Գրական օրացույց — մարտ
Մարտի 2-ին ԱՄՆ Ազգային կրթական ասոցիացիան սիրված մանկագիր Դոկտոր Սյուսի ծննդյան օրը, մեկնարկում է «Կարդանք ամբողջ Ամերիկայում» ծրագիրը: Ազգային կրթական ասոցիացիան ողջ տարվա համար ընթերցանության ռեսուրսներ է տրամադրում ծնողներին, ուսուցիչներին և երեխաներին: Մարտի 2-8-ը շաբաթվա ընթացքում տեղի է ունենում «Կարդացեք էլեկտրոնային գիրք» արշավը՝ էլեկտրոնային գրքերի նկատմամբ հետաքրքրությունը և տարածումը ամբողջ աշխարհում խթանելու համար: Ընթերցողներին խրախուսվում է այս շաբաթվա ընթացքում էլեկտրոնային գրքեր կարդալ և ներբեռնել անվճար:
Մարտի վերջին, դպրոցների գարնանային արձակուրդի օրերին, ավանդաբար անց է կացվում «Մանկական գրքի շաբաթը», որի աշխատանքները համակարգում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Շաբաթվա ընթացքում անցկացվում են նոր գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ, ինչպես նաև մանկա-պատանեկան գրականության ցուցահանդես-վաճառք հրատարակիչների ասոցիացիայի հետ։
📅1 ՀԵՆՐԻԿ ՍԵՎԱՆ (Խաչատրյան) (1 մարտի, 1925 – 8 հոկտեմբերի, 2008) – բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ:
ՌԱԼՖ ՈՒՈԼԴՈ ԷԼԼԻՍՈՆ (1 մարտի, 1914 – 16 ապրիլի, 1994), աֆրոամերիկացի գրող, գրաքննադատ և գրականագետ։ Հայտնի է 1952 թվականին լույս տեսած իր միակ ավարտուն «Անտեսանելի մարդը» վեպով:
📅2 Ամերիկացի պատմաբան, Կորնել համալսարանի պրոֆեսոր Բարրի Շտրաուսի «Կեսարի մահը. պատմության ամենահայտնի սպանության պատմությունը» հրատարակվել է 2015 թվականի մարտի 2-ին՝ Հուլիոս Կեսարի սպանության օրը՝ մ.թ.ա. 44 թվականին: Գիրքը ուսումնասիրում է հայտնի սպանության հետ կապված իրական իրադարձությունները և համեմատում դրանք Ուիլյամ Շեքսպիրի հայտնի պիեսի հետ:
ԹԵՈԴՈՐ ՍՅՈՒՍ ԳԵՅՍԵԼ (2 մարտի, 1904 – 24 սեպտեմբերի, 1991), ամերիկացի մանկագիր, սցենարիստ, մուլտիպլիկատոր և գրքերի նկարազարդող։ Նա հայտնի էր իր մանկական գրքերով, որոնք նա գրել և նկարազարդել է Դոկտոր Սյուս («Dr. Seuss») կեղծանունով։ 46 մանկական գրքի հեղինակ է, որոնցից են՝ «Կանաչ ձվեր և խոզապուխտ», «Գլխարկով կատուն», «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը», «Լորաքսը» և այլն:
ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ (2 մարտի, 1952-), թարգմանիչ, արձակագիր, ռուսերենից և անգլերենից կատարել է ավելի քան 30 գրքի թարգմանություն:
📅3 ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ: Նշվում է 1986 թվականի մարտի 3-ին ՓԵՆ ակումբի (International PEN Club) 48-րդ միջազգային կոնգրեսի որոշմամբ:
ՅՈՒՐԻ ՕԼԵՇԱ (3 մարտի, 1899 – 10 մայիսի, 1960), ռուս խորհրդային գրող։ 1924 թվականին գրել է «Երեք հաստլիկները» (հայերեն հրատարակություն 1935, համանուն կինոնկար՝ 1967) վեպ-հեքիաթը։
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ (3 մարտի, 1964-), բանաստեղծ, հասարակական գործիչ:
📅4 Ալեքսանդր ԲելյաԵՎ (4 մարտի, 1884 — 6 հունվարի, 1942), ռուս գրող, «ռուսական Ժյուլ Վեռն», խորհրդային գրականության գիտա-ֆանտաստիկ ժանրի հիմնադիրներից։ Ալեքսանդր Բելյաևը գրել է ավելի քան 70 գիտա-ֆանտաստիկ ստեղծագործություն (այդ թվում 17 վեպ)։ Բելյաևի ամենահայտնի ստեղծագործություններից է «Երկկենցաղ մարդը» վիպակը։
