Կիրակի, 9 Նոյեմբերի, 2025
Հրապարակումներ

ՆՈՅԵՄԲԵՐ 2025 — ԳՐԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ

Նոյեմբերյան գրական օրացույցում ներկայացված է 47 գրական իրադարձություն՝ գրողի ծնունդ, մահ, նշանավոր գրական ստեղծագործության հրապարակում և այլն։ Այն կարող է օգտակար լինել գրադարանների, կրթության և մշակույթի աշխատողների համար։

1          Գրավաճառ Թոմաս Գոդելը հրաժարվեց կարդալ Ջեյն Օսթինի հոր կողմից իրեն ներկայացված դստեր ձեռագիր վեպը, որը 1813թ. լույս տեսավ «Հպարտություն և նախապաշարմունք» վերնագրով։ Ավելի քան երկու դար այս վեպը անգլիական գրականության ամենաընթերցվող ստեղծագործություններից մեկն է։

            ԱՆՐԻ ԹՐՈՒԱՅԱ (Լեոն Տարասով, 1911-2007) ռուս-հայկական ծագումով ֆրանսիացի գրող, կենսագրագիր և պատմաբան: Թրուայան հայ ընթերցողին հայտնի է «Սգավոր ձյունը» (1973), «Էգլեթիերների ընտանիքը» (1980) և «Սարդը» երկերի թարգմանություններով:

2          1960թ-ի այս օրը երդվյալների դատարանը արդարացրեց Դեյվիդ Լոուրենսին իր «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» գրքի անպարկեշտ բովանդակությանը նվիրված դատավարության ժամանակ։ Դեյվիդ Հերբերթ Լոուրենսը (1885-1930), անգլիացի գրող է, որին մեծ համբավ են բերել «Որդիներ և սիրեկաններ», «Ծիածանը», «Սիրահարված կանայք» և այլ վեպեր։

            ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ (1829-1866) հայ գրող, հրապարակախոս, լուսավորիչ: Նալբանդյանը ՀՀ «Մեր հայրենիք» ազգային հիմնի հեղինակն է։

3          ՅԱԿՈՒԲ ԿՈԼԱՍ (Կոնստանտին Միցկևիչ, 1882 — 1956), բելառուս գրող։

ԱՆԴՐԵ ՄԱԼՐՈ (1901-1976), ֆրանսիացի գրող և արվեստաբան: Պարգևատրվել է Ֆրանսիայի ամենահայտնի գոնկույան գրական մրցանակով, որը շնորհվում է լավագույն վեպի համար: Դը Գոլի կառավարությունում զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը:

4          ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ (Ծնվ. ` 1959-), արձակագիր, լրագրող, հրապարակախոս։

5          ԳԱԼԱԿՏԻՈՆ ՏԱԲԻՁԵ (1892-1959), վրացի խորհրդային գրող:

6          ՎԱՀԱՆ ՄԻՐԱՔՅԱՆ (1866-1942), հայ բանաստեղծ, դրամատուրգ

Ռոբերտ Մուզիլ (1880-1942), ավստրիացի գրող, դրամատուրգ, գրադարանա­վար։ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» և «Դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը» վեպերը, «Հինգ կին» պատմվածքների ժողովածուն և այլ գործեր հայերեն է թարգմանել գրականագետ, բանաստեղծ, էսսեիստ և թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը։

7          Ալբեր Կամյու (1913-1960), ֆրանսիացի փիլիսոփա, գրող և լրագրող։ Նոբելյան մրցանակակիր (1957)։ Նրա հայացքները զարկ տվեցին փիլիսոփայական այն ուղղությանը, որ հայտնի է աբսուրդիզմ անունով։

8          ԲՐԵՄ ՍԹՈՔԵՐ (1847-1912), իռլանդացի գրող և թատերական քննադատ։ Գրել է գրական տարբեր ժանրերի, այդ թվում սարսափ և միստիկ-ռոմանտիկ ժանրերի բազմաթիվ գրքեր։ Առավելապես հայտնի է որպես 1897 թ. գրված «Դրակուլա» վեպի հեղինակ (հայերեն հրատ.՝ 2020, թարգմանիչ` Կարինե Պետրոսյան)։

9          Սերգեյ Վարդանյան (1952-2025), արձակագիր, ազգագրագետ, բանահավաք, բանագետ, մանկագիր և հրապարակախոս:

10        Նիլ Գեյման (1960-), անգլիացի գրող, թատերագիր, սցենարիստ։ 2021-ին հայերեն լույս է տեսել Նիլ Գեյմանի «Քորլայն» մանկական ֆենթզի վիպակը:

11        ԿՈՒՐՏ ՎՈՆՆԵԳՈՒՏ (1922-2007), ամերիկացի գրող, Հայերեն լույս է տեսել նրա «Կապտամորուսը» (2005) վեպը: Վեպի հերոսը Հայոց ցեղասպանությունը վերապրած և ԱՄՆ-ում ապաստան գտած հայ ընտանիքի զավակ է:

12        ՆԱՈՄԻ ՎՈՒԼՖ (Ծնվ. 1962-),  ամերիկացի լրագրող, քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս և դավադրության տեսաբան։ 1991 թվականին «Գեղեցկության առասպելը. կարծրատիպեր կանանց դեմ» գրքի հրատարակմամբ ձեռք է բերել ֆեմինիզմի երրորդ ալիքի ամենավառ ներկայացուցչի կարգավիճակ:

13        ՌՈԲԵՐՏ ԼՈՒԻՍ ՍԹԻՎԵՆՍՈՆ (1850-1894), շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ։ Դասվում է աշխարհում ամենաշատ թարգմանվող հեղինակների շարքին։ Նրա հայտնի ստեղծագործություններից են «Գանձերի կղզին» (1883), «Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» (1886), «Սև նետը» (1888), «Արքայազն Օտտոն» (1885) և այլն։

         ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ (1946-2021), հայ ժամանակակից արձակագիր, հրապարակախոս, պետական, հասարակական և քաղաքական գործիչ:

14        Աստրիդ Լինդգրեն (1907-2002), շվեդ գրող, արձակագիր և մանկագիր, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017-ին նա եղել է աշխարհի 18-րդ ամենաթարգմանված հեղինակը։ Առավել հայտնի է իր «Երկարագուլպա Պեպպին», «Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում», «Ավազակի դուստր Ռոնին» գրքերով։

15        ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ (1934-2024), հայ դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր, մանկագիր։ Հեղինակել է «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» և այլ պիեսներ, մի շարք հեքիաթներ, ժողովածուներ և վիպակներ: Թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և այլ լեզուներով:

16        1900թ. այս օրը Փարիզում մահացել է «Լուրջ լինելու կարևորությունը» և «Դորիան Գրեյի դիմանկարը» գրքերի հեղինակ Օսկար Ուայլդը։

17        1919թ. այս օրը Փարիզում Սենի առափնյակում բացվեց «Շեքսպիր և ընկերություն» (Shakespeare and Company) առաջին գրախանութը, որը ներկայումս տարածում է գտել շատ երկրներում:

18        ՄԱՐԳՐԵԹ ԱԹՎՈՒԴ (1939-), կանադացի գրող, բանաստեղծ, գրաքննադատ, 2020-ին հայերեն լույս է տեսել նրա «Աղախնի պատմությունը» վեպը (թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան):

19        1849թ-ի այս օրը Սանկտ Պետերբուրգում գնդակահարության պատի մոտ վերջին պահին Պետրաշևական խմբի անդամներին, որոնց թվում էր նաև Դոստոևսկին, տեղեկացրին ներման և մահապատժի փոխարինման մասին՝ ծանր աշխատանքներով և Սիբիր աքսորով։

2007թ. այս օրը Ամազոն ընկերությունը $399 արժեքով վաճառքի հանեց իր առաջին էլեկտրոնային Քինդլ ընթերցիչ սարքը։

            ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ (1843-1891), արևմտահայ գրող, դրամատուրգ, լրագրող:  «Թատրոն», «Մեղու», «Մասիս» և այլ թերթերի խմբագիր: Ուշագրավ աշխատանքներից են «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը, «Ատամնաբույժն արևելյան», «Պաղտասար աղբար» և այլ թատերգություններ:

20        ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ (1830-1892) հայ գրող: Պատկանյանի հայրենասիրա­կան ստեղծագործությունները («Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոն­յանի մահը») մեծ ազդեցություն են ունեցել իր ժամանակի երիտասարդության վրա։

            ՍԵԼՄԱ ԼԱԳԵՐԼՅՈՖ (1858-1682), շվեդ գրող: Սելման նոբելյան մրցանակ ստացած առաջին կին գրողն է (1909):

21        Վոլտեր, Ֆրանսուա-Մարի Արուե (1694-1778), ֆրանսիացի խոշորագույն լուսավորիչ-փիլիսոփա, հայտնի է նաև որպես բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, պատմաբան, հրապարակախոս, իրավապաշտպան, վոլտերականու­թյուն փիլիսոփայական ուղղության հիմնադիր։ Վոլտերն ունեցել է բեղուն գրիչ, թողել է ավելի քան 20,000 նամակ և 2,000 գիրք ու պամֆլետ։

22        ԱՆԴՐԵ ԺԻԴ (1869-1951) ֆրանսիացի գրող և դրամատուրգ: Հայերեն թարգմանությամբ լույս են տեսել նրա «Եթե հատիկը չմեռնի» և «Նեղ դուռ» վեպերը:

            ՎԻԿՏՈՐ ՊԵԼԵՎԻՆ (1962- ), ռուս ֆանտաստ գրող: Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել Վիկտոր Պելևինի «Չապաևն ու դատարկությունը» վեպը:

23        ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆ (Ծնվ.՝ 1956 — ), հայ բանաստեղծ, թարգմանիչ:

            Ջոն Միլթոնը հրատարակեց իր ընդդեմ գրաքննության «Արեոպագիտիկա» պամֆլետը: Այն նախ ներկայացվեց խորհրդարանի նիստում՝ 1643 թվականի լիցենզավորման հրամանագիրը տապալելու նպատակով. «Տվեք ինձ ազատություն՝ իմանալու, խոսելու և ազատորեն դատելու, իմ խղճի համաձայն, բոլոր ազատություններից վեր»: Չնայած Միլթոնը չկարողացավ տապալել հրամանագիրը, խոսքի ազատության մասին նրա հայտարարությունները դարձել են հիմնարար ճշմարտություններ, որոնց վրա բազմաթիվ արդարադատության համակարգեր են կառուցվել:

24        Լույս տեսավ Չարլզ Դարվինի նշանավոր «Տեսակների ծագումը» գիրքը։

ԿԱՌԼՈ ԿՈԼԼՈԴԻ (1826-1896), իտալացի մանկագիր, հանրահայտ «Պինոկիոյի արկածները» հեքիաթի հեղինակը։ Թարգմանվել է ավելի քան 240 լեզուներով և բոլոր ժամանակների ամենաշատ թարգմանված ու կարդացված ոչ կրոնական գիրքն է աշխարհում։ Հայերեն տպագրվել է 2014 թվականին (Թարգմ.՝ Ալվարդ Ջիվանյան):

25        ԼՈՊԵ ԴԵ ՎԵԳԱ (1562-1635), իսպանացի դրամատուրգ և բանաստեղծ: Հեղինակել է մոտ 3000 սոնետներ և մոտ 2000 պիեսներ, որոնցից պահպանվել է 426-ը։

26        ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ (1930-2020), հայ բանաստեղծ, մանկագիր:

            Միացյալ Նահանգներում լույս տեսավ Լուիս Քերոլի «Ալիսը hրաշքների աշխարհում» գրքի առաջին հրատարակությունը։

27        1582 թ-ի այս օրը Անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրն ամուսնացավ Անն Հեթուեյի հետ, որը նրանից մեծ էր 8 տարով։

            1895 թ-ի այս օրը Ալֆրեդ Նոբելը ստորագրեց կտակը, որով իր կարողությունը նվիրեց միջազգային մրցանակների ստեղծմանը, այդ թվում՝ գրականության Նոբելյան մրցանակին։

28        ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ (1880-1921), ռուս պոետ, սիմվոլիստ: Առաջին բանաստեղծությունները գրել է 5 տարեկանում:

            ԱԼԲԵՐՏՈ ՄՈՐԱՎԻԱ (1907-1990), իտալացի գրող, լրագրող, հայերեն լույս են տեսել նրա «Չոչարա» և «Արհամարհանք» վեպերը:

ՍՏԵՖԱՆ ՑՎԱՅԳ (1881-1942), ավստրիացի գրող, գրաքննադատ, բազմաթիվ նովելների, պիեսների և գեղարվեստական կենսագրությունների («Մարդկության աստեղային ժամերը», «Ժոզեֆ Ֆուշե», «Մարի Ստյուարտ», «Շախմատային նովել») և այլ ստեղծագործությունների հեղինակ:

Նիկոլայ Նեկրասով (1821-1878), ռուս բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ։ Նեկրասովի ստեղծագործության գլուխգործոցը «Ո՞վ է Ռուսիայում լավ ապրում» պոեմն է, որը մեծ ազդեցություն է ունեցել իր ժամանակի դեմոկրատական ուղղության բանաստեղծների վրա:

29        ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ (1949-2022), հայ թարգմանչուհի, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԳՄ անդամ (2007)։ Հիմնադրել և ղեկավարել է «ԱևՄ» հրատարակչատունը (1993), որը միայն ֆրանսիական գրականություն է տպագրել։ Եղել է միջազգային P.E.N. ընկերակցության հայկական կենտրոնի նախագահ։ Ֆրանսերենից թարգմանել է Ալբեր Կամյուի, Անդրե Ժիդի, Պոլ Վալերիի և այլոց ստեղծագործությունները:

            Մադլեն Լ՛Էնգլ (1918-2007), ամերիկացի գրող, հայտնի է երեխաների և մեծահասակների համար պատմվածքներով և հատկապես վեպերի շարքով․ «Ժամանակի մի փոքր ծալ», «Քամին շեմին է», «Մոլորակն արագ է պտտվում», «Մեծ ջուր», «Կղզիները ժամանակում»։

30        ՄԱՐԿ ՏՎԵՆ (1835–1910), ամերիկացի գրող, «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները» գրքերի հեղինակ: