«ՆՈՐԱՐԱՐ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ 2019» ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ գրադարանի ելույթը Նորարար գրադարաններ 2019 աշխատաժողովում։
1975 թ.-ից գործող ՀՊՏՀ գրադարանն այսօր փորձում է քայլել ժամանակի հետ և ընթերցողին ներկայանալ էլեկտրոնային գրադարանով, էլեկտրոնային սպասարկման մեթոդներով, ինչի մեջ արդեն ունի հաջողություններ: Ներկայում 4191 անուն գիրք, 105 հոդված, 1480 ատենախոսություն և 284 էլեկտրոնային ռեսուրս է ներկայացված գրադարանի կայքում` koha համակարգի միջոցով: Էլեկտրոնային սպասարկումն իրականացվում է բոլոր կուրսերի ուսանողների հետ /աշխատանքները սկսվել են 2016 թ-ից, աստիճանաբար ընդգրկելով գրադարանից օգտվել ցանկացող բոլորին/: Այժմ սպասարկվում են շուրջ 4140 ընթերցողների, ովքեր ՀՊՏՀ ուսանողները և անձնակազմի անդամներն են:
Ուսանողները պատվերն իրականացնում են` իրենց անհատական ծածկանունի և գաղտնաբառի միջոցով, ինչը նախօրոք տրամադրում է գրադարանավարը: Ուսանողը հեռակա հետևում է իր քարտի պարունակությանը. սա մեծ մասամբ թույլ է տալիս խուսափել տարաբնույթ խնդիրներից: Ներկա պահին գրադարանն անցել է մասնակի բաց դարակային համակարգի` ամենապահանջված գրքերի ներառումով, սակայն կան առաջիկայում ամբողջական բաց դարակային համակարգի անցնելու միտումներ, ինչը քննարկման փուլում է և առավելագույն ճիշտ, հարմարավետ ձևաչափի փնտրտուքներում:
2018 թ. «Նորարար գրադարաններ» աշխատաժողովը բավականին արդյունավետ է եղել նաև ՀՊՏՀ գրադարանի համար: Գրադարանը վիքիպեդիայում տեղադրել է հոդված, յանդեքս մետրիկայից սկսել է վերցնել գրադարանի էլեկտրոնային կայքի վիճակագրությունը, ինչից տվյալներ են առանձնացվում և պարբերաբար ներկայացվում հաշվետվություններում, տեղակայվում նաև սոցիալական ցանցում: Ինչպես երևում է դիտումների քանակից, դրանք բավականին հետաքրքրություն են ներկայացնում: Նախկին աշխատաժողովից ի վեր ստեղծվել է նաև առցանց կապ ընթերցողի հետ, որը նույնպես արդյունավետ է: Սույն գործիքն աշխատում է շատ ակտիվ, լուծում մի շարք խնդիրներ` ազատելով ընթերցողին ավելորդ անգամ այս կամ այն հարցով գրադարան այցելելուց: Սոցիալական ցանցում դրված տեղեկատվությունը օգտավետ է հայտարարությունների, նոր գրքերի ծանուցումների, առցանց բազաների շուրջ ծանոթացումների, մասնագիտական տարաբնույթ հոդվածների լուսաբանման և ընթերցղին այլ տեղեկատվություն մատուցելու համար: Այսօրվա գրադարանն ավելին կարող է` աուդիոգրքերով զինվելու շնորհիվ, ինչը կրկին ժամանակը ռացիոնալ օգտագործելու տարբերակ է:

«ՆՈՐԱՐԱՐ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ 2019» ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓՈՒՄ` ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՈՒՆԻՑ

Սույն աշխատաժողովը ևս մեկ անգամ փաստեց` նորարար գրադարանավար, ասել է թե` ընթերցող ու լուսաբանող, ստեղծագործ անհատ ու դերասան, ռեժիսոր ու օպերատոր, մեկնաբան ու մենեջեր, մարքեթոլոգ ու որոնողական համակարգի պատասխանատու, խմբագիր ու սրբագրիչ, նկարիչ ու դիզայներ… այլ կերպ ասած` ունիվերսալ մասնագետ, ով ձեռնամուխ լինելով գրադարանային գործի ավտոմատացմանը, թվայնացմանը, աուդիոգրքերի ստեղծմանը, ստեղծագործությունների բեմականացմանը, գրականության գովազդմանն ու տարածմանը, ինֆորմացիայի դասակարգմանը, աղբյուրագիտական գործին, թանգարանագիտությանը, այդ ամենի` ավանդական և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցմանը, փորձում է լուծել մի խնդիր` տեղեկացված հասարակություն ունենալու խնդիրը և գրադարանը “everything you can imagine” անսահմանության մեջ պահելու խնդիրը:
Աշխատաժողովը գրադարանավարներիս համար լուսաբանեց google համակարգի մի շարք նրբություններ, որոնք օգտավետ կարող են լինել ընթերցողի որոնման արդյունքն առավել լիարժեք դարձնելու հարցում, ինչը կարելի է կատարել առանց գրադարանի հիմնական կայքից դուրս ելնելու` հենց դրա ներսում: Գործիքն օժանդակում է առանց երկար փնտրտուքի ստանալ զտված տեղեկատվություն նախընտրելի բազաներից:
Ինչպես վերը` աշխատաժողովին մասնակցելուց առաջ նշվել էր, այսօրվա գրադարանն ավելին կարող է աուդիոգրքերով զինվելու շնորհիվ, ինչը պարզվեց, որ առավել դյուրին կդառնա գրադարանում թեկուզ մեկ նորագույն սարքավորում ունենալու շնորհիվ /Alexa/: Պրակտիկայում կիրառելով լուսանկարչական հմտություններ և սոցիալական ցանցերի տրամադրած հնարավորությունները կարելի է գրադարան բերել ընթերցողին: Անհրաժեշտ է նաև տիրապետել ցանցերի անվտանգության կանոններին, պարբերաբար դիտարկել վիճակագրությունը, ինչը ևս լուսաբանվեց աշխատաժողովի ընթացքում: Ժամանակակից ընթերցողի պահանջներին հարիր գրադարան ունենալու ուղիներից մեկը համագործակցությունն է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, որի կանոնակարգի դիտարկումը նույնպես շատ կարևոր էր գրադարանավարներիս համար: Գրադարանավարի առաքելությունը պետք է լինի նաև համընդհանուր գործին լծվելը, ինչպես, օրինակ` Վիքիպեդիային անհրաժեշտ տեղեկատվությունը մասնագիտորեն ներկայացնելու և խմբագրական աշխատանքներ իրականացնելու հմտությունը, չէ որ, «Վիքին սիրում է գրադարանները» և ոչ միայն Վիքին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով