Բարձրաձայն մտորումներ գրադարանային թեմաներով
Ժամանակակից գրադարանները բախվում են մի շարք մարտահրավերների, այդ թվում՝ թվային հասարակության մեջ իրենց փոփոխվող դերի, առցանց ռեսուրսների հետ մրցակցության, նոր օգտատերերի, մասնավորապես երիտասարդների ներգրավման և բոլորի համար տեղեկատվության մատչելիության ապահովման անհրաժեշտության խնդրին։ Գրադարանները պետք է նաև հարմարվեն նոր տեխնոլոգիաներին և թվային բովանդակության ձևաչափերին՝ պահպանելով իրենց ավանդական դերը որպես մշակութային և կրթական կենտրոններ։
Գրադարանային մարտահրավերներից առանձնացնենք մի քանիսը, որոնք մշտապես հանդիպում են գրադարանային խնդիրների վերաբերյալ համացանցային տարբեր հարթակներում.
Թվայնացում և էլեկտրոնային ռեսուրսներ
Գրադարանները ստիպված են ընդունել թվային դարաշրջանի մարտահրավերը և ընթերցողների համար էլեկտրոնային գրքերի, տվյալների շտեմարանների և առցանց ռեսուրսների հասանելիություն ապահովել: Այս առաջնային խնդրի ապահովումը պահանջում է ներդրումներ նոր տեխնոլոգիաների մեջ, անձնակազմի վերապատրաստում և հեղինակային իրավունքի հարցերի լուծում թվային բովանդակություն տրամադրելիս:
Ընթերցանության նկատմամբ հետաքրքրության նվազում և ընթերցողների «արտահոսք»
Համացանցում զվարճանքի և տեղեկատվության լայն հասանելիության պայմաններում գրադարանները բախվում են ընթերցանության նկատմամբ հետաքրքրության նվազման խնդրին, հատկապես երիտասարդների շրջանում: Սա պահանջում է, որ գրադարանները գտնեն ընթերցողներ գրավելու նոր եղանակներ, կազմակերպեն միջոցառումներ՝ ուղղված գրքի և ընթերցանության հանրահռչակմանը և գրադարանում աշխատանքի ու հանգստի համար հարմարավետ մթնոլորտ ստեղծելուն:
Արհեստական բանականությունը և գրադարանը
Արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է կարևոր դեր խաղալ գրադարանավարներին օգնելու հարցում: Արհեստական բանականությունը վերափոխում է գրադարանները՝ բարելավելով տեղեկատվության որոնումը, անհատականացնելով օգտագործողի փորձը, ավտոմատացնելով առաջադրանքները (օրինակ, ամենօրյա թեմատիկ լրաքաղը), բարելավելով մատչելիությունը և օգնելով հավաքածուների կառավարմանը։
Հեղինակային իրավունք
Թվային տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ հեղինակային իրավունքի հետ կապված հարցերը դառնում են ավելի ու ավելի բարդ, հատկապես էլեկտրոնային ռեսուրսներին հասանելիություն տրամադրելիս: Գրադարանավարները պետք է հասկանան այս հարցերը՝ ապահովելու համար, որ դրանք համապատասխանում են օրենքին և հասանելիություն են ապահովում տեղեկատվությանը:
Ֆինանսավորում
Հայաստանում բոլոր գրադարանները ֆինանսավորման պակաս ունեն, ինչը դժվարացնում է հավաքածուների թարմացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը և ենթակառուցվածքների բարելավումը:
Գրադարանի դերի փոփոխությունը
Ժամանակակից գրադարանները ձգտում են ոչ միայն գրքերի պահոց լինել, այլև դառնալ մշակութային կենտրոններ, հանրային տարածքներ, որտեղ անցկացվում են միջոցառումներ, դասախոսություններ, լեզուների ուսուցում: Սա պահանջում է, որ գրադարանները ընդլայնեն ծառայությունների շրջանակը և վերանայեն իրենց դերը հասարակությունում:
Որակավորված անձնակազմի պակաս
Շատ գրադարաններում պակասում են տեղեկատվական տեխնոլոգիաների և գրադարանային գործի ոլորտում արդիական գիտելիքներ և հմտություններ ունեցող մասնագետները։ Վերջին տարիներին Հայաստանում կտրուկ նվազել են բարձրագույն գրադարանային կրթություն ստացող մասնագետները:
Հավաքածուների օգտագործման մարտահրավերներ
Հարկավոր է գրադարանային հավաքածուների օգտագործման մշտադիտարկում անել և գնահատել էլեկտրոնային միջավայրում դրանց օգտագործումն ու օգտակարությունը։ Հանրային գրադարանների հավաքածուներում կուտակվել է բարոյապես և ֆիզիկապես մաշված և չօգտագործվող գրականություն, որոնք պետք է դուրս գրվեն գրադարանների ֆոնդերից: Պետք է հրաժարվել բնակչության կողմից գրադարաններին առաջարկվող ոչ պիտանի և ոչ պրոֆիլային գրականությունը նվեր ընդունելու պրակտիկայից:
Գրադարանային ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է հանրապետության խոշոր բնակավայրերում ժամանակակից գրադարանային շենքեր կառուցել նոր գրադարաններին տալով համայնքային կյանքի, մշակույթի և կրթության կազմակերպման լայն լիազորություններ:
Հանրային գրադարաններում խախտվել է ընթերցողական կազմի դեմոգրաֆիան: Վերջին տարիներին գրադարաններից օգտվողների 75-80 և ավելի տոկոսը կազմում են դպրոցականները և ուսանողները: Ավելի բարձր տարիքի ընթերցողներին գրադարան վերադարձնելու համար նոր ծառայություններ և հատուկ ծրագրեր է հարկավոր նախաձեռնել: Ինչու , օրինակ, տասնամյակներ շարունակ երկրի ղեկավարությունը տարբեր սպորտային մրցաշարեր է հովանավորում, իսկ, ասենք, «Ընթերցող ընտանիք» մրցույթներ չեն անցկացվում: Իսկ միթե ընթերցելը նորաձև չէ: Ընդհանուր առմամբ, ժամանակակից գրադարանները պետք է հարմարվեն փոփոխվող պայմաններին, տիրապետեն նոր տեխնոլոգիաներին, առաջարկեն ծառայությունների լայն տեսականի և ստեղծեն հարմարավետ միջավայր օգտատերերի համար՝ արդիական և պահանջված մնալու համար։
Ներսես Հայրապետյան