ԳՐԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ 2026
ՓԵՏՐՎԱՐ
Փետրվարի առաջին չորեքշաբթի օրը աշխարհում նշվում է բարձրաձայն ընթերցանության համաշխարհային օր: Այն ամենամյա համաշխարհային միջոցառում է, որը նախաձեռնվել է LitWorld միջազգային ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ երեխաների գրագիտությունն ու ընթերցանությունը խթանելու համար։ Փետրվարի 14-ին աշխարհում միաժամանակ երկու գրքային իրադարձություն է նշվում: Գիրք նվիրելու միջազգային օր, որը դեռևս լայն տարածում չունի, հիմնականում սիրահարներն են իրար գրքեր նվիրում, ինչպես նաև գրքերի նվիրատվություն է արվում գրադարաններին: Գրադարանների աջակիցների օր, նշվում է հիմնականում Միացյալ Նահանգներում: 2008 թվականի փետրվարի 19-ից Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության աջակցությամբ մեր երկրում նշվում է Գիրք նվիրելու օրը։ Գրքի պատմության հետազոտողները Գուտենբերգի Աստվածաշնչի՝ Եվրոպայում առաջին տպագիր գրքի, հրատարակման սկզբնական ամսաթիվը համարում են 1455 թվականի փետրվարի 23-ը, որը նշանավորեց Արևմուտքում տպագիր գրքի դարաշրջանի սկիզբը։
📅1 1962 թվականի փետրվարի 1-ին Viking Press հրատարակչության կողմից հրատարակվեց Քեն Քիզիի դեբյուտային «Թռիչք կկվի բնի վրայով» վեպը:
📅2 ՋԵՅՄՍ ՋՈՅՍ (1882-1941), իռլանդացի գրող, հայտնի է «Ուլիս» վեպով: Այն 2011-ին հրատարակվել է հայերեն (թարգմանիչ՝ Սամվել Մկրտչյան):
📅3 ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ (1983-), բանաստեղծ, Գրանիշ գրական նախագծի հիմնադիր։
📅4 200-ամյա վեպը: 1826 լույս տեսավ Ջեյմս Ֆենիմոր Կուպերի «Վերջին մոհիկանը» վեպը։
ՆԻԿՈԼԱՅ ԼԵՍԿՈՎ (1831- 21 փետրվարի, 1895), ռուս արձակագիր, դրամատուրգ և լրագրող: Նրա մի շարք գործեր արգելվել են Ռուսական ուղղափառ եկեղեցու և նրա գործիչների հանդեպ երգիծական վերաբերմունքի պատճառով։
📅5 ԼԻՊԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ (1938-2023), բանաստեղծ, արձակագիր, 40 գրքի հեղինակ:
ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆ (1978-), ժամանակակից հայ բանաստեղծ, արձակագիր: Համբարձում Համբարձումյանի հետ ստեղծել է «Գրողուցավ» գրական բլոգը և համանուն կայքը։
ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ (1985-), ժամանակակից հայ գրող, երեք գրքի հեղինակ:
📅6 1937 թվականին հրատարակվեց Ջոն Սթեյնբեքի «Մկների և մարդկանց մասին» վիպակը, որը պատմում է միգրանտ աշխատողների, նրանց երազանքների ու միայնության մասին։
📅7 ՉԱՐԼԶ ԴԻԿԵՆՍ (1812-1870), անգլիացի գրող, վիպասան, հայտնի է «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը», «Օլիվեր Թվիստի արկածները», «Դավիթ Կոպպերֆիլդ», «Մեծ հույսեր» վեպերով:
📅8 ԺՅՈՒԼ ՎԵՌՆ (փետրվարի 8, 1828 — 24 մարտի, 1905), ֆրանսիացի գրող, արկածային և գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիրներից մեկը
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ (1885-1969) – արձակագիր, բանաստեղծ, արվեստաբան, գրականագետ: 1914 թվականին Պոլսում Կոստան Զարյանը Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ միասին հիմնել է «Մեհեան» գրական-գեղարվեստական հանդեսը։
ՋՈՆ ԳՐԻՇԵՄ (1955-), ամերիկացի գրող, քաղաքական գործիչ, իրավական թեմաներով բեստսելլերների հեղինակ, գրքերը թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով:
📅9 ԷԼԻՍ ՈՒՈՔԵՐ (1944-), ամերիկյան գրող, կանանց իրավունքների պաշտպան, նրա «Մանուշակագույն» վեպը, որն արժանացել է Փուլիցերյան մրցանակի (1982):
📅10 ԲԵՐՏՈԼԴ ԲՐԵԽՏ (1898-1956), գերմանացի դրամատուրգ, , բանաստեղծ, արձակագիր, թատերական գործիչ, արվեստի տեսաբան, «Բեռլին անսամբլ» թատրոնի հիմնադիր:
ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ (1890-1960), ռուս պոետ, գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1958):
📅11 ՍԻԴՆԻ ՇԵԼԴՈՆ (1917-2007), ամերիկացի գրող և սցենարիստ, Նրա վեպերը թարգմանվել են 56 լեզուներով, և հրատարակվել ավելի քան 300 միլիոն օրինակ տպաքանակով, 100-ից ավելի երկրներում:
📅12 ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ (1935-2002) – արձակագիր, կինոսցենարիստ, ՀՀ գրողների միության նախագահ (1996-2001): Միակ հայ արձակագիրն է, որը նախկին ԽՍՀՄ պետական մրցանակ է ստացել (1984)։
📅13 ԺՈՐԺ ՍԻՄԵՆՈՆ (1903-1989), բելգիացի գրող, դետեկտիվ-հոգեբանական ժանրի ներկայացուցիչ, 20-րդ դարի ամենաընթերցվող հեղինակներից մեկը:
