Ուրբաթ, 14 Փետրվարի, 2025
Հրապարակումներ

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Հունվարը գրադարանների նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքի ամփոփման և հաշվետվություններ ներկայացնելու ժամանակն է: Գրադարանները իրենց հիմնադիրներին պարտավոր են երկու տիպի հաշվետվություն ներկայացնել՝ տեքստային և վիճակագրական: Շատ կարևոր է, որ գրադարանները դրանք վարեն միասնական եղանակով և հաստատված մոտեցումներով, որպեսզի հաշվետվությունները ծառայեն գրադարանների աշխատանքի բարելավմանը: Բացի այդ գրադարանների հաշվետվությունները կիրառվում են մշակույթի բնագավառում ռազմավարությունների մշակման, մարտավարական խնդիրների լուծման, զարգացման միտումների բացահայտման և այլ նպատակներով:

Մեր երկրում գրադարանների գործունեության վերաբերյալ տվյալները հավաքվում և ամփոփվում են ըստ վիճակագրության պետական խորհրդի (https://armstat.am/am/ ) կողմից 2018թ. հոկտեմբերի 19-ին ընդունված «Գրադարանների գործունեության մասին» որոշման և 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության հաստատված ձևի: Հայաստանի ազգային գրադարանը յուրաքանչյուր տարի հրատարակում է «Հայաստանի գրադարանները: Աշխատանքների վիճակագրական վերլուծություն» ժողովածուն, որոնք էլեկտրոնային տարբերակները հասանելի են գրադարանի թվային պահոցից (http://surl.li/foacvq ):

Ներկայումս գրադարանների գործունեության վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեն հետևյալ տվյալներն է հավաքում.
ա) գրադարանների քանակը,
բ) գրքային ֆոնդն ըստ բովանդակության,
գ) տացքն (սպասարկված գրականություն) ըստ բովանդակության,
դ) ընթերցողների թվաքանակն ըստ սեռի, տարիքային խմբերի,
ե) հաճախումների քանակը,
զ) գրադարանային աշխատողների թվաքանակն ըստ սեռի, կրթական մակարդակի,
է) միջոցառումների քանակը,
ը) շենքերի ընդհանուր մակերեսը,
թ) ընթերցասրահների մակերեսը և տեղերի քանակը,
ժ) ֆինանսական միջոցների ստացումն ու օգտագործումը:

Տարիների ընթացքում գրադարանային տվյալների ցանկը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Այդ տվյալների միասնականացումը և ցանկը կայունությունը կարևոր է միջազգային դասակարգումներին, ցուցանիշների կազմին և այլ չափորոշիչներին համադրելիությունն ապահովելու համար:
Գրադարանային վիճակագրության սահմանումը, նպատակները եւ խնդիրները
Գրադարաններում վիճակագրական տվյալների հաշվառումն իրականացվում է համաձայն տվյալ երկրում ընդունված գրադարանայի ստանդարտների: Պետական գրադարանային վիճակագրությունը ուսումնասիրում է առանձին գրադարանների, գրադարանների խմբի և գրադարանային աշխատանքի առանձին ոլորտների վիճակն ու գործունեությունը բնութագրող առաջնային վիճակագրական տվյալները: Ստանդարտները հարկավոր են այդ տվյալների միասնականացված հավաքագրման, խմբավորման և մշակման համար:

Գրադարանային վիճակագրության խնդիրներն են.

  1. գրադարանային գործունեության արդյունքների վիճակագրական հաշվառումը,
  2. աշխատանքի արդյունքների մշտադիտարկումը և կառավարման բարելավման որոշումների կայացումը,
  3. գրադարանների գործունեությունը պլանավորելու և դրանց աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու բազայի ստեղծումը,
  4. գրադարանի զարգացման համար ֆինանսավորման և այլ աջակցության հարցումների հիմնավորումը:

Նպատակներն են.

  1. թվային ցուցիչների համակարգի մշակումը, գրադարանների աշխատանքի հաշվառման և դրա գնահատման մեթոդների մշակումը, ստացված արդյունքների հաշվարկումը,
  2. հիմնախնդիրների վերհանման նպատակով գրադարանային գործունեության դիտարկումների և հսկողության կազմակերպումը,
  3. ստացված տվյալների վերլուծությունը և գրադարանների զարգացման կանխատեսումը:

Կախված ուսումնասիրվող տվյալների տեսակից՝ առանձնացնում ենք գրադարանային վիճակագրության հետևյալ բաժինները.

• գրադարանային ցանցի վիճակագրություն,
• ընթերցողների և օգտագործողների սպասարկման վիճակագրություն,
• գրադարանային հավաքածուների վիճակագրություն,
• գրադարանի աշխատակազմի վիճակագրություն:

Նշված բաժիններից յուրաքանչյուրն ուսումնասիրում է գրադարանային գործունեության տարբեր ասպեկտներ, որոնք լայնորեն օգտագործվում են գրադարանների արդյունավետության և զարգացման վերլուծության համար։ Փորձենք ներկայացնել դրանք մի փոքր ավելի մանրամասն:

Գրադարանային ցանցի վիճակագրություն

Այն ընդգրկում է գրադարանների տարածքային բաշխվածությունը, դրանց միջհամակարգային կապերը, գրադարանների ընդհանուր թիվը, ենթակառուցվածքային վիճակը (օրինակ՝ շենքերի վիճակ, տարածքային հասանելիություն) և այլ ցուցանիշներ, որոնք կապված են գրադարանների ցանցի կազմավորման և զարգացման հետ։

Ընթերցողների և օգտագործողների սպասարկման վիճակագրություն

Գրադարանային վիճակագրության այս խումբը վերաբերում է ընթերցողների և գրադարանային ծառայությունների օգտագործողների տվյալներին, ներառյալ ընթերցողների թիվը, նրանց տարիքային կամը և խմբերը, սեռը, հաճախումները, օգտագործված ծառայությունները և այլն։ Սա թույլ է տալիս գնահատել գրադարանային ծառայությունների արդյունավետությունը և թե ինչպես են դրանք համապատասխանում օգտատերերի պահանջներին։

Գրադարանային հավաքածուների վիճակագրություն

Այս ուսումնասիրությունը վերաբերում է գրադարանների հավաքածուների՝ գրքերի, ամսագրերի, էլեկտրոնային նյութերի և այլ տեղեկատվական ռեսուրսների քանակին, դրանց բովանդակությանը, հասանելիությանը և համամասնությանը՝ ըստ թեմաների կամ լեզուների։ Հաճախ ուսումնասիրություններն անդրադառնում են նաև հավաքածուների պահպանմանը և թարմացման աստիճանին։
Գրադարանի աշխատակազմի վիճակագրություն

Այս բաժինը ուսումնասիրում է գրադարանների աշխատակիցների թվի, մասնագիտական պատրաստվածության, սեռի, կրթական մակարդակի և այլ հատկանիշների վիճակագրությունը։ Դրանով հնարավոր է գնահատել գրադարանների մարդկային ռեսուրսների պոտենցիալը, ինչպես նաև աշխատակիցների վերապատրաստման կարիքները։

Վիճակագրության յուրաքանչյուր բաժնի չափման միավորները հաստատվում են գրադարանային ոլորտի զարգացման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի կողմից:
Կարևոր է վիճակագրական տվյալների հավաստիությունը, ամբողջականությունը վիճակագրության թափանցիկությունը և ճշգրտությունը ապահովելու համար: Այս խնդիրն ապահովելու համար պետք է անընդհատ բարելավել գրադարանային տվյալների հավաքման մեթոդները՝ առավել վստահելի տվյալների հիման վրա վերլուծություններ իրականացնելու համար։
Գրադարանների աշխատանքի վիճակագրական վերլուծությունը չպետք է սահմանափակվի միայն թվային տվյալներով, այլ նաև պետք է ներառի գրադարաններից օգտվողների կարծիքները և գնահատումները, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչու են որոշ ծառայություններ կամ միջոցառումներ արդյունավետ, իսկ մյուսները՝ ոչ։ Այսօր համացանցային գործիքների միջոցով կարելի է մշտական կապ ունենալ գրադարաններից օգտվողների հետ և տարբեր հարցումների միջոցով բարելավել մեր ծառայությունները:

Գրադարանի վիճակագրության ցուցանիշներ

Գրադարանային վիճակագրության ցուցիչները գրադարանային գործունեության որոշակի ուղղության կամ գործընթացի քանակական բնութագրերն են՝ արտահայտված բացարձակ, միջին և հարաբերական արժեքներով:
Բացարձակ արժեքները ներառում են՝ ընթերցողների թիվը, գրքերի տացքը, այցելությունները, միջոցառումները, մատենագիտական տեղեկանքները և որոշակի ժամանակահատվածում այլ ցուցիչ թվեր:
Միջին արժեքները տալիս են մի քանի համասեռ արժեքների ընդհանուր կամ ամփոփ բնութագիր: Օրինակ, միջին օրական հաճախելիությունը գրադարանային ռեսուրսների օգտագործման և անձնակազմի ծանրաբեռնվածության չափանիշ է: Այս ցուցանիշը պարզելու համար պետք է տարեկան այցելությունների թիվը բաժանել տարվա աշխատանքային օրերի թվի վրա։
Հարաբերական մեծությունները որևէ չափիչ մեծության հարաբերակցությունն է մյուսին: Արժեքը, որի հետ այն համեմատվում է, սովորաբար կոչվում է համեմատության հիմք: Հարաբերական ցուցանիշները բաժանվում են երեք խմբի, որոնք ցույց են տալիս գրադարանային հավաքածուի շարժը, կազմությունը և արդյունավետությունը։ Այսպիսով, հարաբերական ցուցանիշները արտացոլում են գրադարանի հավաքածուի.
— շարժը (ընթերցողների թիվը, գրադարանի տացքը, գրադարանի հավաքածուն և այլն),
— կազմությունը (գրադարանի հավաքածուի, գրքերի տացքի),
— արդյունավետությունը (սրանք արժեքներ են, որոնք չափում են երկու տարբեր բովանդակությամբ, բայց փոխկապակցված ցուցանիշների հարաբերակցությունը):

Գրադարանային աշխատանքի հիմնական ցուցանիշների բանաձեւեր

Գրադարանային սպասարկման վիճակի գնահատման համար կան մի շարք կարևոր ցուցանիշներ, որոնց վերլուծությունը հնարավորություն է տալիս պարզել, թե ինչպես է կազմակերպված տվյալ տարածաշրջանում կամ բնակավայրում բնակչության գրադարանային սպասարկումը: Դրանք են ընթերցողների թիվը, բնակչության ընդգրկման տոկոսը, գրքապահովվածությունը, հաճախումները, տացքը, գրքերի շրջանառությունը և այլն:
Վիճակագրական հաշվետվությունների կազմման համար գրադարանավարները մի քանի բանաձևեր են օգտագործում։
Մեկ ընթերցողի միջին ընթերցանությունը (Ը) արդյունավետության չափման հիմնական միավորներից է, որը ցույց է տալիս մեկ ընթերցողին տարեկան սպասարկվող գրքերի միջին քանակը: Այն հաշվարկվում է գրադարանի տարեկան տացքը (Տ) բաժանելով տարվա ընթացքում գրանցված բաժանորդների (ընթերցողների) թվին (Բ).
Ը = Տ : Բ
Օրինակ, գրադարանի տարեկան տացքը կազմել է 40,496 միավոր, գրադարանն ունեցել է 1,895 ընթերցող: Ուրեմն՝ տվյալ գրադարանում մեկ ընթերցողի միջին ընթերցանությունը տարեկան 21,3 գիրք է կազմում:
40496 : 1895 = 21.3
Միջին հաճախելիությունը (Հ) օգտվողների կողմից գրադարան այցելելու արդյունավետության ցուցիչն է, որը հաշվարկվում է մեկ ընթերցողի կողմից տարեկան այցելությունների միջին թիվն է: Այս ցուցանիշը, ինչպես անունն է հուշում, արտացոլում է ընթերցողների կողմից գրադարան այցելությունների ակտիվությունը։ Ցուցանիշը որոշում ենք տարեկան այցելությունների թիվը (Աց) բաժանելով գրանցված ընթերցողների թվին (Ը).
Հ = Աց : Ը
Օրինակ, 2023 թվականին գրադարանում 19061 հաճախում է եղել: Մենք նախորդ օրինակից արդեն գիտենք, որ գրադարանն ունի 1895 ընթերցող: Ուրեմն մեկ ընթերցողի տարեկան հաճախելիությունը 10 անգամից մի փոքր ավել է եղել:
Շրջանառություն (Շ), կամ գրաֆոնդի օգտագործման աստիճանը: Սա գրադարանային պահպանության մեկ միավորի համար տացքի միջին թիվն է: Ցուցանիշը կարող է ցույց տալ գրքերի հավաքածուի համապատասխանությունը ընթերցողների հետաքրքրություններին և գրադարանի օգտագործման արդյունավետության աստիճանը: Ցուցանիշը գտնելու համար անհրաժեշտ է տարեկան տացքը (Տ) բաժանել գրադարանի ունեցած գրքերի (Ֆ) թվի վրա։
Տ : Ֆ = Շ
Օրինակ, 2023 թվականին գրադարանի տացքը կազմել է 40496 միավոր, իսկ գրադարանն ունի 149130 միավոր գրականություն: Ուրեմն մեկ գրքի միջին շրջանառությունը կազմել է 0,271 միավոր:
40496 : 149130 = 0,271

