Ընթերցանության ծրագիր Նիլ Գեյմանի «Քորլայն» վիպակը
Նիլ Գեյմանի «Քորլայն»-ը (2002թ.) ֆենթզի ժանրի վիպակ է, որը դասական հեքիաթների (օրինակ՝ «Ալիսան հրաշքների աշխարհում») մռայլ վերաիմաստավորումն է։ Այն պատմում է ինքնուրույն և հետաքրքրասեր աղջկա մասին, որն իրենց հին տան մեջ զուգահեռ աշխարհ տանող դուռ է հայտնաբերում՝ լի սարսափազդու ուրվական ոգիներով:
Գրքի համառոտ սյուժեն
Նիլ Գեյմանը անգլիացի գրող է, բազմաթիվ վեպերի, պատմվածքների, կոմիքսների, թատերական պիեսների և ֆիլմերի սցենարների հեղինակ։ Գեյմանը առաջին հեղինակն է, որը ստացել է ամերիկյան Նյուբերիի և Քարնեգիի մեդալները միևնույն՝ «Գերեզմանի գիրքը» (2008) մանկական վեպի համար, որը նա գրել է Ռեդյարդ Քիփլինգի «Ջունգլիների գիրք» ստեղծագործության ազդեցությամբ։
Նիլ Գեյմանի «Քորլայնը» մռայլ հեքիաթ է, որտեղ իրականությունը սահուն կերպով վերածվում է սարսափելի մղձավանջի: Հեղինակը օգտագործում է պարզ, գրեթե մինիմալիստական ոճ՝ կարճ նախադասություններով և հակիրճ նկարագրություններով, որոնք ստեղծում են երկարատև, սարսափի մթնոլորտ՝ առանց ավելորդ արյունալի մանրամասների:
Սա մի 11-ամյա աղջկա պատմություն է, որը ծնողների հետ տեղափոխվում է հին տուն։ Այստեղ նա մի խորհրդավոր դուռ է հայտնաբերում, որը նրան տանում է դեպի զուգահեռ աշխարհ։ Այնկողմնային աշխարհում բոլորը կոճակաձև աչքեր ունեն։ Այս աշխարհը գրավիչ է թվում, բայց պարզվում է, որ այն մղձավանջային վայր է, որտեղ նրան վտանգ է սպասում։
Վիպակում բարձրացված հիմնական հարցերից մեկը ծնողների և երեխաների միջև հարաբերություններն են։ Քորլայնը իրեն անտեսված է զգում իր ծնողների կողմից, ովքեր զբաղված են իրենց աշխատանքով և քիչ ուշադրություն են դարձնում իր կարիքներին։
Այս հուզիչ պատմության հեղինակ Նիլ Գեյմանը հայտնի է իր յուրօրինակ ոճով և երևակայական աշխարհների ստեղծման վարպետությամբ: Գեյմանը, որն ինքն էլ հայր է, հասկանում և կարևորում է ծնողների և երեխաների միջև հարաբերությունների կարևորությունը, և իր հեքիաթային աշխարհի միջոցով նա փոխանցում է այս փոխազդեցության ընթացքում առաջացող բարդությունները: Նրա աշխատանքը թույլ է տալիս ընթերցողներին մտորել աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռության, ինչպես նաև երեխաների խնամքի և նրանց անկախության կարևորության մասին:
Ներածական զրույց
Վիպակի հիմնական գաղափարները և խորհրդանիշները.
Իսկական և կեղծ ընտանիք. «Ուրիշ մայրը» փորձում է գրավել Քորլայնին՝ տալով նրան կատարյալ թվացող կյանք, սակայն այդ հոգատարությունը թակարդ է: Քորլայնը հասկանում է, որ իրական սերը կապված է իր թերությունների և պարզ իրականության հետ:
Քաջության սահմանումը. Վիպակի գլխավոր ուղերձն այն չէ, որ վախ չկա, այլ այն, որ քաջությունը վախի առկայությամբ գործելու ունակությունն է: Քորլայնը վախենում է, բայց պայքարում է ծնողներին փրկելու համար:
Աղջիկը դժգոհում էր ձանձրույթից ու ծնողների անուշադրությունից, ինչը նրան տարավ մի աշխարհ, որտեղ սկզբում ամեն ինչ հիանալի էր, բայց շուտով վերածվեց մղձավանջի:
Կողպված դուռը և դարպասները. Խորհրդանշում են մանկության անվտանգության և անհայտի միջև անցումը։ Հայելիների և միջանցքների միջով անցնելը ենթագիտակցություն մտնելու և անկախ ինքնություն զարգացնելու դասական խորհրդանիշ է։
Սպառողականություն և շահագործում. «Ուրիշ ծնողները» փորձում են ջնջել Քորլայնի անհատականությունը (կոճակներ կարելով աչքերի տեղը)՝ նրան դարձնելով իրենց մանիպուլյացիաների զոհը:
Սև կատուն. Քորլայնի գլխավոր ուղեցույցը և ինքնավարության խորհրդանիշն է։ Ի տարբերություն մյուս աշխարհի հնազանդ, տիկնիկանման արարածների, կատուն պահպանում է իր վայրի բնույթը, իմաստությունը և անկախությունը։
Քննարկման հարցեր
Նիլ Գեյմանի «Քորլայն» վիպակի գրադարանային քննարկումը կարող է կառուցվել 60+ րոպեանոց միջոցառման տեսքով։
Միջոցառումը կարելի է սկսել 10 րոպե տևողությամբ ներածական զրույցով։ Իբրև սիզբ մասնակիցներին կարելի է մի այսպիսի հարց ուղղել. «Եթե ձեր տանը խորհրդավոր մի դուռ լիներ, ի՞նչ կցանկանայիք գտնել դրա ետևում»։ Ապա ստացված պատասխանները ամբողջացնելով հարկավոր է ներկայացնել Նիլ Գեյմանի կենսագրությունը և ստեղծագործությունները։ Հակիրճ նշեք, որ վիպակի մութ և մռայլ, կլաուստրաֆոբիկ միջավայրը նկարագրելիս Գեյմանը ոգեշնչվել է իր մանկական տարիներին ապրած տան աղյուսապատ դռան տպավորություններից։
Վիպակի հերոսների վերլուծությանը հատկացրեք մոտ 15 րոպե։
Քննարկե՛ք Քորլայն Ջոնսի անհատականությունը. Ինչպե՞ս են նրա համառությունն ու ուսումնասիրելու, բացահայտելու ցանկությունը առաջ մղում վիպակի սյուժեն:
Համեմատե՛ք Քորլայնի իրական ծնողներին (զբաղված, անուշադիր) մյուս՝ ուրիշ ծնողների հետ (չափազանց ուշադիր, վերահսկող):
Տիկին Սփինք և տիկին Ֆորսիբլ. Երկու ծեր և թմբլիկ կանայք էին, նախկին դերասանուհիներ, որոնք ապրում են ներքևի հարկում մի քանի տերիեր ցեղատեսակի ծեր շների հետ:
Խենթ բեղավոր պապիկ. վերևի հարկի տարօրինակ հարևանը, որը պնդում է, թե մկների կրկես է մարզում:
Վերլուծեք Սև կատվին. Իրական աշխարհի կենդանի, որը կարող է խոսել այնկողմնային աշխարհում։ Նա Քորլայնի գլխավոր դաշնակիցն ու խորհրդատուն է, ցինիկ, բայց հավատարիմ ընկերը։ Քննարկեք նրա դերը որպես աղջկա ուղեցույց:
Կերպարների վերլուծությունից հետո կարող եք թեմատիկ քննարկում կազմակերպել (20 րոպե)։
- Ռեալությունն ընդդեմ պատրանքի. Ինչպե՞ս է «ուրիշ» աշխարհը օգտագործում իմիտացիան (կեղծ սնունդ, կոճակաձև աչքեր, կարված ժպիտներ) մարդկանց թակարդը գցելու համար։
- Քաջություն. Քննարկեք Քորլայնի քաջության սահմանները (օրինակ՝ թեև նա վախենում էր «ուրիշ» աշխարհից, բայց միևնույն է գնաց իր ծնողներին ազատելու)։ Ասվածը հաստատում է հետևյալ պարբերությունը. «Հիմար բաներ մի՛ խոսիր,- ասաց Քորլայնը։ — Ես գնաում եմ նրանց հետևից, որովհետև նրանք իմ ծնողներն են։ Ու եթե նրանք նկատեին, որ ես անհետացել եմ, նրանք էլ նույնը կանեին ինձ համար», էջ 75։
- Խորհրդանիշ. Կոճակաձև աչքեր. Ի՞նչ են դրանք խորհրդանշում տեսողության և անհատականության կորստի առումով։ (Պատասխան՝ Կոճակաձև աչքերը թերևս ուրիշ մոր ամենաբնորոշ արտաքին հատկանիշն են։ Դրանք խորհրդանշում են իրական անհատականության կորուստը, իրականության նկատմամբ «կուրությունը» և մարդկանց տիրանալու կամ ապրանք դարձնելու ցանկությունը)։
- Անցքով քարը. Ինչո՞ւ է այն անհրաժեշտ գործիք ճշմարտությունը տեսնելու համար։ (Իմիջիայլոց,- ասաց նա։ — Խելամիտ ես վարվել, որ հետդ պաշտպանական միջոց ես վերցրել. Եթե քո տեղը լինեի, այն ձեռքիցս բաց չէի թողնի։ էջ 48) (Պատասխան՝ Քորլայնի պաշտպանության թալիսմանն է և իրական «տեսողության» խորհրդանիշ։ Այն թույլ է տալիս Կորալինային տեսնել մյուս աշխարհի կախարդական պատրանքներից այն կողմ և տեսնել ուրվական-երեխաների իրական հոգիները)։
- Վիպակի որևէ հատված արդյոք հիշեցնո՞ւմ է ձեզ կարդացած այլ գրքեր, դիտած ֆիլմեր կամ լսած հեքիաթներ։ Ո՞ր հատվածները։
- Ծնողներն ու տատիկ-պապիկները սերունդներ շարունակ երեխաներին կախարդական հեքիաթներ են պատմել: Ի՞նչ եք կարծում, ծնողները պե՞տք է իրենց երեխաներին նման սարսափելի պատմություններ պատմեն: Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ:
Եզրափակում և խորհրդածություն (10 րոպե)
Միջոցառման ավարտական մասում քննարկեք, թե ինչպե՞ս է փոխվում Քորլայնի տեսակետը իր սովորական կյանքի վերաբերյալ վեպի վերջում։