Արհեստական բանականությունը՝ նաև գրադարաններում․
Նախկին խորհրդային երկրների համեմատ՝ գրադարանային ոլորտում մենք առաջատար դիրքերում ենք` ասում է Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանը:
«Մեզնից օրինակ են վերցնում, մեզ հետ խորհրդակցում են թե՛ ռուսաստանյան գրադարանները, թե՛ վրացական և թե՛ միջինասիական երկրների գրադարանները։ Ծրագրային լուծումների առումով, բաց ազատ կոդերով ծրագրերի կիրառումով մենք առաջատար ենք։ Որոշ դեպքերում Եվրոպայում նույնպես Հայաստանը նորարարական լուծումներ է առաջարկում», – նշում է Զարգարյանը։
Խոսելով գրադարանային ոլորտի զարգացումների, խնդիրների ու ռազմավարական ծրագրերի մասին՝ նա ասում է, որ գրադարաններն այսօր զարգանում են արհեստական բանականության ուղղությամբ, այն ամենուր է և արդեն ակտիվորեն ներխուժում է գրադարանային կյանք, թվայնացումն արդեն անցած փուլ է։
«Google-ն այսօր բազմաթիվ ծառայություններ է մատուցում գրադարաններին․ Google books–ը (Գուգլ գրքեր) ահռելի մեծ թվային շտեմարան է, Google–ն արդեն աշխարհի տարբեր գրադարանների համար թվայնացնում է հայերեն գրքերը, դրանք հասանելի է դարձնում, վերածում է տեքստի և համացանցում անվճար տրամադրում, այն արդեն ունի հայերենի թարգմանիչ, ձայնը հասկանալու և խոսելու կարողություն․ այս ամենը կիրառվելու է գրադարաններում»։
Խոսելով Հիմնարար գիտական գրադրանի ծրագրերից՝ Զարգարյանը նշում է իր տեսակի մեջ եզակի Համահայկական թվանշային գրադարանի գոյությունը։ Ասում է՝ այն եվրոպական ստանդարտներին համապատասխան է և իր մեջ շուտով ներառելու է թե՛ տպագիր նյութը՝ գիրք, ամսագիր, թե՛ ձայնային նյութերը, և թե՛ պատկերներ ու նկարներ։
Արդեն հասանելի է Վիեննայի Մխիթարյան միաբանության մամուլը, որը եզակի հավաքածուներ ունի, որոնք առայսօր փակ են եղել։ Նաև նախատաեսվում է կազմակերպել սփյուռքի մի շարք մոռացված, եզակի գրադաարանների թվային «ներգաղթ»։