՆորություններ

ԻՆՉՊԵ՞Ս ԱԽՏԱՀԱՆԵԼ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԺԱՄԱՆԱԿ

Գրքի խնամքի մասնագետները ներկայացնում են COVID-19-ի ընթացքում նյութերի օգտագործման գաղտնիքները

Լարա Էվան
27 մարտի, 2020թ.

Գրադարանների ապահությունը կարևոր է և՛ աշխատողների և՛ այցելուների համար: Բայց COVID19 համաճարակի ընթացքում այդ հարցերը և, հատկապես, ինչպես ապահովել գրադարանային նյութերի և գրադարանի տարածքների ապահովությունը, բարդ պատասխաններ ունեն:

Սա աննախադեպ իրավիճակ է: Այն աշխատակիցները, ովքեր վնասված հավաքածուների ախտորոշման և վերականգնման փորձ ունեն, ասում են, որ պակասում է գրադարանային նյութերի ախտահանման վերաբերյալ տեղեկատվությունը: Չհաշված Սմիթսոնյան հանդեսի 2019թ. հոդվածում ներկայացված անեկդոտային ապացույցները, Մասաչուսեթս նահանգի գրադարանային հանձաժողովի պահպանության մասնագետ Էվան Նայթը ասում է, որ շատ քիչ պատմական տվյալներ կան: «Նախկին համաճարակների վերաբերյալ ոչինչ չկա հրապարակված», — ասում է նա:

Սա միաժամանակ մարտահրավեր է ընթացիկ հետազոտությունների համար: Հունվարին «Journal of Hospital Infection» ամսագրում տպագրված հետազոտության արդյունքում նշվել է, որ SARS-COV-2-ին նման կորոնավիրուսները, նրանք, որոնք պատասխանատու են COVID19-ի համար, կարող են պահպանվել որոշ մակերեսների վրա (օրինակ՝ մետաղ, ապակի և պլաստիկ) մինչև 9 օր և թղթի վրա՝ 4-5 օր: Մինչդեռ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱՄՆ) վերջին տվյալները վկայում են, որ SARS-COV-2-ը հայտնաբերվում է աէրոզոլներում մինչև 3 ժամ, պղնձի վրա մնում է մինչև 4 ժամ, ստվարաթղթի վրա՝ 24 ժամ և 2-3 օր պլաստիկի և չժանգոտվող պողպատի վրա:

Համաճարակը նաև փիլիսոփայական բնույթի մարտահրավեր է: «[Դժվար է] ներկա համաճարակի պայմաններում առողջ հասարակության պահանջները հաշտեցնել մեր առաքելության հետ»,- ասում է Կոնգրեսի գրադարանի (ԿԳ) պահպանության տնօրեն Ջաքոբ Նադալը: Այն մարտի 12-ին փակվեց հանրության առջև և չեղարկեց իր գործունեությունը մինչև մայիսի 11-ը: «Ցավալի է տեսնել, թե ինչպես է այս հիվանդությունը մեզ ստիպում է հետ քայլել հենց այն ժամանակ, երբ մենք ուզում ենք քայլել դեպի առաջ»:

Ժամանակը լավագույն ախտահանիչն է

Ժամանակը ամենալավ ախտահանիչ միջոցն է: Թերևս հետ քաշվելը կարող է լինել ամենալավ պաշտպանությունը դեռևս զարգացող սպառնալիքի դեմ: Ամենահեշտ, ամենաապահով և ամենամատչելի ախտահանիչը ժամանակն է: «Այս համաճարակը եզակի է պահպանողների համար, ուստի մենք ընդհանուր առմամբ շատ բան չգիտենք ախտահանման և մասնավորապես այս վարակի մասին, — ասում է Նայթը, — մեր տեսակետն այն է, որ պրոֆիլակտիկան կամ կանխարգելիչ միջոցառումները լավագույնն են»:

Ֆլորիդայի համալսարանի Ջորջ Սմաթերսի գրադարանների կոնսերվացման և պահպանման տնօրեն Ֆլետչեր Դյուրանթը, առաջարկում է, որ բոլոր գրադարանները հետևեն Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի մարտի 17-ի հանձնարարականին՝ փակվել հանրության առջև: «Մեկուսացումը (նվազագույնը 24 ժամ և նախընտրելի է 14 օր) ամենալավ ախտահանիչն է, -ասում է նա, — դա պարզապես ամենալավ և անվտանգ բանն է, որը մենք կարող ենք անել այս պահին, որպես գրադարանավարներ»: Դյուրանթն ասում է, որ դա պաշտպանում է ինչպես գրադարանները, այնպես էլ հանրությանը: Գրադարանները կարող են հիվանդության տարածման ռիսկեր ներկայացնել, որը կարող է նվազեցնել հանրության վստահությունը գրադարանների նկատմամբ: Դա նշանակում է, որ գրադարանները պետք է փակ մնան, մինչև որ վերանա հասարակության վարակի վտանգը:

«Մենք առաջինը կասենք, որ պատրաստ չենք վիրուսաբանության, մանրէաբանության կամ բժշկական հարցերի վերաբերյալ առաջարկություններ անել, — ասում է Նադալը: — Կարանտինը, որը նվազեցնում է վարակի կենսունակությունը, ամենալավ ծրագիրն է»:

Մաքրում և ախտահանում

Այնուամենայնիվ, որոշ գրադարաններ առաքելություն ունեն, որը բացառում է ամբողջական կարանտինը։ Օրինակ, ԿԳ-ը շարունակում է աջակցել Կոնգրեսին նստաշրջանի ընթացքում, ինչը պահանջում է, որ որոշ աշխատակիցներ լինեն աշխատանքի վայրում։ Ուրիշ գրադարաններ էլ ծառայություններ մատուցելիս մայթեզրին ստուգում են նյութերը: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է լրացուցիչ սանիտարական միջոցներ օգտագործել։

Ներքին կոշտ մակերեսները, ներառյալ սեղանների երեսները, դռան բռնակները, գրադարակները և համակարգիչները, պետք է մասնագիտորեն մաքրել։ Փորձագետները նշում են նաև, որ վիրտուալ իրականության ականջակալները պիտակավորվել են որպես ռիսկի գործոն և գրադարանները պետք է հետաձգեն դրանց օգտագործումը։ «Հնարավորության դեպքում վարձեք պրոֆեսիոնալ մաքրման ծառայություն, որն համապատասխան վերապատրաստում է անցել և անձնական պաշտպանության միջոցներ ունի այս աշխատանքը կատարելու համար»,- ասում է Նադալը։ «Սա բացառիկ զգուշության ժամանակ է»։

Ցանկացած աշխատակից, որը գտնվում է աշխատանքի վայրում, պետք է մանրակրկիտ լվանա ձեռքերը, հատկապես, երբ գիրք կամ գրադարանի ընդհանուր օգտագործման որևէ իր է փոխանցում։ «Չկա ուսումնասիրություն կամ առարկայական պատասխան այն հարցին, թե կորոնավիրուսը ինչպես կարող է փոխանցվել ամենապարզ գրադարանային իրարից (օֆսեթ և կավճապատ թղթերից, լաթակազմ գրքերից)»,-ասում է Նադալը։

Խուսափել նյութերը վնասելուց

Նայթն ասում է, որ գրադարանավարները պետք է զգույշ լինեն, երբ օգտագործում են մաքրման լուծիչներ գրքերի և գրադարանային այլ փխրուն միավորների վրա։ «Ես տեղյակ չեմ «ամենաքիչ վնասակար» մաքրող կամ ախտահանող միջոցի մասին, հատկապես, երբ այդ գրադարանային միավորներն ունեն հարատև արժեք»-ասում է նա՝ բացատրելով ջրային մաքրող միջոցներով ախտահանման ենթակա գրքերի վնասման ռիսկերը (խոնավությունից վնասվում և թուլանում են գրքի կազմ և սոսնձակարը)։ «Պոլիէսթերով կամ պոլիէթիլենով կազմված գրքերը կարելի է ավելի խնամքով մաքրել, իսկ բուքրամի կտորներով կազմվածները հնարավոր է կարողանան դիմակայել ուժեղացված մաքրմանը»-ավելացնում է նա։ «Բայց կրկին, եթե պլանավորել ենք մաքրել կամ ախտահանել հավաքածուն, պետք է գիտակցենք և ընդունենք, որ կարող է հավաքածուն վնասվել։

Ապացույցներ կան, որ որոշ մեթոդներ չեն կարող արդյունավետ լինել։ «Տարածված մոլորություններից մեկն այն է, որ լիզոլով, ալկոհոլով կամ սպիտակեցմամբ հատորի արտաքին մասի մաքրումը բավարար է, որ բացառվի վարակը ամբողջ հատորի մեջ», ասում է Դյուրանթը։

Ուլտրամանուշակագույն լույսը բարձր ներգործության պատճառով նույնպես մեծ ռիսկ է պարունակում գրքերի համար։ Այն պատճառով, թե որքան դժվար է համոզված լինել, որ յուրաքանչյուր էջ ենթարկվել է լույսի ազդեցությանը, ջանքերը կարող են անարդյունավետ լինել։ «Պարզվել է, որ ուլտրամանուշակագույն մանրէազերծման ճառագայթումն ընդհանուր առմամբ արդյունավետ է, երբ այն տարածվում է 1սմ²֊ ի վրա 2֊5 միլիջոուլ չափով»,֊ ասում է Դյուրանթը։ «Այնուամենայնիվ, որպեսզի այս ազդեցությունն արդյունավետ լինի, այն պետք է լինի ամբողջական, ինչը գրեթե անհնար է իրականացնել կազմված գրքերի դեպքում։ Դա, անշուշտ, այնքան արդյունավետ չէ, որքան մեկուսացնել գրքերը առնվազն 14 օրով»։

Այնուամենայնիվ, գրադարանները շարունակում են տեղեկանալ պահպանման նոր ընթացակարգերի մասին։ «Սա լավ ժամանակ է մտածելու գրադարանների դերի մասին՝ որպես մշակույթի կառավարող»,֊ ասում է Նադալը։ «Մենք պատրաստվում ենք փակ մնալ որոշ ժամանակ, որը շատ ցավալի է։ Գրքերը մեկուսացված և շրջանառությունից դուրս պահելը շատ ցավալի կլինի։ Բայց մենք պատմության պահապաններն ենք և մեր գլխավոր պարտականությունն այժմ համոզվելն է, որ կա ապագա՝ գիտելիքի և ստեղծագործական գործունեության համար, որը վստահված է մեր խնամքին»։

Թարգմանված է ամերիկյան “American Libraries” ամսագրի առցանց թողարկումից:

Թարգմանությունը Ներսես Հայրապետյանի