ԽԱԼԵԴ ՀՈՍԵՅՆԻ (4 մարտի, 1965-), աֆղանական ծագմամբ ամերիկացի գրող։ Հայ ընթերցողին հայտնի է իր «Օդապարուկ թռցնողը», «Եվ արձագանքեցին լեռները», «Հազար չքնաղ արևներ» վեպերով։
📅5 ՊԻԵՌ ՊԱՈԼՈ ՊԱԶՈԼԻՆԻ (5 մարտի, 1922 — 2 նոյեմբերի, 1975), իտալացի բանաստեղծ, արձակագիր, կինոռեժիսոր, սցենարիստ, 20-րդ դարի իտալական մշակույթի կենտրոնական գործիչներից մեկը։
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ (5 մարտի, 1959 – 27 հոկտեմբերի, 1999), Հայաստանի վարչապետ, քաղաքական գործիչ, գրող:
📅6 ՍԻՐԱՆՈ ԴԸ ԲԵՐԺԸՐԱԿ (6 մարտի, 1619 — 28 հուլիսի, 1655), դրամատուրգ, բանաստեղծ, գրող, փիլիսոփա և վիպասան։ Ժամանակակից գիտաֆանտաստիկ ժանրի նախահայրերից մեկը։
ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ (6 մարտի, 1927 – 17 ապրիլի, 2014), կոլումբիացի վիպագիր, կարճ պատմվածքների հեղինակ, սցենարիստ և լրագրող։ Հայ ընթերցողին հայտնի է իր «Հարյուր տարվա մենություն», «Նահապետի աշունը», «Սերը ժանտախտի օրերին» վեպերով։
Ստանիսլավ Եժի Լեց (6 մարտի, 1909 — 7 մայիսի, 1966), ականավոր լեհ պոետ, գրող-երգիծաբան և աֆորիզմների հեղինակ, XX դարի լեհ լավագույն հեղինակներից մեկը։
📅7 ԿՈԲՈ ԱԲԵ (7 մարտի, 1924 – 22 հունվարի, 1993), ճապոնացի նշանավոր արձակագիր և դրամատուրգ։ Նրա «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը» վեպերի հիմնական թեման ժամանակակից աշխարհում մարդու ինքնության փնտրտուքն է։
📅8 Ամերիկացի գրող ՇԵՐՎՈՒԴ ԱՆԴԵՐՍՈՆԸ մահացավ 64 տարեկանում՝ նախուտեստի ժամանակ ատամի փայտիկ կուլ տալու հետևանքով։
📅9 ՏԱՐԱՍ ՇԵՎՉԵՆԿՈ (9 մարտի, 1814 – 10 մարտի, 1861), ուկրաինացի բանաստեղծ, նկարիչ և ուկրաինական նոր գրականության հիմնադիր:
📅10 Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» դասական քրեավեպը, որը իտալական մաֆիայի խոհանոցը ներկայացրեց անգլիախոս լայն լսարանին, վերածվեց ֆիլմի և մշակութային երևույթ դարձավ, առաջին անգամ հրատարակվել է 1969 թվականի մարտի 10-ին։
ԲՈՐԻՍ ՎԻԱՆ (10 մարտի, 1920 – 23 հունիսի, 1959), ֆրանսիացի գրող և դրամատուրգ:
📅11 ՏՈՐԿՎԱՏՈ ՏԱՍՍՈ (1544-1595), իտալացի նշանավոր բանաստեղծ, «Ազատագրված Երուսաղեմը» (1575) հայտնի պոեմի հեղինակ:
📅12 Գաբրիելե Դ’Աննունցիո (12 մարտի, 1863 — 1 մարտի, 1938), իտալացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ռազմական և քաղաքական գործիչ։
ՋԵՔ ՔԵՐՈՒԱԿ (12 մարտի, 1922 – 21 հոկտեմբերի, 1969), ամերիկացի գրող, Բիթ սերնդի նշանավոր ներկայացուցիչներից մեկը: Քերուակի «Ճանապարհին» վեպը 2020թ. լույս է տեսել հայերեն «Զանգակ» հրատարակչության կողմից:
ԳՐԻԳՈՐԻ ԳՈՐԻՆ (12 մարտի, 1940 — 15 հունիսի, 2000), ռուս դրամատուրգ, արձակագիր, գրող-երգիծաբան, սցենարիստ։ 2023թ-ին «Անտարես» հրատարակչությունը Նունե Թորոսյանի թարգմանությամբ լույս է ընծայել Գրիգորի Գորինի ընտիր պիեսների ժողովածուն («Այն նույն Մյունխաուզենը» (1974), «Տունը, որ շինել էր Սվիֆթը» (1980), «Քին IV» (1991):
📅13 Ռաֆայելլո Ջովանյոլի (13 մարտի, 1838 — 15 հուլիսի, 1915), իտալացի գրող, պատմավեպերի հեղինակ։ Համբավ է ձեռք բերել «Սպարտակ» (1874, հայերեն հրատարակվել է 1936 թվականին) վեպով։