Գրքապահովվածություն (Գ), սա բնակչության գրքապահովվածությունն է: Ասել է, թե 1000 բնակչին հանրային գրադարանների միջոցով քանի միավոր գիրք է բաժին հասնում:

Ներկայում թվային տեխնոլոգիաների անցման շրջանում գրքապահովվածության նորմը երկրորդ կամ հետին պլան է մղվել: Գրադարանների համալրման պատասխանատումները կարծում են, թե գրադարաններից օգտվողները անհրաժեշտ գրականությունը կարող են համացանցում գտնել, որը մասամբ է միայն ճիշտ: Նոր լույս տեսնող գրականությունը սովորաբար լինում է միայն վաճառքում, իսկ առցանց տարբերակից, եթե այն կա, հնարավոր է օգտվել միայն վճարովի հիմունքներով: Մինչդեռ հանրային գրադարանները ստեղծվել են գրքերից ազատ, անվճար օգտվելու նպատակով:

Գրքապահովվածության հաշվարկի մի այլ եղանակ է, երբ հաշվի է առնվում կոնկրետ գիտության, որոշակի ճյուղի գրականությամբ ապահովվածությունը: Դպրոցում կամ համալսարանում ուսանողի համար կարևոր է դասագրքերով ապահովվածությունը:

Հայտնի է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի համայնքային գրադարանների մեծ մասը գրեթե չի համալրվել կամ համալրվել է չնչին չափով: Գրադարանները հիմնականում համալրվում են բնակչությունից ստացված նվիրատվություններով, որոնք սովորաբար նրանց անձնական գրադարաններից են և նոր հրատարակություններ չեն: Այսինքն, համայնքային գրադարանների գրքերը ծերացած են: Մինչդեռ ԻՖԼԱ-ն հանձնարարում է համայնքային գրադարանների ֆոնդերը յուրաքանչյուր տարի 10 տոկոսի չափով թարմացնել:

Արտասահմանյան երկրներում հաշվարկում են անգամ, թե գրադարանի համար որքան է արժենում մեկ միավորի տացքը: Այսինքն, եթե գրադարանի տարեկան ծախսած ողջ գումարը (Ծ) բաժանվի տարեկան տացքի թվի վրա (Տ) կստանանք, թե որքան գումար է կազմել տվյալ գրադարանում մեկ միավորի սպասարկումը, որը գրադարանի ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության (Ա) ցուցիչներից մեկն է:

Ծ : Տ = Ա

Գրադարանի աշխատանքի արդյունավետությունը չափելու համար մի քանի տասնյակ ցուցիչներ կան, որոնց մենք այստեղ չանդրադարձանք: Աշխարհի երկրներում գրադարանային գործի կազմակերպումը շատ տարբեր է: Կան երկրներ, որտեղ դեռևս գրքերը ընթերցողին են հասնում կենդանիների (ձիեր, ավանակներ) լծվածքի միջոցով: Մյուս կողմից երկրներ էլ կան, որտեղ արդեն դրոններ են կիրառվում գրքերը բաժանորդներին հասցնելու համար: Սկանդինավյան երկրներում կարելի է որևէ գրադարանից վերցված գիրքը վերադարձնել որևէ այլ համայնքային գրադարանում, որոնք գիրքը ապահով կհասցնեն ձեզ սպասարկած գրադարանին: Այնուամենայնիվ համառոտ բերենք գրադարանների արդյունավետության չափման ևս մեկ-երկու օրինակ:

ԻՖԼԱ-ն գրադարանի աշխատանքը գնահատելու համար օգտագործում է գրադարանի հասանելիությունը, թե որքանով է հանրային գրադարանը հասանելի օգտվողներին: Մեզանում համայնքների խոշորացումից հետո բազմաթիվ բնակավայրերում գրադարանները փակվեցին: Փակված գրադարանի փոխարեն օգտվողներին առաջարկվում է օգտվել համայնքի մեկ այլ գրադարանից, որը գտնվում է, ինչպես ասում են, յոթ սարից այն կողմ: Մինչդեռ ԻՖԼԱ-ն հանձնարարում է գրադարանը տեղաբաշխել ոչ ավել քան 20 րոպեում ոտքով հասանելի հեռավորության վրա:

Կարևոր են նաև այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են, թե որքան հաճախակի է թարմացվում գրականությունը, որքան արագ է նոր ձեռք բերված գրականությունը մշակվում և հասնում ընթերցողին, որքան արդյունավետ և արագ է գործում միջգրադարանային բաժնույթի ծառայությունը և այլն:

Ներսես Հայրապետյան