Կիրակի, 6 Հոկտեմբերի, 2024
Հրապարակումներ

Գրադարանները և սոցիալական մեդիան /մաս 2/

Մի քանի խորհուրդ սոցիալական ցանցերի պատասխանատուներին

Հայտնի է, որ մենք ավելի շատ ընկալում ենք աչքերով, քան թե մնացած զգայարաններով։ Արտաքին աշխարհից մարդկանց ստացած տեղեկատվության 75%-ը ստացվում է տեսողության, 13%-ը՝ լսողության, և մնացածը՝ համի, հոտառության և շոշափելիքի միջոցով։ Սա նշանակում է, որ սոցցանցերում օգտագործվող լուսանկարները և գրաֆիկական պատկերները ձեր նյութերի բովանդակությունը տեղ հասցնելու հիմնական գրավականն են։ Գրադարանները թվային տարբեր սարքերի օգնությամբ կարողանում են անհրաժեշտ լուսանկարներ և տեսանյութեր ստանալ միջոցառումները լուսաբանելու համար, սակայն այլ է խնդիրը գրադարանի գործունեությունը ներկայացնելու պարագայում։ Մասնավորապես, երբ գրադարանը պատրաստվում է սոցիալական կայքերում հրապարակումներում կոլաժներ, ցուցապատկերներ, դիագրամաներ և այլ նմանատիպ նյութեր օգտագործել, հարկ է լինում օգտվել նոր գործիքակազմից։

Համացանցը տարբեր գործիքներ է առաջարկում գրաֆիկական ձևավորումների համար։ Canva, Google Drawings, Google Charts, Pixlr։ Այս և այլ բազմաթիվ ծրագրային միջոցներ և հավելվածներ ձեզ հնարավորություն են տալիս հետաքրքիր գրաֆիկական ձևավորումներ անել սոցիալական ցանցերի համար։ Եվ ինչու միայն սոցիալական ցանցերի։ Այս նույն գործիքակազմը կարելի է օգտագործել գրադարանային հրատարակությունների և արտաքին գովազդի նյութերի պատրաստման համար։

Ինչի՞ց սկսել։ 

Առաջին, վստա՛հ եղեք, որ ձեր օգտագործած գրաֆիկական պատկերների համար դուք ճիշտ գունային լուծումներ եք ընտրել։ Հաջողության հասնելու համար պետք է ազդել ձեր լսարանի զգայությունների վրա։ Առաջին հերթին մենք պետք է ազդենք նրանց ոչ թե տրամաբանության, այլ զգայարանների վրա։ Եկե՛ք այստեղ մի քիչ էլ «խորանանք», մի քիչ էլ մտորենք։ Եթե խանութում գնումներ կատարող հաճախորդին հարցնեն, թե ինչով են նրանք առաջնորդվել գնում կատարելիս, ապա նրանց բացարձակ մեծամասնությունը կպատասխանի, որ իրենք շատ «տրամաբանական» ընտրություն են արել՝ հաշվի առնելով ապրանքի գինը, կիրառելիությունը, պիտանելիությունը և այլն։ Մինչդեռ շուկայի և մարդկանց վարքագծի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցանկացած որոշման հետևում մարդկային զգայություններն են, և որ մենք հակված ենք գերագնահատելու մեր վարքագծի տրամաբանության գնահատականը։ Իրականում մենք ավելի զգացողությամբ, քան տրամաբանությամբ ենք առաջնորդվում։

Ուստի ձեր գունային լուծումները շատ կարևոր են։ Գույների միջոցով դուք ձևավորում եք ձեր իմիջը, ապահովում ձեր հանրային ընկալումը։ Ներկայացնենք, թե օգտվողների մոտ ինչ զգացողություններ են արթնացնում հետևյալ գույները․

Կարմիր – այն եռանդի  և հրատապության գույնն է։ Ասոցացվում է նաև սիրո և զայրույթի հետ։ Կենտրոնացնում է ուշադրությունը, դրա համար էլ օրացույցում կարևորագույն իրադարձությունները նշվում են կարմիր գույնով։ Ի դեպ, տղամարդիկ և կանայք տարբեր կերպով են ընկալում կարմիր գույնը։ Արիզոնայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որը գենը, որը պատասխան է տալիս կարմիր գույնի ընկալման համար, գտնվում է X քրոմոսոմներում: Քանի որ կանանց մոտ գոյություն ունի երկու X քրոմոսոմ, իսկ տղամարդկանց մոտ՝ մեկ, կանայք ավելի լայն սպեկտրով են ընկալում կարմիրը, քան տղամարդիկ:

Նարնջագույն – Այս գույնը առաջ է բերում հուզականություն, ջերմություն, ոգեշնչվածություն: Խորհրդանշում է ազատություն, համբերատարություն, բարձր է պահում դիմադրողականությունը։ Այս գույնը կապված է ինքնահաստատման ձգտման հետ: Նարնջագույնը տաք գույն է, որը բարձրացնում է տրամադրությունը, ցույց է տալիս կյանքի լավ և ուրախ կողմերը:

Դեղին – լավատեսության և երիտասարդության գույնն է։ Այն համարվում է տաք և ուրախություն պարգևող գույն, որը բոլոր գույների մեջ ամենահոգնեցնողն է աչքերի համար:

Կանաչ – հարստության և հանգստության գույնն է։ Մուգ կանաչ երանգները ի հայտ են բերում կայունություն, հավերժություն և ամրություն, իսկ բաց երանգները՝ բարօրություն, լավատեսություն և գարնանային տրամադրություն: Ասոցացվում է երջանկության, ուրախության, առողջության հետ:

Կապույտ – վստահության, անվտանգության, հանգստության և պարզության գույնն է։ Սակայն երբեմն կարող է առաջացնել նաև տխրություն և անտարբերություն: Կապույտը աշխարհում ամենասիրված գույնն է: 17 երկրներում կատարված հարցումներից պարզ է դարձել, որ աշխարհում բնակվող մարդկանց 40% նախընտրում է կապույտ գույնը:

Վարդագույն – խորհրդանշում է ընկերասիրություն, կանացիություն, հասունություն, ասոցացվում է սիրո և ռոմանտիկայի հետ: Վարդագույնը մեղմում է ագրեսիան և անհանգստությունը:

Մանուշակագույն – հանգստի ու խաղաղության գույնն է։ Այն ամբիվալենտ գույն է, կարող է և´ ձգել դեպի իրեն, և´ վանել: Դրա համար մանուշակագույնի ընտրությունը պահանջում է ավելի նուրբ մոտեցում: Այն նախընտրում են վառ անհատականություն ունեցող և ստեղծագործ անձինք: Համարվում է դեռահաս աղջիկների ամենասիրելի գույնը: Այս գույնը բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում նյարդերը և միտքը, բարձրացնում ստեղծագործականության աստիճանը:

Սև — խորհրդանշում է հեղինակություն, հզորություն և ուժ։ Այս գույնը հետաքրքրություն է առաջացնում իր հանդեպ, ձգում է դեպի իրեն, բայց միևնույն ժամանակ նաև վախեցնում:

Երկրորդ, գրաֆիկական պատկերներում ուշադրությու՛ն դարձրեք, թե կոմպոզիցիայի որ մասում է գտնվում ձեր հիմնական ասելիքը։ Վստահ եղեք, որ ձեր ընթերցողների աչքերը հեշտությամբ կգտնեն հարկավոր տեղեկատվություն։ Օգտագործե՛ք գույների, ձևերի և չափսերի հակադրությունը, քանի որ դրանք այն միջոցներն են, որոնք ձեր դիզայնը ավելի ընկալելի, ավելի մոդայիկ կդարձնեն: Սակայն մի՛  կորցրեք ներդաշնակության և չափի զգացողությունը, այլապես արդյունքում ճչացող և անճաշակ ձևավորում կունենաք։

Երրորդ, գրաֆիկական կոմպոզիցիաների մեջ միատեսակ առարկաները խմբավորե՛ք իրար հետ, նյութերը մատուցե՛ք ներդաշնակության օրենքներով։

Եվ վերջապես, չորրորդ, ձեր գրաֆիկական կոմպոզիցիաներում հետևողակա՛ն եղեք և օգտագործե՛ք միևնույն գույները, տառատեսակները և ապրանքանիշը։ Մարդիկ սովորում են կրկնելու, կրկնությունների միջոցով։ Դիզայնի տարրերի հետևողական օգտագործմամբ դուք կնպաստեք, որ ձեր ընթերցողները ճանաչեն ձեր նյութերը, ձեր ապրանքանիշը։ Ժամանակի ընթացքում ձեր գրադարանի օգտվողները կսկսեն անմիջապես ճանաչել ձեր հրապարակումները, ձեր տեղեկատվական արտադրանքը, ձեր ապրանքանիշը։ Հետևողականորեն նույն գույների, տառատեսակների, ապրանքանիշի գործածումը բերում է հասարակական լայն ճանաչման։ Գործնականում ամենուր մենք հեշտությամբ ճանաչում ենք «Ամերիա», «Ucom», «Կարաս», «Կոկա-կոլա», «Նայք», «Ադիդաս» և այլ տեղական և համաշխարհային բրենդների առաջարկած ապրանքները և ծառայությունները։ Նույն ձգտումը պետք է ունենան նաև խոշոր գրադարանները։

Հայաստանի գրադարանները բրենդինգի ուղղությամբ դեռ առաջին քայլերն են անում։ Ուրախ կլինենք, եթե մեր դիտարկումները օգտակար լինեն գրադարանային մասնագետների համար։