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (13 մարտի, 1897 – 27 նոյեմբերի, 1937), բանաստեղծ, թարգմանիչ, հրատարակիչ՝ հայ մեծագույն գրողներից մեկը:
📅14 1850 թվականի մարտի 14-ին Օնորե դը Բալզակն ամուսնանում է լեհ կոմսուհի Էվելինա Հանսկայի հետ, գրեթե երկու տասնամյակ տևած նամակագրությունից հետո, որն սկսվել է 1832 թվականին, երբ Էվելինան՝ որպես «L’Étrangère» (Օտարական), նրան անանուն քննադատական նամակ ուղարկեց։ Նրանց հարաբերությունները դժվարությունների են հանդիպել, այդ թվում՝ նրա դժբախտ ամուսնության և ունեցվածքի հետ կապված խնդիրների, և գագաթնակետին են հասել Բալզակի մահից կարճ ժամանակ առաջ նրանց ամուսնությամբ։
📅15 1835 թվականի մարտին առաջին անգամ առանձին գրքով հրատարակվեց Բալզակի «Հայր Գորիո» վեպը, որը «Մարդկային կատակերգություն» վիպաշարքի ամենանշանավոր ստեղծագործությունն է: Այն առաջին անգամ մաս առ մաս հրապարակվել է «Revue de Paris» ամսագրում 1834 թվականի դեկտեմբերից մինչև 1835 թվականի փետրվարը։ Բալզակի «Մարդկային կատակերգություն» վիպաշարքը հայերեն հրատարակվել է 1956-1961 թթ. 10 հատորով:
ՎԱԼԵՆՏԻՆ ՌԱՍՊՈՒՏԻՆ (15 մարտի, 1937 — 14 մարտի, 2015), ռուս գրող, արձակագիր, այսպես կոչված՝ գյուղական արձակի ներկայացուցիչ։ Հայերեն թարգմանությամբ 1981 թ-ին լույս է տեսել նրա «Ապրիր եւ հիշիր» վիպակների ժողովածուն (Թարգմ.՝ Սուրեն Խաչատրյան)։
📅16 Սյուլի-Պրյուդոմ (16 մարտի, 1839 — 7 սեպտեմբերի, 1907), ֆրանսիացի բանաստեղծ և էսսեիստ, «Պառնաս» խմբի անդամ։ 1901 թվականին դարձել է գրականության բնագավառում Նոբելյան առաջին մրցանակակիր։
ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ (16 մարտի, 1868 – 18 հունիսի, 1936), ռուս գրող, արձակագիր, դրամատուրգ: ԽՍՀՄ գրողների միության հիմնադիրներից: Եղել է ԽՍՀՄ-ում ամենաշատ տպագրված գրողը:
📅17 ՊՈԼ ԳՐԻՆ (17 մարտի, 1894 — 4 մայիսի, 1981), ամերիկացի դրամատուրգ, Փուլիցերյան մրցանակակիր լավագույն դրամատուրգիական գործի համար («Աբրահամի գրկում» դրամա, 1927)։
📅18 ՍՏԵՖԱՆ ՄԱԼԱՐՄԵ (18 մարտի, 1842 — 9 սեպտեմբերի, 1898), ֆրանսիացի բանաստեղծ, գրաքննադատ, սիմվոլիզմի հայրերից։
ՋՈՆ ԱՓԴԱՅՔ (18 մարտի, 1932 – 27 հունվարի, 2009), ամերիկացի գրող, բանաստեղծ, ակնարկագիր և դրամատուրգ։ Հայտնի է իր «նապաստակի» մասին վիպաշարով (Rabbit, Run; Rabbit Redux; Rabbit Is Rich; Rabbit at Rest; Rabbit Remembered): Չորս ամերիկացի հեղինակներից մեկն է, որը մեկից ավելի անգամ Փուլիցերյան մրցանակ է ստացել:
📅19 Կոռնեյ Չուկովսկի (19 մարտի, 1882 — 28 հոկտեմբերի, 1969), ռուս խորհրդային արձակագիր, բանաստեղծ, քննադատ, գրականագետ, մանկագիր, լրագրող, թարգմանիչ։
ՖԻԼԻՊ ՌՈԹ (19 մարտի, 1933 – 22 մայիսի, 2018), ամերիկացի գրող, մոտ երեք տասնյակ վեպերի հեղինակ, Փուլիցերյան և բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր։
📅20 ՆԻԿՈԼԱՅ ԳՈԳՈԼ (20 մարտի, 1809 — 21 փետրվարի, 1852), ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ։ Ռուսական գրականության դասական: «Ռևիզորը», «Մեռած հոգիներ», «Տարաս Բուլբա» և այլ ստեղծագործությունների հեղինակ:
ՀԵՆՐԻԿ ԻԲՍԵՆ (20 մարտի, 1828 – 23 մայիսի, 1906), նորվեգացի խոշոր դրամատուրգ, եվրոպական «նոր դրամայի» հիմնադիր և բանաստեղծ։
