Ուրբաթ, 6 Դեկտեմբերի, 2024
Հրապարակումներ

ՓՈՔՐ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ

ԱՄՆ Իլինոյս նահանգի Թոլոնո փոքր բնակավայրի քաղաքային գրադարանի գրքային հավաքածուն կազմում է 40,000 միավոր։ Ընթերցողների տրամադրության տակ են առցանց գրացուցակը, ԷԲՍԿՈ ամսագրային շտեմարանը, միջգրադարանային բաժնույթը, այլ ծառայություններ և ռեսուրսներ։ Գրադարանը թողարկում է նոր ստացումների վերաբերյալ մի քանի էլեկտրոնային թողարկումներ, այդ թվում՝ «Նոր գրքեր», «Նոր ֆիլմեր», «Նոր գեղարվեստական գրքեր», «Նոր ոչ գեղարվեստական գրքեր», «Բիզնես նորություններ»։ Օգտվողների տրամադրության տակ կան 7 համակարգիչներ, որոնցից կարելի է օգտվել օրական ոչ ավել քան 2 ժամ։ Գրադարանը բաց է շաբաթվա բոլոր օրերին․ երկուշաբթի-ուրբաթ 8։00-19։00, շաբաթ՝ 10։00-16։00 և կիրակի՝ 12։00-16։00։ Գրքերը, հնչուն գրքերը, երաժշտական խտապնակները, ամսագրերը կարելի է վերցնել 3 շաբաթով ևս 2 շաբաթ երկարացնելու հնարավորությամբ, DVD-ները, բլուռեյ ֆիլմերը, համակարգչային խաղերը՝ 2 շաբաթով ևս 2 շաբաթ երկարացնելու հնարավորությամբ։ Ընթերցողները գրադարանից վերցված գրականությունը կարող են վերադարձնել ոչ միայն գրադարանում, այլև քաղաքի փոստատանը, քաղաքապետարանում և դպրոցներից մեկի մոտ տեղադրված վերադարձի արկղերի միջոցով։

Ներկայացնում եմ գրադարանի հատակագիծը (https://tolonolibrary.org/ )։ Գրադարանը կառուցվել է 1997 թվականին։ Այն միհարկանի շինություն է, որը մոտ 600 քմ մակերես է զբաղեցնում։ Նախագծի հեղինակը Իլինոյսի Ուրբանա քաղաքից Գերի Օլսենն է, որը հաջողություն վայելող փոքր հանրային գրադարանների կառուցման մեծ փորձ ունի։ Ծանոթանանք գրադարանի հատակագծի հետ։

Տարածքի վերահսկողությունը․ Գրադարանի որևէ աշխատակից տեղեկատու-սպասարկման սեղանի հետևում կանգնելով կարող է հայացքով ընդգրկել ամբողջ գրադարանի տարածքը։ Նա կարող է տեսնել գրադարան ելումուտ անողներին, փոքրերի ընթերցարանը և գրադարակների հատվածները, ծրագրային սենյակը, զուգարանները։ Միակ հատվածը, որը նրա տեսադաշտից դուրս է մեծերի համար նախատեսված ընթերցողական սեղաններն են, որոնք գտնվում են գրադարակների հետևի մասում։

Կողմնորոշումը գրադարանում․ Այցելուները հեշտությամբ են կողմնորոշվում գրադարանում։ Առաջին բանը, որը նրանք տեսնում են տեղեկատու-սպասարկման սեղանն է, որտեղից նրանք կարող են անհրաժեշտ խորհուրդներ և ցուցումներ ստանալ։ Մանուկների և մեծերի սպասարկման ենթաբաժինները իրարից անջատված են և գտնվում են տեղեկատու-սպասարկման սեղանի աջ և ձախ կողմերում։ Ինչպես գրադարանավարների, այնպես էլ օգտվողների համար բաց և տեսանելի են գրադարանի բոլոր հատվածները և ծառայությունները և դրանք փնտրելու կարիք բոլորովին չկա։

Ժողովասենյակից օգտվելը աշխատանքային ժամերից հետո․ Գրադարանն այնպես է նախագծված, որ ժողովասենյակից կարելի է օգտվել նաև աշխատանքային ժամերից հետո, երբ գրադարանի մնացած ծառայությունները փակ են։ Մարդիկ, որոնք հանդիպում են անցկացնում ժողովասենյակում, կարող են օգտվել գրադարանի զուգարաններից, որոնք նույնպես գրադարանի հիմնական տարածքից դուրս են։

Լուռ ընթերցանության տարածք․ Գրադարանը պետք է հեռու պահել կրակից, ջրից և շրջապատի աղմուկից (աղմուկի թույլատրված սահմանաչափը 40 դեցիբել է)։ Մեծերի ընթերցասրահը տեղավորելով գրադարանի անկյուններից մեկում, հնարավոր չափով այն հեռու է պահված մանկական հատվածի ընթերցողական աղմուկից և աշխույժից։ Այն գտնվում է գրադարանի հյուսիսային կողմում, որտեղ ցերեկային լույսը ավելի համաչափ և մեղմ է, բացի այդ պատուհաններից գեղեցիկ տեսարան է բացվում քաղաքի կենտրոնական փողոցի վրա։

Հատակագիծը «կարդալու» բանալի

  1. Գրադարակներ (213,5 սմ)
  2. Տեղեկատու գրականության դարակ (213,5 սմ)
  3. Աուդիո-վիդեո հավաքածու (76,2 սմ)
  4. Մշակման մեջ գտնվող գրքեր (213,5 սմ)
  5. Աուդիո-վիդեո հավաքածու (213,5 սմ)
  6. Գրադարակներ (152,4 սմ)
  7. Գրադարակներ (101,5 սմ)
  8. Գրադարակներ (213,5 սմ)
  9. Ուղղահայաց ֆայլերի պահարան
  10. Փափուկ կազմով գրքերի աշտարակ
  11. Ամսագրերի դարակ
  12. Պատին ամրացված բրոշյուրների ցուցապահարան
  13. Ընթերցողական սեղան 4 աթոռով
  14. Համակարգչային սեղան
  15. Ցուցապահարան
  16. Թեքասեղան 8 աթոռով
  17. Հավաքովի դարակաշար (modular shelving)
  18. Ընթերցողական սեղան 4 աթոռով
  19. Սպասարկման սեղան (106 սմ)
  20. Սպասարկման սեղան (76 սմ)
  21. Գրքարկղ (վերադարձի սեղանի մոտ)
  22. Պատճենահան
  23. Ընթերցողական աթոռ (մեծերի համար)
  24. Բազմոց ընթերցողների համար
  25. Սուրճի սեղան
  26. Եզրային սեղան
  27. Ճոճաթոռ
  28. Մետաղյա պահարան
  29. Աշխատանքային մակերես
  30. Լվացարան
  31. Ցայտաղբյուր
  32. Հայտարարությունների տախտակ
  33. Ցուցապահարան
  34. Հեռախոսախցիկ
  35. Հատակի լվացվող մակերեսով տարածք
  36. Տեսալսողական միավորների վերադարձի արկղ
  37. Փոքր խոհանոց
  38. Բազմաստիճան ընթերցողական հորինվածք
  39. Շոշափելի ցուցադրման տախտակ
  40. Կախիչներ վերնահագուստի համար
  41. Ծառայողական լվացարան
  42. Երեխաների տակաշորերը փոխելու սեղան
  43. Գրադարանի անկյունաքարը՝ հիմնադրման օրվա և ճարտարապետի անվան նշումով
  44. Անվտանգության համակարգ
  45. Վերադարձի գրքարկղ