📅14 Աշխարհում նշվում է Գիրք նվիրելու միջազգային օրը։
📅15 ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (1885-1915) – բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, բժիշկ, Մեծ Եղեռնի զոհ:
📅17 ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ (1945-2016) – բանաստեղծ, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։
📅18 ԹՈՆԻ ՄՈՐԻՍՈՆ (1931-2019), ամերիկացի գրող, խմբագիր և պրոֆեսոր, գրականության բնագավառում, Փուլիցերյան (1988) և Նոբելյան (1993) մրցանակների դափնեկիր:
📅19 Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ (1869-1923), հայ մեծագույն գրող, բանաստեղծ, գրական, ազգային և հասարակական գործիչ։ 1899 թ. կազմակերպել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դարձել բազմաթիվ հայ նշանավոր գրողներ։
ԷՄԻ ԹԱՆ (1952-), չինական ծագմամբ ամերիկացի գրող:
📅20 1885 թվականի փետրվարի 20-ին լույս տեսավ Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածները» վեպի ամերիկյան հրատարակությունը: Առաջին հրատարակությունը լույս է տեսել Մեծ Բրիտանիայում 1884 թվականի դեկտեմբերի 10-ին։
1933-ի փետրվարի 20-ին Չարենցն ավարտեց «Դեպի լյառը Մասիս»-ը պոեմը։
📅21 1848 թվականի փետրվարի 21-ին Լոնդոնում Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի կողմից հրատարակվեց «Կոմունիստական մանիֆեստը»։
Մայրենի լեզվի միջազգային օր, ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումով 1999 թվականի նոյեմբերին: Այն նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից` որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում։
ՉԱԿ ՊԱԼԱՆԻԿ (1962-), ժամանակակից ամերիկյան գրող, հայտնի է բազմաթիվ մրցանակների արժանացած «Մարտական ակումբ» գրքով:
📅22 1632 թվականի փետրվարի 22-ին լույս տեսավ Գալիլեո Գալիլեյի «Երկխոսություն աշխարհի երկու գլխավոր համակարգերի վերաբերյալ» աշխատությունը։ Գիրքը համեմատում էր Կոպեռնիկոսի և Պտղոմեոսի համակարգերը, ինչը այդ ժամանակ վիճահարույց թեմա էր, որը հանգեցրեց Գալիլեյի դատավարությանը։
📅23 1930 թվականի փետրվարի 23-ին Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում անփոփոխ է» հակապատերազմական վեպն արգելվեց Թյուրինգիայի դպրոցներում կրթության նախարար Վիլհելմ Ֆրիկի կողմից։
1932 թվականի փետրվարի 23-ին լույս տեսավ Հայաստանի գրողների միության պաշտոնաթերթի` «Գրական թերթի» առաջին համարը։
📅24 1962 թվականին Հայաստանում մեծ շուքով նշվեց Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը։ Փետրվարին Պարույր Սևակը գրեց «Եվ այր մի՝ Մաշտոց անուն…» պոեմը:
📅25 ԷՆԹՈՆԻ ԲՐՋԵՍ (1917-1993), անգլիացի գրող և գրականագետ, հայտնի ստեղծագործություններից է «Լարովի նարինջ» երգիծական հակաուտոպիան:
ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ (1959-2014), թարգմանիչ, լրագրող: Թարգմանել է Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»։ Բազմաթիվ թարգմանություններ է արել Ֆոլքներից, Էլիոթից, Շեքսպիրից, Ռեդյարդ Քիփլինգից, Լուիս Քերոլից։ 2002-2014 թվականներին եղել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրը
ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ (1958-), բանաստեղծ, թարգմանիչ:
📅26 ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ (1802-1885), ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր: Հյուգոյին ողջ աշխարհում ճանաչում են առաջին հերթին «Փարիզի Աստվածամոր տաճարը» և «Թշվառները» վեպերով:
📅27 ՀԵՆՐԻ ԼՈՆԳՖԵԼՈ (1807-1882), ամերիկացի ռոմանտիկ բանաստեղծ, բանասեր, թարգմանիչ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր: Նրա «Բանաստեղծություններ ստրկության մասին», «Հայավաթի երգը» գրքերը ծանոթ են ամբողջ աշխարհին:
ՋՈՆ ՍԹԱՅՆԲԵՔ (1902-1968), ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1962): 1963 թ. Սթայնբեքն այցելել է Խորհրդային Հայաստան, հանդիպել Մարտիրոս Սարյանի հետ, այցելել Գեղարդի վանք։ Հանդիպել է նաև Հովհաննես Շիրազի հետ։ Հայերեն լույս են տեսել նրա «Ցասման ողկույզները» և «Մեր հոգսերի ձմեռը» վեպերը:
📅28 1951 թվականի փետրվարի 28-ին Galaxy Science Fiction ամսագրում լույս տեսավ առավել նշանակալի գրական ստեղծագործություններից մեկը՝ Ռեյ Բրեդբերիի «Հրշեջը» նովելը, որի հիման վրա հետագայում գրողը տպագրեց «451 աստիճան ըստ Ֆարենհայտի» վեպը: