Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Աշխատարան 2021

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գրադարանը` նորարար

ՀՊՏՀ գրադարանը «Նորարար գրադարաններ աշխատաժողով»ի մշտական մասնակիցը լինելով, իր աշխատանքներում որդեգրել է գործելաոճ, որը թելադրում է սույն աշխատաժողովը, այն է` մշտապես լինել ժամանակակից ընթերցողի կողքին, լինել տեղեկացված, տիրապետել նորագույն տեխնոլոգիաներին, հնարավորինս հասանելի դարձնել տեղեկատվական նյութն ու գրականությունը, պահպանել գրադարանային հանրույթի փոխօգնության, նոր ծրագրերով կիսվելու և գրականությունն արժևորելու հիմքերը:

Անդրադառնալով ՀՊՏՀ գրադարանի` վերջին տարիներին ունեցած ձեռքբերումներին, հարկ է նշել նախ այն խնդիրները, որոնք գոյացան անկանխատեսելի իրավիճակներում (քովիդ, պատերազմ), բայց գրադարանավարների ակտիվ և նորարար մոտեցումների շնորհիվ հաղթահարվեցին՝ ծնունդ տալով գրադարանային գործի կառավարման և սպասարկման նոր գործիքների:

Նորարարություն 1 – առցանց շտեմարանների հեղեղ

Առցանց աշխատանքի անցնելու առաջին իսկ օրվանից գրադարանը լայն գործունեություն ծավալեց էլեկտրոնային շտեմարաններ ունեցող բազմաթիվ գործընկերների հետ քննարկելով և գրականությունն ընթերցողի «անձնական էլեկտրոնային կրիչ» հասցնելու աշխատանքում: Գրադարանը հասանելիություն կազմակերպեց մի շարք շտեմարանների, որոնք ևս փորձում էին մեղմելով կարանտինի հետևանքները, ընթերցողին դարձնել առավել ինֆորմացված, առավել բանիմաց և զգալ, որ դժվարին օրերին գրադարաններն էլ սատարում են միմյանց:

Հարկ է նշել, որ վերը նշված ճգնաժամային ժամանակահատվածում գրադարանը մշտապես գործել է հերթապահությամբ, իսկ նոր ընթերցողների գրանցումը կատարվել է առցանց, վիճակագրությունը ներկայացվել է գրադարանի սոցիալական էջերում և կայքում:

ՀՊՏՀ գրադարանի կայքն իր հերթին ընթերցողի համար բացել է հիմնականում «Տնտեսագետ» հրատարակչության հրապարակումները:

Նորարարարություն 2 – Նոր շտեմարան` գրադարանավարի ջանքերով

2020 թ. տարեվերջին գրադարանավարների կողմից ստեղծված «Հոբելյար տնտեսագետներ» պաստառի հրապարակումը սկիզբ դարձավ վաղուց ծրագրված աշխատանքի իրականացման համար. այն է` «Նշանավոր տնտեսագետներ» էլեկտրոնային շտեմարանի մեկնարկը, որը նույնպես ստեղծվել է գրադարանավարի կողմից, առանց արդեն իսկ առկա կաղապարների կիրառման: Շտեմարանն ստեղծվել է HTML, CSS լեզուների կիրառմամբ, որոնց շուրջ ևս գրադարանավարները դասընթացներ են անցել կարանտինային  շրջանում, զուր չկորցնելով ժամանակը:

Շտեմարանը լրացնելու հարցում գրադարանը սոցիալական ցանցերի միջոցով պարբերաբար դիմում է ընթերցողներին, նրանց ևս մասնակից դարձնելով աշխատանքին: Ուրախությամբ պետք է նշենք, որ գրադարանի այս նախաձեռնությանը պարբերաբար արձագանքում է Նորարարության և ձեռներեցության կենտրոն պոակը, առաջարկելով հոդվածների և գրքերի շուրջ տեղեկատվություն` իր շտեմարաններից:

Նշված այս շտեմարանի նպատակներից է նաև վեր հանել և ավելի արժևորել այն հայ տնտեսագետների աշխատանքը, ովքեր իրենց գործունեությունը ծավալել են հայրենի հողից դուրս, միևնույն ժամանակ բարձր պահելով հայ գիտնականին արժանի անունը:

