Կիրակի, 9 Նոյեմբերի, 2025
Հրապարակումներ

ՀՈԿՏԵՄԲԵՐ 2025ԳՐԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ

Հոկտեմբերին Հայաստանում նշվում է Գրադարանավարի օրը (հոկտեմբերի 7), Հայ մամուլի օրը (հոկտեմբերի 16), ինչպես նաև Թարգմանչաց տոնը։ Սուրբ Թարգմանչաց տոն հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, որը խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական եկեղեցին այդ օրը նշում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։

1          1856թ. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը Revue de Paris պարբերականում մաս առ մաս սկսեց տպագրվել Գյուստավ Ֆլոբերի «Մադամ Բովարի» վեպի առաջին հրատարակությունը։

Շահեն Թաթիկյան (1924-1992), հայ արձակագիր, թարգմանիչ, սցենարիստ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985):

2          1836թ. Չարլզ Դարվինը վերադառնում է «Բիգլ» նավով հինգ տարի տևած շուրջերկրյա ճանապարհորդությունից։ Վերադարձից հետո Դարվինը տպագրել է «Բնագետի ճամփորդությունը աշխարհի շուրջը Բիգլ նավով», որով մեծ հաջողություն է ունեցել։ Գրքի երկրորդ ընդլայնված հրատարակությունը թարգմանվել է բազմաթիվ եվրոպական լեզուներով։

            Գրեհեմ Գրին (1904-1991), անգլիացի գրող։ Հայերեն թարգմանությամբ լույս են տեսել նրա  «Խաղաղ ամերիկացին» (1963) և «Կոմեդիանտներ» (1985) վեպերը։

3          Լուի Արագոն (1897-1982), ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ, Գոնկուրյան ակադեմիայի անդամ։

            ԹՈՄԱՍ ՎՈՒԼՖ (1900-1938), ամերիկացի նշանավոր գրող, «Նայիր տանը քո, հրեշտակ», «Ժամանակի և գետի մասին», «Դեպի տուն վերադարձ չկա» վեպերի հեղինակ։ Հայերեն թարգմանվել է հեղինակի «Երկրի ոստայնը» վիպակը։

Սերգեյ Եսենին (1895-1925), ռուս բանաստեղծ, իմաժինիզմի ներկայացուցիչ։

4          Ալվարդ Պետրոսյան (1946-2022), հայ գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2007)։

ԱՆՆԱ ՌԱՅՍ (1941-2021),  ամերիկացի գրող, սցենարիստ և պրոդյուսեր։ Գրողին համբավ է բերել «Հարցազրույց վամպիրի հետ» վեպը, որն իր հանրաճանաչության համար պարտական է համանուն ֆիլմին։

            1535թ. լույս է տեսնում առաջին անգլերեն Աստվածաշունչը։

5          Դենի Դիդրո (1713-1784), ֆրանսիացի փիլիսոփա, գրող, արվեստաբան, էնցիկլոպեդիստների ղեկավար։ Նրա «Փիլիսոփայական մտքեր» աշխատությունը արգելվեց և այրվեց փարիզյան պառլամենտի որոշումով։

6          ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ (1957- ), գրող, արձակագիր, հրապարակախոս, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն (1998-2011)։

7          2004 թ-ից Հայաստանում նշվում է Գրադարանավարի օրը։ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ն հետևյալ անվանակարգերով հայտարարում է «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթողներին՝

«Լավագույն համայնքային գրադարան»
«Լավագույն մարզային գրադարան»
«Լավագույն նորարար գրադարան»
«Լավագույն գիտակրթական գրադարան»
«Լավագույն մասնագիտական գրադարան»

8          1906թ. հոկտ. 8-ին  Լև Տոլստոյը հրաժարվում է Նոբելյան մրցանակից։

9          2025թ. գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրը կհայտարարվի հոկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին (Կենտրոնական Արևելյան ժամանակով): Հայտարարությունը կհեռարձակվի ուղիղ եթերում nobelprize.org կայքում:

10        2017 թ-ի հոկտեմբերի 10-ին լույս տեսավ ամերիկացի գրող Ջոն Գրինի «Անվերջ կրիաներ» վեպը։

Իվո Անդրիչ (1892-1975), հարավսլավացի գրող, դրամատուրգ։ Հարավսլավացի միակ գրողն է, որն արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։

11        Սուրբ Թարգմանիչների տոն` նվիրված հայ գրին ու մշակույթին:

ՖՐԱՆՍՈՒԱ ՄՈՐԻԱԿ (1885-1970), ֆրանսիացի արձակագիր, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1933), գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1952)։ Հայերեն լույս են տեսել նրա «Իժերի կծիկը» և «Թերեզ Դեսքեյրու» վեպերը։

12        ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐ (1854-1937), գրող և հրապարակախոս, առաջին կին դիվանագետ, հայոց ցեղասպանության մասին 9 գրքերի հեղինակ։

13        1668-ի հոկտեմբերի 13-ին Ամստերդամում, Ոսկան Երևանցին ավարտեց Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը։ Ոսկանյան Աստվածաշունչը տպագրվել է 2 տարի 7 ամսում (1666 մարտի 11-1668 հոկտեմբերի 13)։

14        1892թ. այս օրը լույս տեսավ Շեռլոկ Հոլմսի մասին առաջին հրատարակությունը (The Adventures of Sherlock Holmes)։

            1926թ. այս օրը Լոնդոնում լույս տեսավ անգլիացի գրող Ալան Միլնի առաջին գիրքը Վինի Թուխի մասին։

Անդրեյ Բելի (1880-1934), ռուս գրող, բանաստեղծ, քննադատ, հուշավիպագիր, մեկը ռուսական սիմվոլիզմի և մոդեռնիզմի առաջատար ներկայացուցիչներից։

Էդվարդ Էսթլին Քամինգս (1894-1962), ամերիկացի բանաստեղծ, գրող, նկարիչ, դրամատուրգ։ Մոդեռնիստ։ Գրել է միտումնավոր խեղաթյուրված ուղղագրությամբ ու կետադրությամբ։ Նրա շատ ստեղծագործություններ կարելի է հասկանալ միայն թղթից ընթերցելով, այլ ոչ թե լսելով։

            Քեթրին Մենսֆիլդ (1888-1923), ծագումով նորզելանդացի մոդեռնիստական գրող, որը ստեղծագործել և ճանաչման է հասել Միացյալ Թագավորությունում։ Նրա պատմվածքների ժողովածուն «Մի գավաթ թեյ» լույս է տեսել հայերեն (1978) Սոնա Սեյֆերյանի թարգմանությամբ։

15        Խաչատուր Աբովյան (1809-1848), արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը, հայտնի է նրա «Վերք Հայաստանի» վեպը (անհետացել է 1848 թ.):

Վերգիլիոս (Պուբլիոս Վերգիլիոս Մարո), հոկտեմբերի 15, մ.թ.ա. 70 — սեպտեմբերի 21, մ.թ.ա. 19, Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկը, հռոմեացիների ծագումը գովերգող «Էնեական»-ի, հինհռոմեական գրականության գլուխգործոցներ համարվող «Բուկոլիկներ», «Գեորգիկներ» պոեմների և այլ ստեղծագործությունների հեղինակ։

            Իտալո Կալվինո (1923-1985), իտալացի արձակագիր, հրապարակախոս, լրագրող։ Հայերեն լույս են տեսել նրա «Ծառաբնակ բարոնը», «Երկատված վիկոնտը», «Անտես քաղաքներ» վեպերը և «Կատուն և ոստիկանը» պատմվածքների ժողովածուն։

            ՄԱՐԻՈ ՊՅՈՒԶՈ (1920-1999), ամերիկացի գրող և սցենարիստ, հանրահայտ «Կնքահայրը» վեպի հեղինակը։

16        Հայ մամուլի օր, նշվում է ամեն տարի (2004 թվականից) հոկտեմբերի 16-ին՝ ի նշանավորումն 1794 թվականի նույն օրը Մադրասում հայ մամուլի առաջնեկի՝ «Ազդարարի» լույսընծայման (հիմնադիր՝ Հարություն քահանա Շմավոնյանը։

ԳՅՈՒՆՏԵՐ ԳՐԱՍ (1927-2015), գերմանացի գրող, քանդակագործ, նկարիչ։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1999)։

Զարեհ Խրախունի (Արթո Ստեփանի Ճյումպյուշյան) (1926-2015), հայ բանաստեղծ, մանկավարժ, թարգմանիչ։ 2012թ-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

            Հակոբ Մնձուրի (1886-1978), հայ արձակագիր, Կարոտի գրականության հիմնադիրներից և վառ ներկայացուցիչներից մեկը։ «Կապույտ լույս» (1958), «Արմտան» պատմվածքների ժողովածուների հեղինակ։

Յուջին Օ’Նիլ (1888-1953), ամերիկացի դրամատուրգ, գրականության Նոբելյան (1936) և Փուլիցերյան մրցանակի քառակի դափնեկիր (1920, 1922, 1928, 1957 (հետմահու))։

Օսկար Ուայլդ (1854-1900),  ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, գրաքննադատ, մոդեռնիզմի և դեկադենտական (անկումային) արվեստի նշանավոր ներկայացուցիչ։

17        Արթուր Միլլեր (1915-2005), ամերիկացի թատերագիր, ակնարկագիր և արձակագիր։ «Մանրավաճառի մահը» թատերգության համար 1949թ. Արթուր Միլլերին շնորհվել է Փուլիցերյան մրցանակ։

18        1851թ. այս օրը Լոնդոնում լույս տեսավ ճերմակ կետաձկան մասին ամերիկացի հայտնի վիպասան Հերման Մելվիլի «Մոբի Դիք» գրքի առաջին հրատարակությունը։

            Ավետիք Իսահակյան (1875-1957), հայ դասական գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, հրապարակախոս, ակադեմիկոս (1943), 150-ամյակ։

19        ԽՆԿՈ ԱՊԵՐ (1870-1935), հայ մանկագիր, մանկավարժ։ Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքերի հեղինակ է։ 1935թ-ից նրա անունով է կոչվում ազգային մանկական գրադարանը։

20        Արթյուր Ռեմբո (1854-1891), ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ։

            Էլֆրիդե Ելինեկ (1946-), ավստրիացի գրող, գրաքննադատ, հասարակական գործիչ։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (2004)։ Անտարես հրատարակչությունը 2014 թ-ին լույս է ընծայել Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» վեպը (թարգ. գերմ.՝ Կարլեն Մատինյան)։

21        ԵՎԳԵՆԻ ՇՎԱՐՑ (1896-1958), ռուս գրող, լրագրող, դրամատուրգ։ Նրա «Վիշապ» (1944) պիես-պամֆլետը՝ խորհրդային դրամատիկական երգիծանքի ամենախոր և ինքնատիպ երկերից մեկն է։

            Ալֆոնս դը Լամարթին (1790-1869), ֆրանսիացի բանաստեղծ, քաղաքական գործիչ, պատմաբան։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1829)։ Լամարթինի ստեղծագործու­թյուն­ները հայերեն են թարգմանել Գրիգոր Օտյանը, Խորեն Գալֆայանը (Նար-Պեյ), Մինաս Չերազը և ուրիշներ։

22        1964թ. այս օրը «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում Ժան Պոլ Սարտրը բացատրում է Նոբելյան մրցանակից հրաժարվելու իր պատճառները։ «Ես միշտ մերժել եմ պաշտոնական պարգևները»,- բացատրեց նա այն ժամանակ,- «գրողը չպետք է իրեն թույլ տա, որ իրեն ինստիտուտի վերածեն: Պահվածքս պայմանավորված է գրողի համարձակության մասին իմ համոզմուքներով: Գրողը, որը որդգերում է քաղաքական, սոցիալական կամ գրական որևէ կողմնորոշում, պետք է գործի իր այդ մտահորզիոնի շրջանակում, իր գրած բառի տարածքում»: Չնայած դրան՝ նրան պարգևատրում են:

ԻՎԱՆ ԲՈՒՆԻՆ (1870-1953), ռուս արձակագիր, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության գծով (1933)։ Ռուս գրողներից առաջինն է արժանացել Նոբելյան մրցանակի։ Թարգմանել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Մ. Մանվելյանի երկերը, որոնք ամփոփել է «Ժամանակակից հայ բանաստեղծություններ» (1903) և «Հայկական մուսա» (1907) ժողովածուներում։

ՍԱՄՈՒԻԼ ՄԱՐՇԱԿ (1887-1964), ռուս խորհրդային բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ։ Նրա գործերը թարգմանված են աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով, այդ թվում նաև հայերեն։

23        1958թ. այս օրը Բորիս Պաստեռնակը գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի է արժանանում։ Մի քանի օր անց Խորհրդային կառավարության ճնշման ներքո Պաստեռնակը ստիպված հրաժարվում է մրցանակից։

24        Լեռ Կամսար (Արամ Տեր-Թովմաղյան) (1888-1965), հայ երգիծաբան գրող (մ. 1965)։

25        ԷԼԻՖ ՇԱՖԱՔ (1971-), թուրքական արմատներով բրիտանացի գրող, ակնարկագիր և կանանց իրավունքների պաշտպան։ Ստեղծագործում է թուրքերենով և անգլերենով, հրապարակել է 16 գիրք, որից տասը վեպեր են, ներառյալ «Ստամբուլի բիճը», «Սիրո քառասուն կանոնը» և «Եվայի երեք դուստրերը»։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 49 լեզվով։

Ջոն Բերիմեն (1914-1972), ամերիկացի բանաստեղծ, մանկավարժ, Փուլիցերյան մրցա­նակակիր (1965)։ Տառապում էր հարբեցողությամբ, կյանքն ավարտել է ինքնասպա­նու­թյամբ։

26        Օննիկ Չիֆթե-Սարաֆ (1874-1932), արևմտահայ գրող, արձակագիր, թարգմանիչ։ Գրողի ամենանշանավոր երկը «Միամիտի մը արկածները» վեպն է։

27        ԴիլԸն Թոմաս (1914-1953), ուելսցի բանաստեղծ, թատերագիր, հրապարակախոս, որը 39 տարեկանում իր մահկանացուն կնքեց՝ համալրելով երիտասարդ ու անիծված պոետների շարքը։

ՍԻԼՎԻԱ ՓԼԱԹ (1932-1963),  ամերիկացի բանաստեղծուհի, գրող, անգլալեզու գրականության մեջ «դավանանքային/ խոստովանական պոեզիա» ժանրի հիմնադիրներից մեկը։ 1982 թվականին Փլաթը հատընտիր պոեմների ժողովածուի համար Պուլիցերյան մրցանակ հետմահու Պուլիցերյան մրցանակ ստացավ։

28        ԻՎԱՆ ՏՈՒՐԳԵՆԵՎ (1818-1883), ռուս գրող, բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ, թարգմանիչ։

29        Ժան Ժիրոդու (1882-1944), ֆրանսիացի դրամատուրգ, գրող, դիվանագետ և էսսեների հեղինակ։

30        Ֆեոդոր ԴոստոԵՎսկի (1821-1881), ռուս մեծ գրող, գրականագետ, մտածող, փիլիսոփա, հրապարակախոս, համաշխարհային նշանակության լավագույն վիպագիրներից մեկը։

            ԷԶՐԱ ՓԱՈՒՆԴ (1885-1972), ամերիկացի նշանավոր բանաստեղծ, հրատարակիչ և խմբագիր, համարվում է անգլալեզու մոդեռնիստական գրականության հիմնադիր։ Փաունդը իմաժինիզմ գրական ուղղության գլխավոր ներկայացուցիչներից է։

31        ՋՈՆ ՔԻԹՍ (1795-1821), անգլիացի ռոմանտիկ գրողների կրտսեր սերնդի ականավոր ներկայացուցիչ։