📅21 ՊՈԵԶԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ: Տոնը հռչակվել Է 1999 թվականի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
📅22 1834 թ. մարտի 22-ին Հորաս Գրիլին սկսեց հրատարակել «Նյու Յորքեր» շաբաթաթերթը, որը ճանապարհ հարթեց ժամանակակից գրական լրագրության համար:
📅23 Ռոժե Մարտեն դյու Գար (23 մարտի, 1881 — 22 օգոստոսի, 1958), ֆրանսիացի գրող, գրականության ոլորտում նոբելյանական մրցանակակիր (1937)։ 1984-1987 թթ. 2 հատորով հայերեն լույս է տեսել նրա գլխավոր ստեղծագործությունը՝ «Թիբոները» վեպը (Ֆրանս. թարգմ.՝ Ա. Ալիքյան, Գ. Քեշիշյան)։
ԳԱՌՆԻԿ ԱԴԴԱՐՅԱՆ (23 մարտի, 1925-1986) – բանաստեղծ, խմբագիր, հրապարակախոս, հասարակական, քաղաքական գործիչ:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ (23 մարտի, 1953- 29 հուլիսի, 2021), բանաստեղծ, արձակագիր, լրագրող:
📅24 ԿԱՄԻԼ ԼԸՄՈՆՅԵ (24 մարտի, 1844 – 13 հունիսի, 1913), բելգիացի արձակագիր, արվեստագետ, քննադատ:
📅25 1811 թվականի մարտի 25-ին Պերսի Բիշ Շելլին իր ընկեր Թոմաս Ջեֆերսոն Հոգի հետ միասին հեռացվեց Օքսֆորդի համալսարանից՝ համալսարանի ղեկավարներին ուղարկված «Աթեիզմի անհրաժեշտությունը» կրոնական դոգմաները հերքող արմատական բրոշյուրի հեղինակությունը մերժելու համար։
📅26 ԹԵՆԵՍԻ ՈւԻԼՅԱՄՍ (26 մարտի, 1911 – 25 փետրվարի, 1983), ամերիկացի դրամատուրգ։ «Տրամվայ «Ցանկություն», «Ապակյա գազանանոց», «Կատուն շիկացած տանիքին» և բազմաթիվ այլ պիեսների հեղինակ: Փուլիցերյան մրցանակակիր (1948):
📅27 Ալֆրեդ Վիկտոր դը Վինյի (27 մարտի, 1797 — 17 սեպտեմբերի, 1863), ֆրանսիացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ։ Նրա առանձին ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն և տպագրվել մամուլում։
ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (27 մարտի, 1942-), արձակագիր, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր («Ժամանակի գետը» վեպի համար): Հեղինակել է պատմվածքներ, վիպակներ, վեպեր:
📅28 ՄԱՐԻՈ ՎԱՐԳԱՍ ԼՅՈՍԱ (28 մարտի, 1936- 13 ապրիլի, 2025), պերուացի գրող և քաղաքական գործիչ։ Նոբելյան մրցանակակիր (2010): Հայերեն թարգմանությամբ լույս են տեսել Լյոսայի «Պանտալեոնը եւ Այցելուների ջոկատը» և «Խուլիա մորաքույրը և գրչակը» վեպերը:
📅29 ՅՈՒ ՆԵՍԲՅՈ (29 մարտի, 1960- ), ժամանակակից նորվեգացի գրող, քրեավեպերի հեղինակ, երաժիշտ։
📅30 ՊՈԼ ՎԵՌԼԵՆ (30 մարտի, 1844 — 8 հունվարի, 1896), ֆրանսիացի բանաստեղծ։ Նա ֆրանսիական պոեզիայի կարևոր դեմքերից էր, նախ կապված էր պառնասյանների հետ, իսկ ավելի ուշ դարձավ սիմվոլիստական շարժման առաջնորդներից մեկը՝ Ստեֆան Մալարմեի և Շառլ Բոդլերի հետ միասին «դեկադենտների» շարժման մաս կազմելով։
📅31 1836 թվականի մարտի 31-ին լույս տեսավ Չարլզ Դիքենսի առաջին վեպը «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը», որը մեծ հռչակ բերեց գրողին։
Օկտավիո Պաս (31 մարտի, 1914 — 19 ապրիլի, 1998), մեքսիկացի գրող, պոետ-դիվանագետ, Միգել Սերվանտեսի մրցանակակիր (1981), գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1990)։ 2012-ին հայերեն լույս է տեսել նրա «Մենության լաբիրինթոսում» բանաստեղծությունների և էսսեների ժողովածուն (Թարգմ.՝ Շ. Մկրտչյան)։