Շաբաթ, 12 Հուլիսի, 2025
Հրապարակումներ

ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԸ ԾԱՌԱՅՈՒՄ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ

«Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ 2005 թ. օրենքը կարգավորում է փաստաթղթերի, բոլոր տեսակի հրատարակությունների, էլեկտրոնային հրապարակումների և չհրատարակված նյութերի առաքման, մշտական պահպանության, վիճակագրական հաշվառման, մատենագիտության կազմման և ազգային ժառանգության հանրային օգտագործման առնչությամբ ծագող իրավական և ֆինանսատնտեսական հարաբերությունները:

Երբեմն թյուրիմացաբար այս օրենքը մեկնաբանվում է որպես որոշ գրադարանների հավաքածուների համալրման հնարավորություն, որը միանգամայն սխալ տեսակետ է: Պարտադիր օրինակի մասին օրենքը երկրներն ընդունում են իրենք տպագիր և էլեկտրոնային ժառանգության հավաքման և մշտական պահպանության, ինչպես նաև մատենագիտական հաշվառման համար: Որպես կանոն գրադարանում իբրև պարտադիր օրինակ ստացված հրատարակությունները  ընթերցողների կողմից օգտագործման չեն տրամադրվում:

Պարտադիր օրինակի մասին առաջին օրենքներն ընդունվել են եվրոպական երկրներում։ 1537թ. աշխարհում առաջին օրենքն ընդունվեց Ֆրանսիայում։ Ֆրանցիսկ Առաջին թագավորի հրամանագրի համաձայն բոլոր ֆրանսիացի հրատարակիչներն ու գրավաճառները պարտավոր էին թագավորական նստավայր՝ Բլուա հասցնել իրենց տպագրած յուրաքանչյուր գրքի մեկական օրինակը՝ անկախ տպագրության լեզվից։

1610, 1661 և 1697 թ-ին պարտադիր օրինակի մասին օրենքներ ընդունվեցին համապատասխանաբար Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում և Դանիայում։

Պարտադիր օրինակի համակարգը Միացյալ Թագավորությունում սկիզբ է առել 1610 թվականից, երբ սըր Թոմաս Բոդլին պայմանագիր կնքեց «Գրենական պիտույքների ընկերության» հետ, որը նրա կողմից Օքսֆորդի համալսարանում հիմնադրված Բոդլեյան գրադարանին իրավունք էր տալիս հրատարակիչներից պահանջել թագավորական արտոնագրով տպագրված ամեն ինչի օրինակը: Այնուհետև, 1662 թվականին, համաձայնագիրը ընդլայնվեց՝ ներառելով Թագավորական գրադարանը և Քեմբրիջի համալսարանի գրադարանը: 1710 թվականին պարտադիր օրինակի գաղափարը ամրագրվեց Մեծ Բրիտանիայի օրենսդրության մեջ՝ որպես թագուհի Աննայի կողմից հաստատված Հեղինակային իրավունքի մասին օրենքի մաս:

Միացյալ Թագավորությունում կա պարտադիր օրինակ ստացող 6 գրադարան, որոնք հայտնի են նաև որպես «հեղինակային իրավունքի գրադարաններ» կամ «պարտադիր օրինակի հաստատություններ»։ Դրանք են՝

  • Բրիտանական գրադարան – գտնվում է Լոնդոնում, այն Միացյալ Թագավորության ազգային գրադարանն է և աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկը։
  • Բոդլեյան գրադարան – Օքսֆորդի համալսարանի մաս կազմող և Եվրոպայի ամենահին գրադարաններից մեկն է։
  • Քեմբրիջի համալսարանի գրադարան – Քեմբրիջի համալսարանի կենտրոնական գրադարանը, որը հայտնի է իր հարուստ հավաքածուներով։
  • Շոտլանդիայի ազգային գրադարան – գտնվում է Էդինբուրգում, այն ծառայում է որպես Շոտլանդիայի պարտադիր օրինակի ավանդադրման գրադարան։
  • Ուելսի ազգային գրադարան – գտնվում է Աբերիստվիթում, այն հավաքում և պահպանում է Ուելսում տպագրված և Ուելսի մասին նյութերի ազգային հավաքածուն։
  • Թրինիթի քոլեջի գրադարան, Դուբլին – չնայած գտնվում է Իռլանդիայում, այն ներառված է պարտադիր օրինակի համակարգում, այն ժամանակից ի վեր երբ Իռլանդիան Միացյալ Թագավորության մաս էր կազմում։ Այս արտոնությունը շարունակվում է նաև Իռլանդիայի անկախությունից հետո և գրադարանը շարունակում է ստանալ Մեծ Բրիտանիայում հրատարակված աշխատանքները։

Այս գրադարանները օրենքի ուժով ստանում են Մեծ Բրիտանիայում հրատարակված աշխատանքների ամբողջական հավաքածուն գալիք սերունդների համար պահպանելու համար:

2003 թվականին ընդունված «Պարտադիր օրինակ ստացող գրադարանների մասին» օրենքը ընդլայնեց պարտադիր ավանդադրման պահանջը՝ ներառելով նաև ոչ տպագիր աշխատանքները, ինչպիսիք են կայքերը, բլոգները և այլ թվային և մուլտիմեդիա հրապարակումները՝ ապահովելով, որ հրատարակությունների ժամանակակից ձևերը նույնպես արխիվացվեն:

Պարտադիր օրինակի համակարգը ներդրված է աշխարհի երկրների մեծ մասում, որոնք ընդունել են իրենց օրենքները, ունեն պարտադիր օրինակի ավանդադրման իրենց ուղեցույցներն ու կանոնակարգերը, որը կարող է և հաճախ տարբերվում է երկրից երկիր:

Օրինակ՝

  • Ալբանիայում օրենքը հրատարակչին պարտավորեցնում է 5 օրինակ հանձնել Ազգային գրադարանին, Ալբանիայի օրենսդիր մարմնի գրադարանին, ինչպես նաև այն համայնքի կենտրոնական գրադարանին, որի տարածքում գործունեություն է ծավալում հրատարակիչը։
  • Կանադան պահանջում է, որ յուրաքանչյուր հրատարակության երկու օրինակը հանձնվի հրատարակումից հետո 7 օրվա ընթացքում։
  • Գերմանիան պահանջում է, որ Գերմանիայի ազգային գրադարանին հանձնվելիք օրինակից բացի, դուք ներկայացնեք ևս երկու օրինակ այն երկրամասի դաշնային պահոց, որտեղ հրատարակվել է ստեղծագործությունը։
  • Հոնկոնգում պարտադիր օրինակի հանձնման համար նախատեսված ժամանակը մեկ ամիս է։
  • Մոնակոն նշում է, որ եթե հրատարակությունը թողարկել է 100-ից պակաս տպաքանակով, դուք պետք է գրադարանին հանձնեք երկու օրինակ, իսկ 100-ից ավելի օրինակի դեպքում ավանդադրման համար պահանջվում է 4 օրինակ։
  • Պորտուգալիայում հրատարակիչները պարտավոր են ազգային գրադարանին բոլոր հրատարակություններից հանձնել 11 օրինակ, որոնք բաշխվում են խոշոր քաղաքային գրադարաններին։ Հատուկ բացառություններ են արվում մագիստրոսական և դոկտորական ատենախոսությունների, նամականիշների, նախագծերի, պաստառների և այլ սահմանափակ տպաքանակով ոչ գրքային հրատարակությունների համար, որոնցից պահանջվում է միայն մեկ օրինակ և որոնք պահվում են Ազգային գրադարանում:

Պարտադիր օրինակը հիմք է ծառայում պետական կամ հաշվառման-գրանցման մատենագիտության կազմման համար։ Հայաստանի Հանրապետությունում 2016 թ. դեկտեմբերին գրապալատի լուծարումից հետո այդ կարևոր գործառույթը կատարում է Հայաստանի ազգային գրադարանը։

Ներսես Հայրապետյան