Յոհան Գուտենբերգ կամ «ընթերցող մարդու» ծնունդը

Գուտենբերգը ծնվել է մոտավորապես 1400թ. Գերմանիայի Մայնց քաղաքում։ Նրա հայրը աշխատել է քաղաքի դրամահատարանում, որտեղ դրամ էին հատում Հռոմեական սրբազան կայսրության համար: Գուտենբերգի մանկության տարիների մասին քիչ բան է հայտնի: Նա հավանաբար համալսարանական կրթություն է ստացել, քանի որ շատ լավ տիրապետում էր լատիներենին: Միջնադարյան Եվրոպայում կրթության և գիտության լեզուն լատիներենն էր: Բնակչության մեծ մասը ապրում էր գյուղերում: Մարդիկ սովորաբար ծնվում և ապրում էին մեկ վայրում: Շատ քչերն էին ճամփորդում: Գյուղից երբեմն գնում էին մինչև մերձակա քաղաքը: Հատուկենտ գրագետ մարդիկ կային: Գյուղի քահանայից բացի եզակի մարդիկ էին գրագետ: Մարդկանց մեծ մասը առհասարակ գիրք տեսած չկար: Լուրերը, գիտելիքները, կենսափորձը հաղորդվում էր սերնդից սերունդ բանավոր կերպով: Գուտենբերգը շարժական տառերի գյուտը հավանաբար արել է դրամահատարանում աշխատելու շնորհիվ: 1430-ական թվականներին նա տեղափոխվում է Ստրասբուրգ: Այստեղ նա շարունակում է մետաղագործի իր արհեստը: Երեք ընկերների հետ նա սկսում է մետաղյա հայելիների արտադրություն, որոնք նրանք վաճառում էին կրոնական ուխտավորներին: Այդ բոլոր տարիներին նա աշխատել է տպագրական հաստոցի ստեղծման վրա: Երկար ու համառ աշխատանքի արդյունքում տպագրության գյուտարարը հայտնագործեց մետաղից առանձին լիտերներ (տառեր) ձուլելու եղանակը: Դրանցով նա շարվածքի տողեր և էջեր էր կազմում և արտատպվածք անում թղթի վրա։ Գուտենբերգը զուգահեռ աշխատում էր նաև տպագրական թղթի որակի, ինչպես նաև տպագրական ներկ ստանալու վրա: Տպագրական ներկը պիտի տառերի սեղմումից չլղոզվեր, պիտի շուտ չորանար: Գրիչների կողմից ձեռագիր գրքերի համար օգտագործվող թանաքը ջրային հիմքի վրա էր ստեղծվում, որը պիտանի չէր տպագրության համար։ Գուտենբերգը տպագրական ներկը ստացավ յուղային հիմքի վրա՝ ներկի մեջ մետաղի փոշի (կապար և տիտան) ավելացնելով։ Թուղթը նույնպես պիտի բավականաչափ հարթ և խիտ լիներ, որպեսզի հնարավոր լիներ նրա երկու կողմերում տպագրություն անել: Գուտենբերգն իր տպագրական մեքենայի գյուտը խիստ գաղտնի էր պահում։ Իրենից բացի շարժական տառերով տպագրության մասին գիտեին միայն իր մի քանի աշակերտները։ 1448 թ-ին նա վերադառնում է Մայնց, որտեղ սկսում է գրքեր տպագրել։ Հավանաբար առաջին գրքի տպագրությունը նա սկսում է իրագործել 1450թ-ին: Որոշելով տպագրել «Աստվածաշունչը» նա Յոհան Ֆուստ անունով մի մեծահարուստից 1450 թ-ին և ապա 1452 թ-ին ամեն անգամ 800 գուլդեն գումար է պարտք վերցնում։ Հենց այդ գումարով էլ, հավանաբար, Գուտենբերգը պատրաստեց իր առաջին տպագրական հաստոցը և կարողացավ իրականացնել իր մտահղացումը: 1455 թ-ին չկարողանալով ժամանակին վերադարձնել պարտքը և ավելացած տոկոսները, նրա ամբողջ ունեցվածքը, այդ թվում՝ տպագրական մեքենան և առաջին տպագիր գրքի՝ «Աստվածաշնչի» եղած 180 օրինակները, դատարանի որոշմամբ բռնագրավվեց Ֆուստի օգտին: Այսպիսով, քաղաքում երկու մրցակից տպարաններ հայտնվեցին։ Մինչև մեր օրերն են հասել Գուտենբերգի տպած «Աստվածաշնչի» 49 լրիվ կամ թերի օրինակներ, որոնք գտնվում են աշխարհի խոշոր գրադարաններում (13-ը՝ Գերմանիայում, 11-ը՝ ԱՄՆ-ում, 8-ը՝ Անգլիայում, 4-ը՝ Ֆրանսիայում և այլն) և թանգարանային հավաքածուներում:

Գուտենբերգի «Աստվածաշունչը» բաղկացած է երկու հատորից։ Առաջին հատորը բաղկացած է 648 էջից և պարունակում է Հին Կտակարանի մեծ մասը, իսկ երկրորդ հատորը ունի 634 էջ և բովանդակում է Հին Կտակարանի մարգարեական գրքերն ու Նոր Կտակարանն ամբողջությամբ։ Գրքի ամեն մի էջն ունի 19,5սմ × 29սմ ձևաչափը և բաղկացած է երկու 42 տողանի սյունակներից։ Հրատարակության համար տառատեսակ է ընտրված գոթական գրի «Տեքստուրա» տեսակը, որը մեծ տարածում ուներ այդ ժամանակ Գերմանիայում և հիմնականում կիրառվում էր ծիսական գրքերում, քանի որ այս տառատեսակի խոշոր և հստակ գծագրումն ապահովում էր նրա տեսանելիությունն անգամ վատ լուսավորված եկեղեցական միջավայրում։ Գրքի 1-9 էջերում շարվածքը կատարված է 40 տողով, 10-րդ էջում 41 տող կա, իսկ մնացյալ շարվածքը կատարվել է 42 տողով, որի պատճառով էլ այն հայտնի է նաև «42 տողանի Աստվածաշունչ» (B42) անվամբ։ Նմանապես, առաջին էջերում օգտագործվել է երկգույն (սև և կարմիր) տպագրություն, որը, հավանաբար, տպագրության պրոցեսի դանդաղացման պատճառով չի շարունակվել, քանի որ երկգույն տպագրության համար թուղթը կրկնակի անգամ էր մամուլի տակ անցնում։

Յոհան Գուտենբերգը մահացել է 1468 թ-ի փետրվարի 3-ին։

15-րդ դարի երկրորդ կեսին գրատպությունը Եվրոպայում սկսեց արագորեն տարածվել։ Տպագրության գյուտից կես դար անց Եվրոպայի ավելի քան 200 քաղաքներում արդեն 1000-ից ավելի տպարան էր գործում։ Եվրոպայի տպագրական մայրաքաղաքը դարձավ Վենետիկը, որտեղ 150 տպարան կար։ Պատահական չէ, որ Հակոբ Մեղապարտը հայկական տպագրության համար հենց Վենետիկում հանգրվան գտավ։ Գրավաճառ ցանցը լցվեց եվրոպական լեզուներով տարբեր բնագավառների գրքերով, իսկ գրքերի գինը այլևս այնքան թանկ չէր, որքան ձեռագիր գրքերինը։ Իբրև բիզնեսի ոլորտ տպագրությունը շահավետ և խիստ մրցակցային էր։ Տպագրիչներն իրար հետ մրցում էին և նորամուծություններ անում։ Ի տարբերություն ձեռագրերի տպագիր գրքերը ավելի ստանդարտ կառուցվածք և ձևավորում ունեին։ Նախ առանձնացվեցին գրքերի տիտղոսաթերթերը։ Գրքերի խորագրերը նկարագրական և երկարաշունչ տեքստերից վերածվեցին պարզ, հասկանալի և հակիրճ խորագրերի։ Գրքերի վրա սկսեցին հայտնվել հեղինակների անունները։ Գրքերի տեքստը սկսեց շարվել պարագրաֆներով, էջերը սկսեցին համարակալվել, երևան եկան բովանդակության ցանկերը, գրքերում սկսեցին հայտնվել գրաֆիկական պատկերներ, քարտեզներ, աղյուսակներ։ Եվ ամենագլխավոր փոփոխությունը։ Գրքերը սկսեցին տպագրվել տարբեր եվրոպական լեզուներով։ Լատիներենը սկսեց նահանջել, փոխարենը զարգացան ազգային լեզուները։ Դրանք սկսեցին կանոնակարգվել, շտկվեց լեզուների քերականությունը, ուղղագրությունը և միասնականացավ կետադրությունը։

