Կիրակի, 6 Հոկտեմբերի, 2024
Հրապարակումներ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆ` ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Այսօր գրադարանների գործունեությունը դժվար է պատկերացնել առանց սոցիալական ցանցերի ներգրավվածության, ինչը գրադարանավարի մասնագիտական գիտելիքներից զատ պահանջում է ունենալ նաև սոցիալական մեդիայի մենեջմենթի (SMM) բնագավառի գիտելիքներ, գրաֆիկական և տեսախմբագրիչ ծրագրերի որոշակի իմացություն, աշխատանքում մարքեթինգային նրբերանգներ ներարկելու կարողություն:
Սոցիալական մեդիայի` գրադարանային գործում կիրառելիության ոլորտը բավականին ընդգրկուն է, ավելին, քան թույլ է տալիս աշխատանքն առանց վերջինի օգտագործման: Կայքերում զուտ ներկայացված լինելն արդեն ինչ-որ քայլ է, որ մատնանշում է գրադարանի գոյությունը, աշխատակազմի ակտիվությունն ու ընթերցողներին սպասարկելու պատրաստակամությունը: Ուրախալի է, որ հայաստանյան մի շարք գյուղական գրադարաններ դիմել են սոցիալական մեդիային` իրենց գործունեությունն ու խնդիրները լուսաբանելու, գրադարանային հանրության, ընթերցողների հետ կապը պահպանելու համար:
Հայաստանյան գրադարանների մեծ մասը ներկայացված է Facebook սոցիալական ցանցում: Ուրախությամբ պետք է նշել, որ այստեղ իրենց գործունեությունն են լուսաբանում համայնքային մի շարք գրադարաններ, որոնց ակտիվ միջոցառումները, շնորհանդեսները, ցուցահանդեսները (անգամ սակավաթիվ և հնամաշ ֆոնդի պայմաններում), անդրադարձը հոբելյարներին հուշում է, որ գրադարանավարը ինֆորմացիայի լուսաբանման ճիշտ ուղի է ընտրել, որ համայնքներում գրադարանային կյանքը եռում է, որ գրադարանն ընթերցող ունի, որ ճիշտ է, կան առցանց գրքեր, բայց իրենց արդեն քայքայված ֆոնդն ու դրանց կողքին շողշողացող ընծա կամ մեծ ջանքերով ձեռքբերված նոր գրքերը դարակին երբեք չեն մնում, որ ընթերցանության պակաս չի զգացվում:
Սոցցանցային էջի որակով աչքի է ընկնում, օրինակ, Կոտայքի մարզային գրադարանը, որ ի հավելումն վերը նշվածի, ներկայացնում է նաև փոդքասթերի իր մշակումները, մի աշխատանք, որը մեծ ջանքեր ու տեխնիկական լուծումներ է պահանջում գրադարանավարից: Քաղաքային գրադարաններն իրենց հերթին շարունակում են հայաստանյան գրադարանների ֆեյսբուքյան շքերթը, ներկայացնելով իրենց գործառույթները, այստեղ արդեն ավելացնելով ինտելեկտուալ գրքախաղեր ընթերցողի հետ: Այս առումով հետաքրքիր է, օրինակ, Մարալիկի քաղաքային գրադարանի էջի առաջարկ-օրինակը, ի դեպ, գրադարանը կարող է պարբերաբար դարձնել նաև իր հրապարակած` «Իսկ դուք գիտեի՞ք» խորագիրը կրող գրական տեղեկատվության շարքը:
Գործունեության լուսաբանումն ու տեղեկատվության մատուցումը շնորհակալ աշխատանք է, իսկ հրապարակումների` մարքեթինգային գործիքների ներկապնակով համեմելը թույլ կտա ստանալ իրապես որակյալ արտադրանք: Վերջերս մի հետաքրքիր բաց դաս տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) գրադարանում`Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ: Խնդիր էր դրվել առաջադրել լուծումներ` գրադարանի առաջխաղացման համար: Երկու մասի բաժանված խմբերի լուծումներում, անկախ իրարից, առաջին պլանում հենց սոցիալական մեդիան էր, հատկապես Facebook և Instagram հարթակները: Այս հարթակներում կարևորելով գրադարանավարի աշխատանքի դերը, ուսանողները առաջադրում են ընդգրկել նաև SMM մասնագետներ, հրապարակումներ ստանալով այս երկուսի համագործակցությամբ: Հրապարակումներում կարևորություն են տալիս գրքերի առանձին` կուլմինացիոն հատվածների ներկայացմանը, որը մոտիվացիա կարող է դառնալ ընթերցողին դեպի գիրքը բերելու: Ուսանողները նախապատվությունը տալիս են ինտերակտիվ նյութերին, ինֆորմացիայի` անիմացիոն մատուցմանը: Առաջարկում են նաև առանձին հրապարակումներով անդրադառնալ հանձնարարական գրականությանը:
Ի վերջո, ինչ է բովանդակում իր մեջ սոցիալական մեդիա ասվածը, և որն է գրադարանի առաջխաղացմանն ուղղված նրա դերը.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆ ՕԳՆՈՒՄ Է ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ՊԱՏՄԵԼՈՒ
• գրադարանային իրադարձությունների մասին
• գրքերի մասին
• գրողների մասին
• հոբելյանական տարելիցների մասին
• հոբելյարների մասին
ՕԳՆՈՒՄ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԵՌԵԼՈՒ
• դեպի տվյալ գրադարանը
• գրադարանային հրապարակումներին
• ստեղծագործողներին
ՕԳՆՈՒՄ Է ՄՈՏԻՎԱՑՆԵԼ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
• գրադարան այցելելու համար
• գրադարանային հրապարակումներին հետևելու համար
• ընթերցանության խթանման համար
• գրադարանի կայք այցելելու համար

Իհարկե, այս ցանկը կարելի է ավելի ու ավելի լրացնել և ապացուցել, որ ինֆորմացիոն ոլորտում գրադարանի դերը մեծ է, իսկ սոցիալական ցանցի հետ համաքայլ` անփոխարինելի:
ՇՈՂԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
ՀՊՏՀ գրադարանի աշխատակից