Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
Հրապարակումներ

«ԻՖԼԱ-ՅՈՒՆԵՍԿՕ հանրային գրադարանի հռչակագիր 2022»

Ազատությունը, բարգավաճումը և հասարակության ու անհատների զարգացումը մարդկային հիմնարար արժեքներ են: Դրանք ձեռք կբերվեն միայն լավատեղյակ քաղաքացիների՝ իրենց ժողովրդավարական իրավունքների իրականացման և հասարակության մեջ ակտիվ դերակատարություն ունենալու կարողության միջոցով: Կառուցողական մասնակցությունը և ժողովրդավարության զարգացումը կախված են բավարար կրթությունից, ինչպես նաև գիտելիքի, մտքի, մշակույթի և տեղեկատվության ազատ և անսահմանափակ հասանելիությունից:

Հանրային գրադարանը` գիտելիքի տեղական դարպասը, հիմնական պայման է ապահովում ցկյանս ուսման, անկախ որոշումների ընդունման, անհատի և սոցիալական խմբերի մշակութային զարգացման համար: Այն աջակցում է առողջ գիտելիքի վրա հիմնված հասարակությանը՝ ապահովելով հասանելիություն և հնարավորություն տալով ստեղծել և տարբեր բնույթի գիտելիքներ փոխանակել, ներառյալ գիտական և տեղական՝ առանց առևտրային, տեխնոլոգիական կամ իրավական խոչընդոտների:

Յուրաքանչյուր երկրում, և հատկապես զարգացող երկրներում, գրադարանները օգնում են երաշխավորել, որ կրթությունը և գիտելիքը և համայնքի մշակութային կյանքին մասնակցելու իրավունքները հասանելի լինեն հնարավորինս շատ մարդկանց:

Այս Հռչակագիրը ազդարարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավատը հանրային գրադարանի նկատմամբ՝ որպես կրթության, մշակույթի, ներառման և տեղեկատվության կենդանի ուժ, որպես կայուն զարգացման և բոլոր անհատների գիտակցության միջոցով խաղաղության և հոգևոր բարեկեցության անհատական իրականացման կարևոր գործոն:

Ուստի ՅՈՒՆԵՍԿՕ-ն խրախուսում է ազգային և տեղական կառավարություններին աջակցել և ակտիվորեն ներգրավվել հանրային գրադարանների զարգացման գործում:

Հանրային գրադարանը

Հանրային գրադարանը տեղեկատվության տեղական կենտրոնն է, որն իր օգտագործողներին հասանելի է դարձնում ամեն կարգի գիտելիքներն ու տեղեկությունները: Այն գիտելիքահենք հասարակությունների էական բաղադրիչն է, որը շարունակաբար հարմարվում է հաղորդակցության նոր միջոցներին, որպեսզի կատարի համընդհանուր հասանելիության ապահովման և բոլոր մարդկանց համար տեղեկատվության իմաստալից օգտագործման հնարավորություն ընձեռելու իր մանդատը: Այն հանրությանը հասանելի տարածք է ապահովում գիտելիքի արտադրության, տեղեկատվության և մշակույթի տարածման և փոխանակման, ինչպես նաև քաղաքացիական ներգրավվածության խթանման համար:

Գրադարանները համայնք ստեղծողներ են, որոնք ակտիվորեն կապվում են նոր լսարանների հետ և արդյունավետ լսումներ օգտագործում՝ աջակցելու տեղական կարիքներին համապատասխանող ծառայությունների ձևավորմանը և նպաստում կյանքի որակի բարելավմանը: Հասարակությունը վստահում է իր գրադարանին, և դրա դիմաց հանրային գրադարանի ձգտումն է ակտիվորեն տեղեկացված և իրազեկ պահել իր համայնքին:

Հանրային գրադարանի ծառայությունները մատուցվում են բոլորի համար հավասար հասանելիության հիման վրա՝ անկախ տարիքից, էթնիկ պատկանելությունից, սեռից, կրոնից, ազգությունից, լեզվից, սոցիալական կարգավիճակից և ցանկացած այլ հատկանիշից: Հատուկ ծառայություններ և նյութեր պետք է տրամադրվեն այն օգտատերերին, ովքեր որևէ պատճառով չեն կարող օգտվել կանոնավոր ծառայություններից և նյութերից, օրինակ՝ լեզվական փոքրամասնությունների ներկայացուցիչները, հաշմանդամություն, թվային կամ համակարգչային վատ հմտություններ, գրագիտության անբավարար կարողություններ ունեցող կամ հիվանդանոցում կամ բանտում գտնվող մարդկանց:

Բոլոր տարիքային խմբերը պետք է իրենց կարիքներին համապատասխան նյութ գտնեն: Հավաքածուները և ծառայությունները պետք է ներառեն բոլոր տեսակի համապատասխան կրիչներ և ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև ավանդական նյութեր: Բարձր որակը, տեղական կարիքներին ու պայմաններին համապատասխանությունը և համայնքի լեզվի ու մշակութային բազմազանության արտացոլումը հիմնարար են: Նյութը պետք է արտացոլի ներկայիս միտումները և հասարակության էվոլյուցիան, ինչպես նաև հիշողությունը մարդկային ջանքերի և երևակայության մասին:

Հավաքածուները և ծառայությունները չպետք է ենթարկվեն որևէ տիպի գաղափարական, քաղաքական կամ կրոնական գրաքննության կամ առևտրային ճնշումների:

Հանրային գրադարանի առաքելությունները

Հետևյալ հիմնական առաքելությունները, որոնք վերաբերում են տեղեկատվությանը, գրագիտությանը, կրթությանը, ներառականությանը, քաղաքացիական մասնակցությանը և մշակույթին, պետք է լինեն հանրային գրադարանների ծառայությունների հիմքում: Այս հիմնական առաքելությունների միջոցով հանրային գրադարանները նպաստում են Կայուն զարգացման նպատակներին և ավելի արդար, մարդասիրական և կայուն հասարակությունների կառուցմանը:

  • Ապահովել գրաքննությունից զերծ տեղեկատվության և գաղափարների լայն շրջանակի հասանելիություն, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության աջակցություն բոլոր մակարդակներում, ինչպես նաև ցկյանս ուսուցում, որը մարդկանց կյանքի բոլոր փուլերում հնարավորություն է տալիս շարունակաբար, կամավոր և ինքնուրույն գիտելիք փնտրել․
  • ստեղծել անձնական ստեղծագործական զարգացման հնարավորություններ և խթանել երևակայությունը, ստեղծագործականությունը, հետաքրքրասիրությունը և կարեկցանքը,
  • երեխաների մոտ ձևավորել և ամրապնդել կարդալու սովորությունների ծնունդից մինչև հասուն տարիք․
  • նախաձեռնել, աջակցել և մասնակցել գրագիտության տարածմանն ու ծրագրերին՝ զարգացնելու կարդալու և գրելու հմտությունները, ինչպես նաև նպաստել լրատվամիջոցների և տեղեկատվական գրագիտության և թվային գրագիտության հմտությունների զարգացմանը բոլոր տարիքի մարդկանց համար՝ տեղեկացված, ժողովրդավարական հասարակությանը համալրելու ոգով․
  • երբ հնարավոր է, թվային տեխնոլոգիաների միջոցով ծառայություններ մատուցել իրենց համայնքներին ինչպես առկա, այնպես էլ հեռակա կարգով, որը հնարավորություն է տալիս օգտվել տեղեկատվությունից, հավաքածուներից և ծրագրերից․
  • ապահովել բոլոր մարդկանց հասանելիությունը բոլոր տեսակի համայնքային տեղեկատվությանը և համայնքի կազմակերպման հնարավորություններին՝ ի նշան համայնքի սոցիալական կառուցվածքում գրադարանի դերի․
  • ապահովել իրենց համայնքներին գիտական գիտելիքների հասանելիություն, ինչպիսիք են հետազոտության արդյունքները և առողջապահական տեղեկությունները, որոնք կարող են ազդել իրենց օգտատերերի կյանքի վրա, ինչպես նաև հնարավորություն տալ մասնակցել գիտական առաջընթացին․
  • համապատասխան տեղեկատվական ծառայություններ մատուցել տեղական ձեռնարկություններին, ասոցիացիաներին և շահագրգիռ խմբերին․
  • պահպանել և հասանելի դարձնել տեղական և բնիկ տվյալները, գիտելիքները և ժառանգությունը (ներառյալ բանավոր ավանդույթները)՝ ապահովելով մի միջավայր, որտեղ տեղական համայնքը կարող է ակտիվ դերակատարություն ունենալ՝ հայտնաբերելու պահպանվող և տարածվող նյութերը՝ համայնքի կարիքներին և  ցանկություններին համապատասխան․
  • խթանել միջմշակութային երկխոսությունը և խրախուսել մշակութային բազմազանությունը․
  • նպաստել մշակութային ինքնարտահայտությունների և ժառանգության պահպանմանը և դրանց հասանելիությանը, արվեստների ճանաչելիությանը, գիտական գիտելիքների, հետազոտություններին և նորարարություններին բաց հասանելիությանը՝ արտացոլված ինչպես ավանդական լրատվամիջոցներում, այնպես էլ թվայնացված և ի սկզբանե թվային նյութերում։

Ֆինանսավորում, օրենսդրություն և ցանցեր

Հանրային գրադարանի շենք և ծառայություններ մուտք գործելը սկզբունքորեն պետք է անվճար լինի: Հանրային գրադարանը տեղական և ազգային իշխանությունների պատասխանատվության ներքո է: Այն պետք է ապահովվի հատուկ և թարմացվող օրենսդրությամբ, որը համահունչ է միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին: Այն պետք է ֆինանսավորվի ազգային և տեղական կառավարման մարմինների կողմից: Այն պետք է լինի մշակույթի, տեղեկատվության տրամադրման, գրագիտության և կրթության ցանկացած երկարաժամկետ ռազմավարության կարևոր բաղադրիչ:

Թվային դարաշրջանում հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության մասին օրենսդրությունը պետք է ապահովի հանրային գրադարաններին ողջամիտ պայմաններով թվային բովանդակություն ձեռք բերելու և հասանելիություն ապահովելու նույն կարողությունները, ինչպես դա ֆիզիկական ռեսուրսների դեպքում է:

Գրադարանների համազգային համակարգումն ու համագործակցությունն ապահովելու համար պետք է նաև օրենսդրությունը և ռազմավարական ծրագրերը սահմանեն և խթանեն ազգային գրադարանային ցանցը՝ հիմնված սպասարկման համաձայնեցված չափորոշիչների վրա:

Հանրային գրադարանների ցանցը պետք է նախագծված լինի հաշվի առնելով ազգային, տարածաշրջանային, հետազոտական և հատուկ գրադարանների, ինչպես նաև դպրոցների, քոլեջների և համալսարանների գրադարանների առկայությունը:

Շահագործում և կառավարում

Հաշվի առնելով տեղական համայնքի կարիքները պետք է հստակ քաղաքականություն մշակվի՝ նպատակներ, առաջնահերթություններ և ծառայություններ սահմանելով: Տեղական գիտելիքների և համայնքի մասնակցությունը կարևոր է այս գործընթացում, և տեղական համայնքները պետք է ներառվեն որոշումների ընդունման մեջ:

Հանրային գրադարանը պետք է արդյունավետ կազմակերպվի, և պետք է պահպանվեն գործունեության մասնագիտական չափորոշիչները։

Ծառայությունները պետք է ֆիզիկապես կամ թվային հասանելի լինեն համայնքի բոլոր անդամների համար: Սա պահանջում է լավ տեղակայված և հագեցած գրադարանային շենքեր, ընթերցանության և ուսումնական լավ պայմաններ, ինչպես նաև համապատասխան տեխնոլոգիաներ և օգտագործողների համար հարմար բացման ժամեր: Այն հավասարապես ենթադրում է իրազեկման ծառայություններ նրանց համար, ովքեր չեն կարող այցելել գրադարան:

Գրադարանային ծառայությունները պետք է հարմարեցվեն գյուղական և քաղաքային բնակավայրերի համայնքների տարբեր կարիքներին, ինչպես նաև մարգինալացված խմբերի, հատուկ կարիքներով օգտվողների, բազմալեզու օգտագործողների և համայնքի բնիկ ժողովուրդների կարիքներին:

Գրադարանավարը ակտիվ միջնորդ է օգտվողների և ռեսուրսների միջև, ինչպես թվային, այնպես էլ ավանդական: Բավարար մարդկային և նյութական ռեսուրսները, ինչպես նաև գրադարանավարի մասնագիտական և շարունակական կրթությունը` ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար, անփոխարինելի են համապատասխան ծառայություններ ապահովելու համար: Ղեկավարությունը պետք է խորհրդակցի գրադարանային մասնագետների հետ բավարար ռեսուրսների քանակական և որակական սահմանման վերաբերյալ:

Որպեսզի այցելուները կարողանան օգտվել բոլոր ռեսուրսներից, նրանց պետք է տեղեկատվական և ուսուցողական ծրագրեր մատուցվեն:

Գրադարանների հասարակական օգուտը քաղաքականություն մշակողներին ցույց տալու համար ընթացիկ հետազոտությունները պետք է կենտրոնանան գրադարանների ազդեցության գնահատման և տվյալների հավաքագրման վրա: Վիճակագրական տվյալները պետք է հավաքագրվեն երկարաժամկետ հեռանկարում, քանի որ հասարակության ներսում գրադարանների առավելությունները հաճախ նկատվում են հաջորդ սերունդների վրա:

Գործընկերություններ

Գործընկերությունների ստեղծումը կարևոր է գրադարանների համար ավելի լայն և բազմազան հանրության հասանելիության համար: Համագործակցությունը համապատասխան գործընկերների, օրինակ՝ օգտագործողների խմբերի, դպրոցների, ոչ կառավարական կազմակերպությունների, գրադարանային ասոցիացիաների, ձեռներեցների և այլ մասնագետների հետ պետք է ապահովվի տեղական, տարածաշրջանային, ազգային, ինչպես նաև միջազգային մակարդակով:

Հռչակագրի իրականացումը

Ազգային և տեղական մակարդակներում որոշում կայացնողներին և ողջ աշխարհի գրադարանային հանրությանը սույնով կոչ է արվում իրականացնել սույն Հռչակագրում ներկայացված սկզբունքները:

18 հուլիսի 2022թ․

Անգլերենից թարգմանությունը Ներսես Հայրապետյանի