Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
Նորություններ

ՆՈՐ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Օրերս Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը (SAS) տեղեկացրեց Հայ գրադարանավարների և արխիվագետների միջազգային ասոցիացիայի (IAALA) ստեղծման մասին, որը SAS-ի հովանու ներքո գործող նոր կազմակերպություն է: IAALA-ն նախատեսում է կազմակերպել առցանց միջոցառումներ և ստեղծել մշտական հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն գրադարանների համալրման, գրացուցակավորման, հետազոտական և մատենագիտական աշխատանքների, գրադարանային և արխիվային փաստաթղթերի պահպանման և թվայնացման խնդիրներով: Այն նաև մտադիր է անհրաժեշտության դեպքում փորձաքննական օգնություն առաջարկել աշխարհի հանրային հաստատությունների գրադարանների հայկական հավաքածուների ուսումնասիրման համար:Հայ գրադարանավարների և արխիվագետների միջազգային ասոցիացիայի առաջնահերթ նպատակն է տեղեկատվական մասնագետների և այդ հաստատությունների հետ առնչվող անձանց համար ֆորում տրամադրել՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաները, ոլորտի խնդիրների և հարցերի լուծումներ փնտրելու, ինչպես նաև կապ հաստատել գիտնականների և հետազոտողների միջև, ովքեր կարող են իրենց ծառայությունների կարիքն ունենալ կամ տեղյակ չեն, թե որտեղ փնտրեն իրենց անհրաժեշտ նյութերը:

IAALA-ի գործադիր կոմիտեն կազմված է գրադարանավարների և արխիվագետների միջազգային խմբից՝ ականավոր գիտնական Լևոն Ավդոյանի նախագահությամբ (Կոնգրեսի գրադարանի հայկական հավաքածուի նախկին պատասխանատու): Գործադիր կոմիտեի մյուս անդամներն են՝ Բորիս Աճեմյան (Նուբարյան գրադարան, Փարիզ), Նորա Ավետյան (Կալիֆորնիայի համալսարան, Լոս Անջելես), Անի Բոյաջյան (Լոս Անջելեսի հանրային գրադարան), Աննա Չուլյան (Հայաստանի ազգային գրադարան և Հայկական գրադարանային ասոցիացիա, Երևան), Ներսես Հայրապետյան (ԱՄՆ դեսպանատուն, Երևան), Սեդա Այկանյան Մաթևոսյան (Վահան և Անուշ Շամլյան հայկական դպրոց), Խաչիկ Մուրադյան (Կոնգրեսի գրադարան) և Տիգրան Զարգարյան (Հայկական թվային գրադարան): Քրիստոֆեր Շեքլյան (Ռադբուդի համալսարան), Էմիլիո Բոնֆիգլիո (Թյուբինգենի համալսարան):

Հայաստանի գրադարանային և արխիվային մասնագետների համար ասոցիացիայի անդամագրումն անվճար է: Առաջիկայում կներկայացնենք անդամագրության կարգը և պայմանները:

Կազմակերպության գործունեության առաջիկա անելիքների և ծրագրերի մասին տես Հայկական ուսումնասիրությունների ընկերակցության կայքում՝

The Society for Armenian Studies (SAS) Launches the International Association of Armenian Librarians and Archivists (IAALA)