Նորարարություն 3 — գրադարանի 24/7 հասանելիություն

Նորարար գործունեությունը ներկայում անհնար է առանձնացնել սոցիալական էջերում գրադարանի ծավալած աշխատանքից, ինչն ընթանում է ամեն օր, առանց նույնիսկ, ժամերի սահմանափակման, քանի որ ֆորմատն այդպես թույլ է տալիս: Իսկ ընթերցողին մշտապես գոհացնում է, երբ իր հարցի պատասխանն ստանում է անմիջապես, օրվա ցանկացած ժամի, ինչը նույնպես նորարարություն է:

Նորարարություն 4 – սոցիալական էջերի ակտիվության խթանում` գիրքն ու գրադարանն արժևորելու դրսևորմամբ

Քննարկելով սոցիալական էջերում գրադարանի ծավալած գործունեությունը, հարկ է նշել, որ երեք` facebook, twitter, instagram էջերից առավել ակտիվ է ֆեյսբուքյան էջը, ինչը երևում է հրապարակումներին արձագանքելու, հարցերի տարափը վերլուծելու տեսանկյունից: Սրան, կարծես, օժանդակում է նաև այն, որ գրադարանի կայքում զետեղված` ընթերցողի հետ երկխոսության դաշտը, ինչը նույնպես Նորարար գրադարանների աշխատաժողովում իմացած հմտությունների արդյունք է, տանում է դեպի ֆեյսբուքյան էջ: Ի դեպ, հարցումների առավելագույն քանակը լինում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, քանի որ տվյալ ժամանակահատվածում բուհն ունենում է նոր ուսանողներ: Ի դեպ, կարանտինային շրջանում ընթերցողները գրադարանի իրենց ծածկանունն ու գաղտնաբառն ստացել են առցանց` գրադարանավարին ուղարկելով անհրաժեշտ տվյալները:

Նորարարություն 5Zoom — քննարկում

Որպես քննարկման հարթակ կիրառելով zoom գործիքը, գրադարանը պարբերաբար միանում է գործընկերների հետ, սպասարկման որակի բարձրացմանն ուղղված նոր մշակումների միտումով: Շատ արդյունավետ էր Ամերիկյան համալսարանի ՀԲԸՄ Փափազյան գրադարանի գրադարանավարների հետ հանդիպումը, ովքեր մեծ պատրաստակամությամբ մեզ ներկայացրին հանրահասանելի շտեմարանների իրենց հավաքածուն:

Նորարարություն 6 – նոր երկխոսություն ընթերցողի հետ

Գրադարանը ժամանակակից ընթերցողի հետ համաքայլ պետք է լինի, ինչի համար վերլուծության է ենթարկվում ընթերցողի հետաքրքրությունների, մասնագիտական, տարիքային շրջանակը, ձևավորվումվերջինիս հետ երկխոսության նոր գործընթաց: ՀՊՏՀ ընթերցողին մատուցվող նյութը հետագայում անհետ չի կորչում, ինչին օժանդակում է հեշթեգ գործիքը, որի օգնությամբ ստեղծվել են մի քանի շարքեր` ապագայում լրացումներ ունենալու միտմամբ: Այս շարքին են դասվում #Գիրք_ամառ_հայրենիքը, երբ ընթերցողը սիրով և իր սիրելի գրքով նկարվում է հայրենի եզերքում, կիսում մեզ հետ իր նկարը, լուսաբանելով թե’ վայրի պատմական նշանակությունը, թե’ իր ընթերցածը, թե’ ամառը Հայաստանում վայելելու կոչը, որը նաև տուրիզմն է խթանում: Նման շարքերի թիվն են դասվում նաև Նոբելյան_մրցանակի_դափնեկիր_տնտեսագետներ շարքը, Տնտեսագետի բառարան շարքը, որը նորովի ներկայացնում է պաստառում բնակվող Ռէկոլիբը, ի դեպ, որի անունը որոշել էինք ընտրել ընթերցողների հետ, և լավագույն առաջարկն ստացանք Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանից. Ռ-ռոբոտ, էկո-տնտեսագիտական, լիբ- գրադարան (library):

