Յուրի Օլեշա «Երեք հաստլիկները»
Ռուս գրող Յուրի Օլեշայի (1899–1960) գրական ժառանգությունը մեծ չէ։ Նրա գլխավոր և ամենահայտնի ստեղծագործությունները ներառում են «Երեք հաստլիկները» (1928) վիպակ-հեքիաթը և «Նախանձ» (1927) հոգեբանական վեպը։
Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» հեքիաթին նվիրված գրքային ցուցահանդեսը տպավորիչ միջոց է ընթերցողներին կրկեսի, հեղափոխության և բարեկամության մթնոլորտում ներգրավելու համար: Օլեշայի հեքիաթը երկու հայերեն թարգմանություն ունի։ Նախ այն լույս է տեսել 1962 թվականին Հայպետհրատի կողմից հայ գրող Մկրտիչ Արմենի թարգմանությամբ, ապա «Սովետական գրող» հրատարակչության կողմից 1977 թվականին Արմեն Հովհաննիսյանի թարգմանությամբ։ 2015 թվականին «Անտարես» հրատարակչությունը Պատանեկան գրադարան մատենաշարով տպագրել է «Երեք հաստլիկները» Մկրտիչ Արմենի թարգմանությամբ։
Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» հեքիաթի քննարկման համար ձեզ հարկավոր կլինի ունենալ գրողի լուսանկարը, գրքի երեք հայերեն հրատարակությունները, ինչպես նաև ռուսերեն հրատարակությունները։ Կարելի է դպրոցական երեխաներին հանձնարարել գրքի ընթերցանությունից ունեցած տպավորություններով նկարազարդումներ պատրաստել՝ ագահ, որկրամոլ բռնակալների շքեղ պալատն ընդդեմ ապստամբ կրկեսային դերասանների գունագեղ աշխարհի։
Կարող եք գրքից քաղվածքներ դուրս բերել, տպագրել և օգտագործել ձեր ցուցադրության մեջ։ Ինչպես, օրինակ, սրանք.
Ինչպե՞ս աստղերին հասնել,
Աղվեսի պոչից բռնել,
Շոգի դարձնել ամեն քար՝
Գիտե դոկտորը մեր Գասպար։
Ինչպես ցորենի պարկեր լիք-լիք,
Տե՛ս, վառվել են Երեք Հաստլիկ,
Մտածում են ամբողջ օրը՝
Ոնց հաստացնեն իրենց փորը։
Հե՛յ, Հաստլիկներ, անբան, չնչին,
Հասել է ձեր օրը վերջին։
Գրքի էկրանավորումները
Երեխաները պատմեք, որ Յուրի Օլեշայի գրքի հիման վրա բեմադրվել են պիեսներ, բալետ և անգամ օպերա։ Գիրքը մի քանի էկրանավորում է ունեցել, այդ թվում՝ «Երեք հաստլիկները», մուլտֆիլմ (1963), «Երեք հաստլիկները», Ալեքսեյ Բատալովի ֆիլմը (1963), «Երեք հաստլիկները», հունգարացի ռեժիսոր Միկլոշ Չանիի ֆիլմը։
Ներածական զրույց
Ռուս գրող Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» հայտնի ֆանտաստիկ հեքիաթ-վիպակ է սոցիալական անարդարության, ընկերության և հեղափոխության մասին։ Այն պատմում է դաժան կառավարիչների՝ Հաստլիկների դեմ ըմբոստացած աղքատ ժողովրդի և քաջ պայքարողների մասին։ Յուրի Օլեշան գիրքը գրել է 1924-ին, որն առաջին անգամ լույս է տեսել 1928-ին.
Հեքիաթը տեղի է ունենում մի երևակայական երկրում, որտեղ իշխում են երեք բռնակալ հաստլիկները։ Երեք հաստլիկները, երեք օլիգարխներ են, որոնք զավթել են ամենակարևոր ռեսուրսների մենաշնորհը. Առաջին հաստլիկը մենաշնորհել է հացի արտադրությունը, երկրորդը՝ տիրապետում է բոլոր ածխի հանքավայրերին և ածխի արդյունաբերությանը, երրորդ հաստլիկը մենաշնորհել է երկաթի արդյունահանումը և ծանր մետալուրգիան: Ժողովրդի ապստամբությունը ճնշվում է, իսկ հեղափոխական շարժման առաջնորդ Պրոսպերոն բանտարկվում։ Այդ ընթացքում հայտնի ճարտարապետ Տուբը պատրաստում է երկաթե ժառանգորդի՝ փոքրիկ արքայազն Տութթիի կրկնօրինակ տիկնիկը։ Տիկնիկի սիրտը սովորական մեխանիզմ է, որը դոկտոր Գասպարը պետք է վերանորոգի։ Սակայն պալատ տեղափոխման ճանապարհին տիկնիկը կորչում է։ Դոկտոր Գասպարը փորձում է գտնել այն՝ ներքաշվելով իրադարձությունների մեջ, մինչ փոքրիկ մարմնամարզուհի Սուոկը, կատարելով ընկերների հանձնարարությունը, գաղտնի մտնում է Հաստլիկների պալատ՝ Պրոսպերոյին ազատելու համար։
Սա հեքիաթի համառոտ սյուժեն է։ «Երեք հաստլիկները» Խորհրդային Միությունում ամենաշատ տպագրված, ամենից շատ մրցանակներ ստացած գրքերից էր: Գրողն իր ընդհանրացնող տաղանդի շնորհիվ կարողացել է ստեղծել հասարակության եւ բռնապետի այնպիսի կերպարներ, որոնք հավերժական են: Գրքի գլխավոր հերոսները՝ փոքրիկ մարմնամարզուհի Սուոկը, ապստամբների ղեկավար ճարտարապետ Տուբը և զինագործ Պրոսպերոն, բժիշկ Գասպար Առներին, մարզիկ Թիբուլը, ժառանգորդ արքայազն Տուտին և անգամ երեք հաստլիկները պատանի ընթերցողներին միանգամայն կենդանի և իրական են թվում։
Ընթերցանություն
Որպես տարբերակ առաջարկում ենք կարդալ գրքից մի քանի հատված։ Պետք է սկսել կարդալ «Դոկտոր Գասպար Արներիի անհանգիստ օրը» վերնագրված առաջին գլուխը, արտեղ ներկայացվում են կոնֆլիկտի հիմնական կողմերը և ձերբակալում Պրոսպերոյին։ Ապա «Փոքրիկ դերասանուհու դժվար դերը» 8-րդ գլուխը. Եվ վերջում «Հաղթանակ» խորագրով 13-րդ գլուխը։
Քննարկում
- Ինչի՞ խորհրդանիշն են Երեք Հաստլիկները: Ինչպե՞ս է հեղինակը նկարագրում նրանց արտաքինն ու կենսակերպը՝ ընդգծելու նրանց ագահությունն ու անտարբերությունը հասարակ մարդկանց նկատմամբ:
- Ինչպիսի՞ն է կյանքը հեքիաթային քաղաքում․ ինչպե՞ս են ապրում հարուստներն ու աղքատները (օրինակ՝ զվարճանքի պուրակի աշխատավորները և ժողովուրդը):
- Ինչպե՞ս է փոքրիկ, աղքատ աղջնակը՝ Սուոկը, փոխում իրավիճակը և դառնում հիմնական փրկարարը: Ի՞նչ է սովորեցնում մեզ նրա քաջությունը:
- Վեպում փոքրիկ Սուոկի անձնազոհությունը փրկում է հերոսներին ու ժողովրդին։ Ձեր շրջապատում գիտե՞ք մեկին, որը կարող է հանուն արդարության ապստամբություն բարձրացնել.
- Կարող եք ասել, թե 1963 թվականին նկարահանված համանուն ֆիլմում ո՞վ է խաղացել գլխավոր դերերից մեկը՝ մարմնամարզիկ Տիբուլի դերը։
ա) ֆիլմի օպերատորը բ) ֆիլմի ռեժիսորը գ) Յուրի Նիկուլինը
- Արդյո՞ք սա զուտ հեքիաթ է՝ հնարավորինս լավ ավարտով, թե՞ իրական հասարակական-քաղաքական վիպակ՝ ըմբոստության և հեղափոխության շնչով:
- Ո՞րն է հեքիաթի գլխավոր իմաստը. ի՞նչ է ուզում փոխանցել հեղինակը այս պատմության միջոցով։
Կազմեց՝ Ներսես Հայրապետյան