Ուրբաթ, 6 Դեկտեմբերի, 2024
Հրապարակումներ

Արձագանքելով «Լավագույն գրադարան» մրցույթի արդյունքների ամփոփմանը

Գրադարանային աշխատանքի հիմնական ցուցանիշների հաշվարկման բանաձևեր

Միջին ընթերցանությունը (Ը) կամ ընթերցանության ինտենսիվությունը տարեկան մեկ ընթերցողին սպասարկվող գրքերի միջին քանակն է: Այն հաշվարկվում է մեկ տարում սպասարկված գրքերի տացքը (Տ) բաժանելով մեկ տարում գրանցված ընթերցողների թվի վրա (ԸԹ):

Ը = Տ : ԸԹ

Գրադարանի միջին հաճախելիությունը (ԳՄՀ) տարեկան մեկ ընթերցողի այցելությունների միջին թիվն է: Այս ցուցանիշը, ինչպես հուշում է անունը, արտացոլում է գրադարան այցելող ընթերցողների ակտիվությունը։ Այն ստանում ենք տարեկան այցելությունների թիվը (Ա) բաժանելով գրանցված ընթերցողների թվին (ԸԹ):

ԳՄՀ = Ա : ԸԹ

Ֆոնդի շրջանառելիություն (ՇՐՋ) կամ ֆոնդի օգտագործման աստիճանը: Սա գրքատացքի միջին թիվն է ֆոնդի միավորի հաշվով: Սա գրադարանի արդյունավետության ցուցանիշն է և կարող է ցույց տալ գրքային ֆոնդի համապատասխանությունը ընթերցողների կարիքներին և հետաքրքրությանը: Ցուցանիշը ստանելու համար անհրաժեշտ է գրադարանի տարեկան տացքը (Տ) բաժանել ֆոնդում եղած գրքերի թվի վրա։

ՇՐՋ = Տ : Ֆ

Համաձայն այս բանաձևերի երկրները նորմատիվ ստանդարտներ են սահմանում յուրաքանչյուր ցուցանիշի համար, որոնք էլ հաշվի առնելով պլանավորվում է գրադարանների գործունեությունը: Օրինակ, ԽՍՀՄ-ում մեկ ընթերցողի միջին ընթերցանությունը քաղաքային բնակավայրերում սահմանված էր 25-27 միավոր, գյուղականում՝ 19-21: Համապատասխան նորմատիվներ էին սահմանված նաև միջին հաճախումների և ֆոնդերի շրջանառության համար:

ԽՍՀՄ փլուզումից հետո մեր երկրում գրադարանային գործունեության համար աշխատանքի նորմատիվներ չեն սահմանվել: ԱՊՀ երկրների համար նման ստանդարտներ են մշակվում Եվրասիայի գրադարանային գագաթաժողով կազմակերպության կողմից: Սակայն համոզված ենք, որ Հայաստանի գրադարանների մի մասը դեռ շարունակում է առաջնորդվել այլևս գոյություն չունեցող երկրի ստանդարտներով: Ժամանակն է, որ պատկան մարմինները ձեռնարկեն ոլորտի կարգավորման համար այս հույժ կարևոր խնդրի մշակմանը:

Ներսես Հայրապետյան