Ուրբաթ, 6 Դեկտեմբերի, 2024
Աշխատարան 2022Նորություններ

Տեղի ունեցավ 5-րդ նորարար գրադարաններ աշխատարանը

2022թ. նոյեմբերի 28-30-ին Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի նորարար գրադարաններ 5-րդ ամենամյա աշխատաժողովը: Ինչպես նախորդ տարիներին աշխատարանը կազմակերպել էր «Ամերիկյան անկյունների բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության հանրության հետ կապերի բաժնի ֆինանսական աջակցությամբ:

Սկսած 2017 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող մարզային գրադարանները, Հայաստանի ազգային գրադարանը, Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանը, ինչպես նաև տարբեր համալսարանական և համայնքային գրադարաններ մասնակցում են այս յուրահատուկ աշխատարաններին, որոնց նպատակն է քննարկել թվային տեխնոլոգիաների դարաշրջանում գրադարանային մարտահրավերները, ուսումնասիրել և տարածել գրադարանների լավագույն աշխատանքային փորձը, միջազգային գրադարանային նորությունները և այլն:

Բացման խոսքում «Նորարար գրադարաններ» աշխատարանի հիմնադիր Ներսես Հայրապետյանը նշեց հինգ տարիների ընթացքում նորարարների շարժման ձեռքբերումները։ Նախորդ տարիներին մարզային բոլոր գրադարանները ստեղծել են իրենց սեփական վեբ էջերը, որոնք ներկայացնում են գրադարանների ռեսուրսները և ծառայությունները, լուսաբանում գրադարանների առօրյան և միջոցառումները։ Աշխատարանների շնորհիվ մասնակից գրադարանները իրենց մասին հոդվածներ են տեղադրել հայկական վիքիպեդիայում: Սեմինարներ են կազմակերպվել մեդիագրագիտության, կիբերանվտանգության և սոցիալական հարթակներում գրադարանների էջերի կառավարման մասին:

Եռօրյա աշխատանքի ընթացքում մասնակից գրադարանները ներկայացրին վերջին տարվա ընթացքում իրենց գրադարանների նորարար նախաձեռնությունները և ծրագրերը: Հայաստանի ազգային գրադարանի առաջատար մատենագետ Աստղիկ Ներսեսյանը ներկայացրեց «Տպագրության տարեգիրք» մատենագիտական ցանկը, իսկ նույն գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Տաթևիկ Թամազյանը անդրադարձավ 2022թ. սեպտեմբերի 29-30-ին Ազգային գրադարանի կողմից կազմակերպված «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գրադարանային գիտաժողովին։ Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը ներկայացրեց իրենց «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը։ Մարզային և համայնքային գրադարաններից շատերն անդրադարձան գրադարանների ամառային ընթերցանության ծրագրերին, ներկայացրին իրենց գրադարաններում դրանց կազմակերպման առանձնահատկությունները։ Մասնակիցները ձգտում էին շեշտել իրենց ծրագրերի առանձնահատկությունները, դրանց նորարար բնույթը կամ կիրառված նորարական մեթոդները։ Հիշատակելի են Երևանի Աջափնյակ համայնքի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնական գրադարանի «Մեկ օրով գրադարանավար», թիվ 32 գրադարանի «Գիրք գումարած ֆիլմ», Կոտայքի մարզային գրադարանի փոդքասթները և դասախոսություն-հանդիպումները, Վայոց Ձորի մարզային գրադարանի «Ճի՞շտ, թե՞ սխալ» խաղը։ Արմավիրի մարզային գրադարանի աշխատակից Մարինե Անտոնյանը ներկայացրեց իրենց մարզի 2015-2020թթ. գրադարանային ցուցանիշների համեմատական վերլուծությունը։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակից Գարեգին Ղոչիկյանը ներկայացրեց մատենաչափական տվյալների վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները։

Գրադարանային ոլորտի խնդիրների վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն գլխավոր մասնագետ (գրադարանային ոլորտի համակարգող) Նազիկ Հովասափյանը: Իր խոսքում նա չշրջանցեց չգործող գրադարանների և գրադարանների փակման ցավոտ խնդիրը, խոսեց գրադարանավարների պատասխանատվության մասին։ Ելույթին հաջորդող քննարկմանը ելույթներ ունեցան և հարցադրումներ արեցին Արմինե Հովհաննիսյանը, Հայկանուշ Ղազարյանը, Գևորգ Ամիրյանը, Պապին Մուրադյանը և ուրիշներ։

Աշխատարանի հատուկ հյուրն էր և «PR և մարկետինգի գործիքները» թեմայով ինտերակտիվ քննարկում վարեց ABN մեդիա հարթակի հիմնադիր տնօրեն Նարեկ Նիկողոսյանը: Նա բոլորին հրավիրեց հինգ հարցի պատասխանել, որոնց շուրջ ակտիվ խմբային քննարկում ծավալվեց։

Դրանք են.

  1. Ի՞նչ ենք ուզում,
  2. Ո՞վ է մեր թիրախը,
  3. Ի՞նչ ռեսուրսներ ունենք,
  4. Ինչպե՞ս ենք ուզում հասնել մեր նպատակին,
  5. Ինչպե՞ս ենք չափելու արդյունքները։

Նորարարները՝ տրված հարցերը նկատի առնելով առանձին խմբերով քննարկեցին ապագայի գրադարանների իրենց տեսլականները, այդ թվում՝ կանաչ գրադարանի, հյուրանոց-գրադարանի, ներառական գրադարանի նախագծերը։

Աշխատանքային նիստերը և քննարկումները վարեցին Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի խորհրդական և «Նորարար գրադարաններ» աշխատարանների հիմնադիր Ներսես Հայրապետյանը, Երևանի ամերիկյան անկյան համակարգող Նելլի Խաչատրյանը, Լոռու մարզային գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը:

Աշխատարանների քննարկումների թեմաները տարբեր օգտակար հարցերի էին նվիրված։ Ներսես Հայրապետյանը զրույց վարեց «Գրադարանային հասանելիություն` հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեմայով։ Նելլի Խաչատրյանը բոլոր մասնակիցներին ներգրավեց «Արդյունավետ հաղորդակցություն» ինտերակտիվ խաղի մեջ և այն օգտագործեց անդրադառնալու էլեկտրոնային փոստի օգտագործմանը վերաբերվող հարցերին։ Ավ․Իսահակյանի անվան ԿԳ-ի ամերիկյան կենտրոն բաժնի աշխատակից Լուսինե Խաչատրյանը քննարկում վարեց «Երիտասարդական աշխատանք։ SWՕT վերլուծություն» թեմայով։ Ապա Անդրանիկ Հովհաննիսյանը, առանց մասնագիտական խրթին տերմինաբանության, մասնակիցների համար յուրահատուկ «համակարգչային վիրահատարան» կազմակերպեց, որտեղ մեկ առ մեկ անդրադարձավ համակարգչի «ներքին օրգաններին», դրանց գործառույթներին, խնամքին և պահպանությանը։ Երրորդ աշխատանքային օրը հագեցած էր գրադարանային ժամանակակից ստեղծարար ծրագրերի և թվային գործիքների մասին գործնական պարապմունքներով։ Մասնակից բոլոր մարզային, համայնքային և քաղաքային գրադարանները ասոցիացիայից ծեփագրիչներ (3Դ գրիչ) նվեր ստացան, որոնք նրանք կօգտագործեն իրենց մանկապատանեկան ծրագրերում:

Անդրադարձներ աշխատարանին՝

Գրադարանների աշխատակիցները մասնակցել են «Նորարար գրադարաններ» աշխատաժողովին

Ո՞րն է ժամանակակից գրադարանի մոդելը