Հինգշաբթի, 14 Մայիսի, 2026
Հրապարակումներ

Ընթերցանության մարաթոն 2026

Հայաստանի ազգային գրադարանի կողմից ապրիլի 15-ին նախաձեռնված Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ» ընթերցանության մարաթոնի առթիվ հրապարակում ենք անվանի գրողի, հրապարակախոսի գրքերից քաղված մեջբերումների մի ընտրանի։ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների մեջբերումները հիմնականում կյանքի իմաստի, սիրո, մարդկային հարաբերությունների, ճշմարտության, արվեստի և ապրած ու չապրած տարիների մասին են։ Դրանք աչքի են ընկնում խորիմաստությամբ, ռեալիզմով և սոցիալական ու հոգեբանական նուրբ դիտարկումներով։

Վարդգես Պետրոսյան, «Հայկական էսքիզներ», Գիրք առաջին

  • « Օ՜, իմ ժողովուրդ, դու հավաքական Նարեկացի, գուցե արդա՞ր էր, որ դու՛, հենց դու և միա՛յն դու պատասխան տայիր աշխարհի մեծ ու փոքր մեղքերի համար և հենց քո ձայնը չլսեր աշխարհը, թեպետ դու աղաղակել ես հենց նրա բառերով: Օ՜, իմ ժողովուրդ, դու հանճարեղ ձախողակ: Պատմություն կոչվող դպրոցի դու միամիտ աշակերտ: Որքան ենք մեր ձախողումների պատճառը դրսում որոնել, երբ պատճառը հաճախ միայն մենք ենք եղել, միայն մենք, մեր բաժան-բաժանությունը, անխելք-հերոսությունը, խելոք-եսամոլությունը…Եվ հաճախ ինչպես ենք ատել ինքներս մեզ: Հավաքական ժողովուրդը սիրել ենք, փոխադարձաբար ատել միմյանց: Ամեն հայ պիտի մի ուրիշ հայ ունենա, որին թշնամի պիտի լինի մինչև իր կյանքի վերջը:»
  • «Ես նստած եմ Կոմիտասի գերեզմանի մոտ: Ծաղիկ չեմ բերել: Ուզում եմ պատմել նրան այս օրերի իմ զգացածը, բայց վախենում եմ, որ նա նորից խելագարվի, նորից: Արձանները չեն խելագարվում: Չեն ծերանում, նաև չեն զգում ոչ ատելություն, ոչ սեր: Եվ, այնուամենայնիվ, մարդիկ են երջանիկ, և ոչ արձանները: Եվ մարդիկ են դժբախտ: Օգնիր ինձ, Կոմիտաս, հասկանալու ոչ թե աշխարհը, այլ ինքս ինձ, իմ ժողովրդին»:
  • «Անգրագետ եմ, բայց հայրենասեր եմ…

Պղծում եմ հազարամյա քարերը, բայց հայրենասեր եմ…

Միշտ չէ, որ ազնիվ եմ, բայց հայրենասեր եմ…

Փախչում եմ իմ պապերի հողից, բայց հայրենասեր եմ…

Բավական է: Բավական է հայրենասիրությունը վաճառել իբրև իջեցված գնով ապրանք, զարդարվել նվիրական բառերի զանգուլակներով, «սրտառուչ» բաժակաճառեր ասել…»:

  • «Զանգեզուրի գյուղերից մեկում մեռնում էր ծեր մի կին: Մահից առաջ նա տարօրինակ խնդրանք արեց ազգականներին. իրեն թաղել ոչ թե ամուսնու կողքին, որ մեռել էր քառասուն տարի առաջ, և որի հիշատակին ինքը հավատարիմ էր մնացել բոլոր այդ քառասուն տարիներին… «Նա ջահել տղա է,- մահից առաջ ասաց ծեր կինը,- ինչո՞ւ նա ութսուն տարեկան պառավիս կողքին մնա միշտ, մեղք է…»:

Եվ նրան թաղեցին այդպիսի հավատարմությամբ սիրված ամուսնու գերեզմանից շատ հեռու»:

  • «Ես ձեզ չեմ ասում` վերադարձեք, ով գնացել է, չեմ ասում նաև` մի գնացեք, ով դիմել է, ես ասում եմ ` մտածեք ձեր զավակների մասին, որոնք օտարության մեջ, մի օր ձեր երեսին կշպրտեն միամիտ ու ողբերգական մի հարց.

-Որտե՞ղ է մեր տունը»:

  • «Աշխարհում պարզապես ոչ մի երեխա պիտի ոտաբոբիկ չլինի: Այդ մեզ անձայն կտակել են գաղթի ճանապարհին հոգնած, արյունլվա ոտքերով մեր պապերը և պապերի պապերը»:
  • «…Շատ ենք սենտիմենտալ մենք՝ հայերս, բոլոր թռչունների, ծառերի մեջ անգամ իմաստ ենք դնում, ուզում ենք թռչուններին անգամ հասկանալ, երբ իրար չենք հասկանում։ Ուզում ենք այն, ինչ անհնար է, հետո սկսում ողբալ, որ անհնար է անհնարինը»։
  • «Պատմությունը գրատախտակ չէ, որ դուր չեկածդ նախադասությունը ջնջես»։
  • «Աշխարհում ոչ-մի բան առաջին անգամ չեն ասել։ Մարդիկ պարզապես առաջին անգամ են լսում»։
  • «Հյուրանոցում անցավ կյանքս, որովհետև օտար երկիրը միշտ էլ հյուրանոց է՝ լավ կամ վատ, ի՞նչ նշանակություն ունի։ Իսկ ապրելու համար մարդուն տուն է հարկավոր, ես ուշ հասկացա»։
  • «Հիշելու ընդունակությունը տրված է նաև մոռանալու համար»։
  • «Ես սիրում եմ աշխարհի ճանապարհները, որովհետև վերջին հաշվով նրանք ինձ հայրենիք են բերում, բայց առանց հայրենական մի քանի հարյուր կիլոմետրի ինձ ոչ-մի տեղ չեն տանի աշխարհի միլիոնավոր կիլոմետրերը»։
  • «…Հայրենիքն այն է, որ ուրիշին պատմել չի լինի, որ հայրենիքի օդը թթվածնի, ազոտի և ածխաթթվի պարզ միացություն չէ, որ հայրենիքի ծառը պարզապես կանաչ չէ։

Բայց գուցե հայրենի՞քը կների, ասում են՝ հայրենիքը մայր է, ներում է։ Ես վանում եմ այդ միտքը. սու՛տ է, հայրենիքը չի ներում երբեք, այդ մարդիկ է, որ պիտի ներեն իրենց Հայրենիքին, եթե ինչ-որ բան կա ներելու։ Մարդիկ, մենք ամենքս ապրում ենք հազիվ մի քանի տասնամյակ և ժամանակ չենք ունենա Հայրենիքի ներմանն սպասելու, իսկ Հայրենիքը հավիտենական է»։

Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ» գիրք երկրորդ

  • Հին զրույցն է հաստատում. Զվարթնոցի տաճարի գմբեթը կանգնած էր երեսունվեց սյուների վրա: Տաճարը վեհատեսիլ էր ու թվում էր, թե ոչինչ երբեք չի սասանի այդ վեհությունը՝ ո՛չ երկրաշարժը, ո՛չ քամին, ո՛չ ոսոխը: Բայց մի օր երեսունվեց սյուներից յուրաքանչյուրը մտածեց. իսկ ինչ է, մնացած երեսունհինգ սյուները բավական չե՞ն գմբեթը պահելու համար, հո մենակ ինքը չէ…. Եվ այդպես փլվեց Զվարթնոցի աստվածային գմբեթը, որովհետև այդպես մտածեցին բոլոր երեսունվեց սյուներն առանձին-առանձին և իրենց ուսերը հանեցին գմբեթի տակից…
  • Անապատները նախկին լեռներն են: Լեռները կանգնած էին հպարտ ու ինքնավստահ, բայց մի օր լեռան ապարները եսամոլ ու ինքավստահ դարձան. ամեն մեկը մտածեց` իսկ ինքը չի՞ կարող ապրել առանձին, ինքնուրույն և ոչ թե իբրև մեծ լեռան աննշան մի մասնիկ, ինչու՞ չի կարող…. Եվ ճեղքեր առաջացան լեռան մեջ, խարխլվեցին հիմքերը, հետո ապարները կամաց-կամաց փոշիացան, գագաթը փլվեց….և քամին հավասարեցրեց ավազը…
  • Հայրենիք… Առանց քեզ սիրելու անհնար է աշխարհը սիրել և քեզ կորցնելուց հետո, իսկապես, այլևս ոչինչ չի մնա կորցնելու… Ուրեմն, մի հարցնի, թե որտեղ պիտի հանգիստ առնի մարմինդ մահից հետո… Երևի Հայրենիքն հենց այն է, որ կորցնելուց հետո, ինչպես բանաստեղծն է ասում, այլևս ոչինչ չես ունենա կորցնելու: Եվ կրկնեք բանաստեղծին, երևի հայրենիքը հենց այն է, որ անհնար է հասկանալ խելքով, չափել մետրերով, որին կարելի է և պետք է հավատալ միայն…
  • Ինչու, ինչու՞ եմ մտածում իմ ժողովրդի մեծերի բախտի մասին: Ինչպես ենք մենք սկսում սիրել, երբ նրանք արդեն…. Չկան: Հուշեր ենք պատմում, օ՜, ինչ հուշեր ենք պատմում, երբ որ արդեն…չկան: Եվ արձաններ ենք դնում, երբ որ արդեն չկան, որովհետև….չկան: Սիրենք նրանց մտերմության վրա, ներենք նրանց անկումներն ու նրանց արձաններն ունենանք, առնվազն մեր մեջ նաև այն ժամանակ, երբ դեռ մեր կողքին են և ապրում ու տառապում են….մենակ…
  • Կամուրջներ չկառուցենք ցամաքած գետերի վրա և չքանդենք կենդանի գետերի ափերը միացնող կամուրջները: Ամենապինդ կամուրջը, որ ավերակ-գետի վրա է, մեռած է, և կարող է մեռնել կենդանի գետը, եթե կամուրջներ չունենա…
  • Սիրահարվել` նշանակում է պահանջել, ստանալ մյուսից: Իսկ սիրել` նշանակում է տալ:
  • Աշխարհում ամեն բան չէ, որ կորցնելուց հետո կարելի է գտնել…
  • Օ՜, այդ ձրի հայրենասերները…Նրանց համար Հայրենիքը Արարատների գունավոր լուսանկարն է` փակցրած հյուրասենյակի պատին, հայկական ճաշարանն է` շիշ- քյաբաբով, կծու-թթու-մռու ուտելիքներով…
  • Մենք հայերս իրար արագ ենք տարբերում. ինչ-որ անըմբռնելի մագնիս կա մեր պահվածքի մեջ, ձգտում ենք իրար…
  • Լավություն անելու համար էլ մարդ բախտ պիտի ունենա…
  • Հիմա չկան տղամարդիկ, որ կնոջ համար կարող են խենթ ու խելառ բան անել…
  • Բառը քարի նման է. եթե իր տեղը չի դրվում, դիմադրում է: Բառը քարից ավելի համառ է: Քարը կարելի է տաշել-տաշտշել, հարմարեցնել, բառը միայն իր տեղն է ուզում: Եվ ինչ բառեր են մեռնում, երբ դրվում են ոչ իրենց տեղում…. Բառը քարի նման է. Բառերից էլ կարելի է տաճար կառուցել, տաճար, որտեղ կմաքրվի ու կվեհանա մարդու հոգին, նաև կարելի է բառը դնել պարսատիկի մեջ և, դիպուկ լինելու դեպքում, բառով մարդ սպանել: Չմոռանաք, որ բառը քարի նման է, մանավանդ, մեր քարաստան-Հայաստանում…

* * * * *

Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ»

  • «Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը: Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ նաև պարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները, խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել, երևի նաև սիրել, ում նա չկարողացավ…»։
  • «Սու՛տ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանի հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները: Ուրիշ ոչինչ»:
  • «Հոգին նույնքան նյութական է, որքան մարմինը, և ինչպես մարմինը՝ երևի նաև հոգնում է նույն դիրքից, նույն զգացումներից, նույն տխրությունից: Հոգին էլ, ինչպես մարմինը, գուցե նաև նստում է, կռանում, թավալվում: Դատարկ բան է, պարզապես մարդը երբեմն կարիք ունի մենակ մնալու ինքն իր հետ, ինքն իր դեմ, ճեղքվելու` ինչպես ատոմի միջուկը»:
  • «Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները»։
  • «Մարդկանց պետք է սիրել կենդանի ժամանակ, զգույշ պետք է լինել: Երբեք չես կարող ասել՝ այն մարդուն, որին այսօր տեսար, կհանդիպես նորի՞ց»:
  • «Ամենակարևոր բաները մեզ չսովորեցրեցին: Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք, հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը… Երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից… Սովորեցինք հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ… Եվ ոչ ոք չսովորեցրեց՝ ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել… արժանապատվությամբ: Թողեցին, որ այդ ամենը սովորենք… ինքնակրթությամբ, ինչպես ասում են: Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտի վրա ստացած վերքերով պիտի սովորենք ամենակարևոր բաները: Իսկ վերքերից սպի է մնում: Բայց սպիով է սիրտը սիրտ, այդ սպիով է, որ սովորական մկանների մի կույտից սիրտը դառնում է մեր ապրած ճակատագրի վկան և մեր ամենավերջին զրուցակիցը»։
  • «Փակեց աչքերը: Բայց մարդ մի՞թե աչքերով է քնում: Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի»:
  • «Մարդը երբեք լրիվ անկեղծ չի լինում նույնիսկ ինքն իր հետ, նույնիսկ ինքն իր մեջ, որովհետև հոգին չի սիրում մենություն, հոգին միշտ զգեստների կարիք ունի»։
  • «Երեսունհինգ-քառասուն տարեկանից հետո հիշողությունը միայնակ կնոջ է նման. հեշտ է դավաճանում»։
  • «Ճարտարապետ լիներ, աշխարհի բոլոր պատերը ապակուց կաներ, որ մարդիկ ապրեին բաց, մերկ, որ չձևանային, չորս պատը պատյան չդարձնեին»։
  • «Մարդ իր կյանքի ամեն օրը պիտի ապրի այնպես, ինչպես եթե դա իր կյանքի վերջին օրն է. պիտի հասցնի սրիկային ասելու, որ նա սրիկա է, պիտի հասցնի ատել, սիրել, հավատալ: Վաղը կարող է ուշ լինել»։

* * * * *

Վարդգես Պետրոսյան «Տատս»

  • «Երկար ապրիր, տա՛տ, աղաչում եմ, չէ՞ որ քանի դու կաս, ես դեռ թոռ եմ, թոռնիկ, ուրեմն, դեռ աշխարհում մի տեղ կա՝ քեզ երեխա զգալու, կարող եմ գալ, գլուխս դնել ծնկներիդ, ու դու ոչինչ չես հարցնի, միայն կշոյես, կգուրգուրես թոռանդ սպիտակող, նոսրացող մազերը»:
  • «Աշխարհում դեռ ոչ ոք չի որոշել, թե մարդու կյանքի քանի՞ տարին է շատ և քանի՞սը քիչ, ու դրա համար՝ ո՞վ ասաց, թե վաղուց ժամանակն էր, որ տատս գնար։ «Մեռնելը պիտի փողով լիներ,-ասել էր ինձ տատս,- որ երբ սիրտդ ուզենա, մահդ առնեիր ու գնայիր»։
  • «Պապերը, ինձ միշտ այդպես է թվացել, մեռնում են ջահել ու հանկարծակի, նախորդ օրը նրանք դեռ գինի են խմում, աղբյուրի մոտ նստած, մեջքներն արևին, զրույց անում, իսկ առավոտյան կողք-կողքի դրված քարերից մեկը մնում է դատարկ և ուրիշ ոչինչ: Պապերը, ուր էլ գնան, առանց զգուշացնելու են գնում`  պատերազմ, պանդխտություն, հանգստարան… Տատերը հալհլվում են անտեսանելիորեն, քարե գուռը լցրած ջրի պես պակասում-պակասում`  կաթիլ-կաթիլ, կաթիլ-կաթիլ… Մեր աչքերը չեն նկատում այդ կաթկթոցը, ու երևի դրա համար մենք չենք պահպանում տատերին, մեզ թվում է, թե նրանք միշտ լինելու են` թթենու պես, խաչքարի պես, առվի ափերը միացնող սալաքարի պես: Մեզ թվում է նրանք են, որ միշտ պիտի աղոթեն մեզ համար, իսկ մենք պարտք չունենք նրանց առաջ»:


* * * * *

Վարդգես Պետրոսյան «Դեղատուն Անի»

  • «Ինձ թվում է, որ մարդուն ստեղծելիս Աստված կնոջը մի կտոր հայելի է տվել, իսկ տղամարդուն՝ մի կտոր խելք և դրա համար էլ արդեն քանի հազարամյակ է մեկն իր դեմքով է զարմացած, մյուսն իր խելքով»։


* * * * *

Վարդգես Պետրոսյան «Վերջին ուսուցիչը»

  • «Ով սիրում է, նա սիրո դեսպանն է դառնում, սիրո զավակը: Աշխարհին հարկավոր են միայն սիրուց ծնված զավակներ: Չար մարդիկ հաշվով կատարված ամուսնություններից են»:
  • «Գրադարանը գրքերի պահեստ չէ, այլ կարդացվող, մշակվող, ձեռքից ձեռք անցնող գրքերի տուն»:

* * * * *

Վարդգես Պետրոսյան, «Կրակե շապիկ»

  • «Նարեկացին դարի մեղքերի համար իրեն էր խաչի հանում, մենք մեր մեղքերի համար…դարին»։
  • «Որևէ հայ և թուրք երբեք չեն կարող միայն երկուսով լինել, նրանց արանքում միշտ պիտի գա, նստի երրորդը՝ պատմությունը»։
  • «Ամեն սեր, ամեն ցավ կրակե շապիկ է, և ներսից, թաքուն պիտի այրի, ու ոչ ոք չպիտի իմանա, թե այրվում ես: Սեր ունես` այրում է, ցավ ունես` այրում է, իսկ եթե այդ այրոցը չկա, դու է, որ չկաս»։
  • «Միայն սերը երևի քիչ է իրար հետ մի կյանք ապրելու համար…Հետո պիտի գար հարազատությունը, չեկավ… Հարազատություն չեղավ, իսկ սերը շոգեքարշ է, որ ընտանիքի գնացքը կարող է տանել հազիվ 1-2 կայարան…»։
  • «Քո ցավն, հայրենիք, կրակե շապիկ է. հագնում  եմ վառում է, հանում եմ մեռնում եմ»։
  • «Մարդը սովորեց տիեզերքը հասկանալ, հասկանալ և նույնիսկ կառավարել, բայց իր ներաշխարհի ճանապարհները ամեն օր է շփոթում, էլ ուր մնաց՝ ինքն իրեն կառավարի»։

* * * * *

Վարդգես Պետրոսյան «Օր և կյանք»

  • Հետո նա կարծես մոռացավ իմ գոյությունը, կավիճով գրված անուն էի, ջնջեց իր գրատախտակից:
  • Գույնզգույն, թղթից սարքած այդ տիկնիկը, որը լիքն է բառերով, բառերով, բառերով… Եթե նրա գլուխը ծորակ ունենար և բացեիր, կհոսեին բառեր, միայն բառեր: Աստվա~ծ իմ, իսկ չէ՞ որ ես նրան սկզբում սիրեցի հենց այդ բառերի համար: Ի՜նչ  սիրուն զրույցներ էինք ունենում, չափելով Երևանը ծայրից ծայր, սրճարանում խելոք բաների մասին խոսելուց հետո ամեն մեկը գնում էր տուն, իսկ հիմա մեր երկուսով է որ տունը տուն պիտի դառնա:
  • Ահագին ժամանակ կլիներ փողոցով այդպես չէի քայլել, միշտ հարկավոր է լինում հևիհև քայլել՝ աշխատանքի, մանկապարտեզ, խանութ, շուկա: Լարովի տիկնիկ եմ, մարտկոցներս արդեն նստել են, նոր մարտկոց չկա:
  • Իսկ ինչո՞ւ ես կուլ տալիս, ներսումս հանկարծ ճչում է մեկը, դու ինքնասիրություն չունե՞ս, դու պա՞տ ես, գրասեղա՞ն ես, թո՞ւղթ ես, որ վրադ ինչ ուզեն գրեն-ջնջեն:
  • Ուսերին դրված ամեն բան չէ, որ գլուխ է, մադամ, բազմոցին փռված ամեն մի փալաս չէ, որ տղամարդ է, պարոն:
  • Ոչ մեկը մյուսին չէր լսում, երևի սրանց համար կարևորը խոսելն է, որ ցուցադրեն իրենց խելքը, գործածեն լսած-կարդացած բառերը:
  • Ամեն հայր երեխայի հպարտությունը պետք է լինի:
  • Ոչ, չեմ հանձնվի, թող սատկեն հուշերի մեղուները, որ իմ կյանքում ոչ թե մեղր են սարքել, այլ թույն: Իմ անցյալը մեռած փեթակ է, ոչ մի կաթիլ մեղր չմնաց, դատարկ փեթակ է:
  • Երբ հավաքում էի գրքերս, տեսա, թե քանի գիրք է ծալած որևէ էջի վրա, թուղթ է դրված մեջը. Սկսել եմ, չեմ վերջացրել, ընտրել եմ, որ կարդամ, չեմ կարդացել: Խորթացած մտերիմների էին նման այդ գրքերը և ինձնից խռոված էին թվում…
  • Ծովը նրանով է ծով, որ երբեմն դուրս է գալիս իր ափերից, նաև ավերվածություններ է անում: Եթե դուրս չգա ափերից, ծովը կարող է և ճահիճ դառնալ կամ վիթխարի մի ջրափոս: Մարդը նրանով է մարդ, որ երբեմն պիտի դուրս գա իր ափերից, պիտի ըմբոստանա իր ճակատագրի դեմ, պիտի ասի բաներ, որ մնացած օրերին խեղդում է իր մեջ, թեպետ հետո պիտի հանդարտվի` ինչպես ծովը, մինչև․․․ մինչև հաջորդ ալեկոծություն։

* * * * *

Վարդգես Պետրոսյան, «Հավասարում բազմաթիվ անհայտներով»

  • «Լեգենդը պատմում է, որ մի զորավար, որ պաշարել էր քաղաքը ու հաղթել, գերեզմանատուն մտնելով զարմանում է. շիրմաքարերին գրված են հանգուցյալների անունները, բայց նրանց մեծ մասը, ըստ փորագրվածի, ապրել է ընդամենը հինգ-վեց օր: Ծեր գերեզմանապահը բացատրում է, որ երբ մարդը մեռնում է, քաղաքի իմաստուն ծերերը հավաքվում-քննում են այդ մարդու ապրած կյանքը: «Քաջությունը, խելքը, հարստությունը, որևէ արժեք չունեն,- ասում է գերեզմանապահը,- եթե դրանք մարդկանց չեն ծառայել: Այն օրերը, որ մարդ միայն իր համար է ապրել, ոչ մի արժեք չունեն, հաշվվում են միայն այն օրերը, որ ծախսվել են բարի գործերի համար, իսկապես միայն նա է ապրում, ով ապրում է ուրիշների համար»: Եվ գերեզմանապահը ցույց է տալիս մի շիրիմ. «Այստեղ թաղված է մի իմաստուն,- ասում է նա,- այդ իմաստունը բանաստեղծ էր, երգիչ, և նրա բառերը, և երգը մխիթարում էին քաջերի ոգին, սարսափ էին տարածում բռնակալների վրա: Նա մեր մարգարեն էր, որ մեզ մղում էր արդար կյանքի: Եվ քաղաքի իմաստուն ծերերը նրա կյանքի բոլոր օրերը, անխտիր բոլոր օրերը` ապրած համարեցին, համարեցին, որ ոչ մի օր իզուր չի ծախսել»…

* * * * *

Վարդգես Պետրոսյան «Վերջին գիշերը»

  • «Եթե մտերիմ մարդկանցից մեկը չի պատասխանում, սկսում է չվիճել մյուսի հետ, նշանակում է նրանք սկսում են բաժանվել»:
  • «Վշտի պահերին տղամարդիկ հարբում են, իսկ կանա՞յք… — Կանայք ծերանում են…»
  • «Ես նայում եմ հանդարտ հոսող ջրերին, որ հիշողություն չունեն, ինչու՞ չունեն, զայրանում եմ ու հանկարծ մտածում, որ հիշողություն չունեն ավելի շուտ… մարդիկ: Ջրերը շարունակում են իրենց սովոր ճանապարհը, նրանց համար չկա ժամանակ և չկան մարդիկ»:
  • «Ես քնում եմ ավելի շատ, դա կրճատում է այն ժամանակը, երբ ստիպված պետք է լինես մտածել»:
  • «Ամենադժվարն այն հաղթանակն է, որ մարդ ինքն իր դեմ պիտի տանի»:
  • «Բայց հայրենիքը ոչ ավտոմեքենա է, ոչ ամառանոց, ոչ էլ նույնիսկ հարսնացու` որ ընտրես շատերի մեջ»:
  • «Հայաստանը հայության հայրենիքն է, և միայն նրա մեջ է սփյուռքի փրկությունը»:

* * * * *

Վարդգես Պետրոսյան «Կեսգիշերային զրույց»

  • «Երբեմն ես այցի եմ գնում քո գերեզմանին, հայրի՛կ, և գիտե՞ս ինչն է սարսափելին. երբ էլ գնամ, դու միշտ այնտեղ ես, և, որքան էլ օրեր անցնեն, դու չես շարժվելու տեղից, դու մնալու ես նույն ծառի տակ, հորդ հարևանությամբ, վեր չես կենալու, որ թաղես քո խաղողի այգին, որ վաղուց քոնը չէ, բանաստեղծություններ չես կարդալու ինձ համար, մատներդ չեն շարժվելու, որ փաղաքշեն իմ նոսրացած մազերը։ Ես գնում֊գալիս եմ, երբեմն երկրից երկիր, աշխարհամասից աշխարհամաս, իսկ դու միշտ քո ծառի տակ ես, անարդար բան է, սոսկալի անարդար…»։

«Իմ ընկերներից մեկը վերջերս ստորություն արեց, և քանդվեց մեզ իրար կապող կամուրջը: Նա այդ կամուրջը պայթեցնելուց առաջ երևի չնայեց անգամ, թե ինչ է պայթեցնում: Իսկ նայել հարկավոր էր. վերջին անգամ պիտի տեսնես այն քարերը, որ շարել ես իրար վրա, միացրել հավատի շաղախով, պիտի վերջին անգամ հավատաս այն երազին, որով կամար ես սարքել: Հավատա ինձ, հայրի՛կ, ես չքանդեցի այդ կամուրջը: Ասում ես հաշտվելու փո՞րձ անեմ: Հաշտվում են թշնամիները, հայրի՛կ, իսկ մենք բարեկամներ ենք, որ մնացինք քանդված կամուրջի տարբեր ափերին: Մեր արանքում մնաց պղտոր մի գետ, և կցամաքի այդ գետն էլ, իսկ ցամաքած գետի վրա մարդիկ այլևս կամուրջ չեն սարքում…»։