Նորարարություն 7 – վիդեոխմբագրումը և ընթերցանության խթանումը

«Այդ ուր առանց տեսանյութի», — կհարցնեք դուք, մտածելով, որ ժամանակակից ընթերցողին նաև տեսանյութերն են գրավում: Իսկ ՀՊՏՀ գրադարանավարներն այս խնդիրն էլ լուծել են սեփական ուժերով: Վերը նշված ճգնաժամային ժամանակահատվածում ստեղծվել է «Ընթերցանության առաջարկների շքերթ», որն իրենից ներկայացնում է անիմացիոն տեսահոլովակների շարք, ուր ընթերցողն առաջարկում է կարդալ այս կամ այն գիրքը: Սա մի երևույթ էր, որը նույնպես սիրվեց մեր ընթերցողների կողմից:

Նորարարություն 8 – Ոչ ստանդարտ մոտեցումներ նյութի ներկայացմանը

Ի դեպ, ընթերցողը սիրում է նաև «Գրադարանը ֆիլմում», «Գիրքն արվեստում» շարքեր, սիրում է նաև անդրադարձներ հանրաճանաչների հոբելյաններին` փոքր-ինչ ոչ ստանդարտ ձևաչափով. ասենք, ոչ թե այսօր ծնվել է գրող Համո Սահյանը, այլ` «…Ինձ բացակա չդնեք… Օրվա հոբելյարը Համո Սահյանն է»: Կամ, ոչ թե «…այսօր Զիգմունդ Ֆրեյդի տարեդարձն է…», այլ` «Տանիքներից կառչած այս մարդուկի ծննդյան օրն է այսօր: (Ո՞վ է նա)» և այլն…

Նորարարություն 9 – բովանդակության լուսաբանումը` ընթերցման խթանում

Նորարարության այս վերնագիրն արդեն իսկ, խոսում է իր մասին: Քանի որ ներկայիս գրադարանային շտեմարանները, որոնցում շատ գադարաններ մուտքագրում են ֆոնդերի իրենց տվյալներն ունեն ընդարձակ հնարավարություն, ապա չափազանց կարևոր է գրքի բովանդակության լուսաբանումը. սա օժանդակում է թե’ ընթերցողին նյութի տրամադրման հարցում օգնելուն, թե’ թեմատիկ բազա ունենալու հարցում: Այն, որ, օրինակ, Մրգավանի նախկին անվանումը «կարճահասակների գյուղ» է նշանակել, գուցե «Հայաստանի Հանրապետության մարզերի զբոսաշրջային երթուղիները: Կոլեկտիվ մենագրություն» գրքի ստանդարտ բովանդակությունից չիմանանք, բայց այն կարելի է մանրակրկիտ բացել, ընդգրկել նաև բանալի բառերում, ինչու չէ նաև նոր գրքերը լուսաբանող հայտարարություններում:

Նորարարություն 10 – պաստառի հրապարակում

Գիրք-շրջազգեստը հագին բալետի նրբիկ պարուհու կերպարը դրոշմվեց ՀՊՏՀ գրադարանի հեղինակած օրացույց-պաստառի վրա, որը խորհրդանշում է թե’ ընթերցանություն, թե’ արվեստ, թե’ ազատություն և, տարին ներկայացնող կենդանակերպի նշաններով օրացույցների կողքին անպայման տարբերվում է ու դեպի իրեն ձգում: Պաստառի թողարկման համար ՀՊՏՀ գրադարանին օժանդակել է նաև Նորարարներից մեր լավ բարեկամ, Լոռու մարզային գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ով սիրով հայերեն օրացույցի կաղապարի մեջ տեղադրեց այս պատկերը: Եթե գրադարանն ունի սեփական թողարկմամբ պաստառ, ապա նա ունի փոքրիկ նվեր` ընթերցողների համար, ինչը ևս կիրառվում է ընթերցողի հետ` գրադարանի աշխատանքներում:

Լինել գրադարանավար, նշանակում է ծառայել ի շահ բանիմաց հասարակության: Հրաշալի է, երբ գրադարանային քո անբասիր աշխատանքը գահատողներ են լինում: 2020 թ.-ին Գրադարանավարի օրվա առթիվ, ինչպես նաև արտակարգ դրության օրերին առցանց հարթակում կատարած արդյունավետ աշխատանքային գործունեության համար մի շարք գրադարաններ և մշակութային հաստատություններ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության պատվոգրով և շնորհակալագրով: Պարգևատրվողների մեջ է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալարանի գիտական գրադարանը: