Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
Հրապարակումներ

Կրկին հանրային գրադարանների մասին

Շարունակելով փոքր հանրային գրադարանների մասին մեր զրույցը
Երբ հետևում եմ իմ ֆեյսբուքյան գրադարանային լրահոսին գրադարանային անվանումներին զարմանալի բազմազանություն եմ տեսնում։ Հայաստանում ի՜նչ անվամբ ասես գրադարան կա։ Էլ մասսայական, էլ համայնքային, կենտրոնական և մասնաճյուղ, ակումբագրադարանային, քաղաքային, վարչական, բնակավայրի․․․

Իմ դիտարկմամբ Հայաստանում հանրային գրադարանների գործառույթների և հասարակական հանձնառության նոր փնտրտուք է նկատվում։ Հրապարակված վերջին պաշտոնական տվյալներով Հայաստանում 661 հանրային գրադարան է գործում։ Թերևս սա էլ դեռ վերջնական չէ, քանի որ համայնքների կրկնակի խոշորացում է ընթանում, որի արդյունքում հավանաբար գյուղական և քաղաքային գրադարանների մի մասն էլ կփակվի։ Այնուամենայնիվ գրադարանների նկատմամբ հանրային պահանջարկը կենսունակ է և շատ բնակավայրերում տեղական ինքնակառավարման մարմինները գրադարանային ծառայությունների բարեփոխման ուղիներ են որոնում։ Այդ ճանապարհի խնդիրները բազմաթիվ են․ ժամանակակից գրադարանային շենքեր, գրադարանների համալրում, համակարգչային տեխնիկա, որակյալ գրադարանային կադրեր, գրադարանավարների աշխատավարձ, օրենսդրական կարգավորումներ։ Բայց կա ևս մի անտեսանելի խնդիր։ Ի՞նչ գրադարան ենք մենք ուզում։ Ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից գրադարանը։ Լինելով բազմաթիվ գրադարաններում, հանդիպելով տարբեր պատասխանատուների հետ դեռևս որևէ մեկից ժամանակակից գրադարանի մասին ամբողջական պատկերացում չեմ լսել։ Այն, ինչ լսել եմ, միայն եղել է նախկին համակարգը վերականգնելու մասին։ Իսկ արդյո՞ք ընթերցողն այսօր պատրաստ է մտնել երեկվա գրադարաններ։ Իմ կարծիքով՝ ոչ։ Բայց սա մի այլ քննարկման թեմա է, որին առաջիկայում անպայման կանդրադառնամ։

Որևէ երկրի գրադարանային համակարգի մասին պատկերացում կազմելու համար առաջին հերթին նկատի ենք ունենում տվյալ երկրի հանրային գրադարանները։ Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է հանրային գրադարանը և ո՞րն է նրա առաքելությունը։

ՀՀ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքի 4-րդ հոդվածը հանրային գրադարան հասկացությունը մեկնաբանում է որպես «․․․սույն օրենքով սահմանված կարգով կարգավիճակ ստացած գրադարան, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է գրադարանային հավաքածուներն ու ծառայությունները առանց սահմանափակումների, ինչպես նաև իրականացնում է սույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով սահմանված գործառույթները»։ Օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է հանրային գրադարանի հավատարմագրումը և կարգավիճակը, համաձայն որի հանրային գրադարանը պետք է ունենա իրավաբանական անձի կարգավիճակ, տպագիր արտադրանքի և այլ տեսակի փաստաթղթերի դասակարգված հավաքածու, գործունեություն ծավալելու համար համապատասխան տարածք և գույք։ Գրադարանը պետք է ապահովված լինի մշտական ֆինանսավորմամբ, ունենա որակավորված մասնագետներ, գրադարանից օգտվողներին մատուցի գրադարանային ծառայություններանկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, կրոնական դավանանքից, ազգությունից և այլն։

Հանրային գրադարանը հիմնականում ֆինանսավորվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցներից։ Դրանց ֆինանսավորման համար կարող են ներգրավվել նաև տարբեր հիմնադրամներ, հասարակական կառույցներ և անհատներ։

Թեև առաջին հանրային գրադարանները ծնունդ են առել դեռևս հին Հունաստանում և Հռոմում, սակայն նրանց ծաղկումը և տարածումը հիմնականում տեղի ունեցավ 19-րդ դարում Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Ներկայումս Եվրոպայում գործող հանրային գրադարանների մեջ հնագույնը Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա մարզի Չեզենա քաղաքի գրադարանն է։ Այն 1452 թ-ին հիմնադրել է տեղացի արիստոկրատ Մալատեստա Նովելլոն, որի կամքով Չեզենայի գրադարանը սկսեց գործել ոչ թե եկեղեցու, այլ՝ քաղաքային կոմունայի ենթակայությամբ։

Հանրային գրադարաններն ստեղծվել են որպես քաղաքացիների կրթությանն օժանդակող հանրային հաստատություններ։ Գրադարանի հավաքածուն ձևավորվում է հաշվի առնելով տվյալ համայնքի կարիքները, բնակչության կազմը, տարբեր խմբերի հետաքրքրությունները, երեխաների, պատանիների և ավագ տարիքի ընթերցողների գրականության պահանջարկը։ Հանրային գրադարանը հնարավորություն է տալիս գրքերը կարդալ տեղում՝ ընթերցասրահում կամ ժամանակավորապես վերցնել տանը կարդալու համար։ Հանրային գրադարանը սովորաբար համալրվում է գեղարվեստական գրականությամբ, բացի այդ այն ունենում է ուսումնական, մասնագիտական և տեղեկատու գրականության հավաքածու։ Այն բաժանորդագրության միջոցով համալրվում է նաև պարբերական մամուլով, ինչպես կենտրոնական, այնպես էլ՝ տեղական։

Ժամանակի ընթացքում հանրային գրադարանների ստեղծման նպատակը, աշխատանքի բովանդակությունը և մեթոդները փոփոխությունների են ենթարկվել։ Թվային դարաշրջանում հանրային գրադարանները կարևոր խնդիր ունեն մարդկանց օգնել յուրացնելու նոր տեխնոլոգիաները, որի համար նրանք համակարգչային սրահներ են կահավորում, ընթերցողներին ապահովում մուտք դեպի համացանց, ուսուցողական դասընթացներ և ակումբներ վարում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանրային գրադարանը բնորոշում է որպես գիտելիքի տեղական դարպաս, որն ապահովում է ողջ կյանքի ընթացքում շարունակական կրթությունը։ Գրադարանը օգտակար ծառայություններ է մատուցում համայնքին խթանելով կրթությունը և մշակույթը, առողջ հանգստի և ժամանցի հնարավորություն ընձեռելով օգտվողներին, ինչպես նաև տեղեկատվություն տարածելով հասարակության բոլոր շերտերի համար: Մեծ հաշվով հնագույն ժամանակներից ի վեր, գրադարանների հիմնական գործառույթները մնացել են նույնը, այն է՝ գիտելիքի հավաքագրումը, պահպանումն ու տարածումը։

Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում ստեղծվել էր միասնական գրադարանային համակարգ, որտեղ գրադարանային ռեսուրսները, դրանց ձեռքբերումը, մշակումը, քարտագրումը և դասակարգումը կատարվում էին միասնաբար։ 1974-1980թթ․ Հայաստանում ձևավորվեցին գրադարանային կենտրոնացված համակարգեր (ԳԿՀ) աշխատանքի կազմակերպման և գրադարանային հավաքածուների արդյունավետ փոխօգտագործման հնարավորությամբ։

Անկախության առաջին տարիներին այդ համակարգերը նույնությամբ շարունակում էին իրենց գործունեությունը։ Սակայն 1995թ․ ՀՀ սահմանադրության ընդունման և դրան հետևած նոր վարչատարածքային բաժանման հետևանքով ԳԿՀ-ները վերացան, գրադարաններն իրարից անջատվեցին, թուլացան և հազար ու մի կարիքի դիմաց մնացին անպաշտպան։ Սկսվեց գրադարանների քայքայումը և օտարումը։ 2000-ական թվականների առաջին տասնամյակի սահմանագծին մի կարճ ժամանակ գրադարանները նորից հայտնվեցին ուշադրության կենտրոնում։ Գրադարանային հանրության և ԱԺ իրավասու հանձնաժողովի ջանքերով շրջանառության մեջ դրվեց գրադարանային գործի մասին օրենքի նախագիծը, որն ընդունվեց Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման տարում։

Այսօր ճիշտ ժամանակն է գրադարանային մի նոր սկզբի համար։ Մեզ նոր գրադարաններ են հարկավոր թվային դարաշրջանի համար։ Նոր գրադարանաշինության մեկնարկի համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ։ Այդ մասին կլինի իմ հաջորդ հրապարակումը։

Ներսես Հայրապետյան