Տպագրության գյուտը հսկայական ազդեցություն ունեցավ համաեվրոպական կրթության, մշակույթի, կրոնի և գիտության զարգացման վրա։ Դեռևս 15-րդ դարում Իտալիայում սկիզբ առած Վերածննդի դարաշրջանը շնորհիվ տպագրության ավելի արագ ծավալվելու հնարավորություն ստացավ։ Հրատարակիչները տպագրում և տարածում էին հին լեզուներից (հունարեն, հրեերեն, արաբերեն) լատիներեն կատարվող թարգմանությունները, Արիստոտելի, Սուրբ Ավգուստինի, Ցիցերոնի և անտիկ շրջանի այլ հեղինակների գործերը։ 1543 թ-ին, մահվանից քիչ առաջ, լույս տեսավ Նիկոլայ Կոպեռնիկոսի (1473-1543) դարակազմիկ գիրքը՝ «Երկնային ոլորտների պտույտի մասին» (De revolutionibus orbium coelestium), որը աստղագիտության մեջ սկիզբ դրեց արևակենտրոն տեսությանը և սկզբնավորեց առաջին գիտական հեղափոխությունը։ Իր ուսումնասիրությունների և գիրքը գրելու համար Կոպեռնիկոսը օգտվել է այդ ժամանակ արդեն հրատարակված բազմաթիվ գրքերից։ Տպագրությունը նպաստեց նաև Հռոմի պապական եկեղեցու իշխանության դեմ պայքարին։ Հռոմեական եկեղեցու դեմ պայքարը սկսեց գերմանացի աստվածաբան և վանական Մարտին Լյութերը (1483-1546)։ Լյութերը հայտնի է որպես եկեղեցու բարեփոխիչ և Բողոքականության հիմնադիր։ Նրա 95 թեզիսները (լույս է տեսել 1517 թ. հոկտեմբերին) նշանավորում են Ռեֆորմացիայի սկզբնավորումը։ 1517թ․, երբ դոմինիկյան քարոզիչ Ջոն Տեցելը, գալով Վիտենբերգ քաղաքը (Մարտին Լյութերի ծննդավայրը Գերմանիայում) սկսեց թողագրեր կամ ինդուլգենցիաներ (մեղքի համար պատժից ազատում՝ դրամական փոխհատուցման դիմաց) վաճառել, Լյութերը եկեղեցու դռանը կախեց իննսունհինգ դրույթ՝ ընդդեմ այդ գործելակերպի և դրա հետևանքների։ Նա առաջինն էր, որ Աստվածաշունչը լատիներենից թարգմանեց գերմաներեն։ Լյութերը պնդում էր, որ Սուրբ գիրքը հանրության գիրք է և այն պիտի մատչելի լինի բոլորին։

Գուտենբերգի կողմից շարժական տառերով տպագրության գյուտը գրքի զարգացման ճանապարհին 4-րդ կարևոր հանգրվանն էր: Կարելի է ասել, որ «ընթերցող մարդու» ծնունդը սկիզբ է առել Վերածննդի և Լուսավորության դարաշրջաններում, ի հետևանք այսպես կոչված «Գուտենբերգի գալակտիկա»-յի: Ժամանակակից եվրոպական շատ գրադարանների հավաքածուները սկիզբ են առել 16-րդ դարում: Արևմտաեվրոպական երկրներում սկսեցին կառուցվել նոր հոյաշեն գրադարաններ, որոնք աչքի էին ընկնում ճարտարապետական ինքնատիպությամբ, որոնք երբեմն իրենց մասշտաբներով մրցում էին եկեղեցական տաճարների և շինությունների հետ: Դրանք յուրօրինակ «լույսի տաճարներ» էին, որոնք բաց էին ծառայելու գիտնականներին, ուսանողներին և արիստոկրատիային: Այդ շրջանի գրադարանային ճարտարապետության գլուխգործոցներից կարելի է հիշատակել Ավստրիայի ազգային գրադարանը (1723թ.), Տրինիտի քոլեջի գրադարանը (Դուբլին, Իռլանդիա, 1712-1732թթ.), Ավստրիայի Մելք (1736թ.) և Ադմոնթ (1776թ.) վանական գրադարանները, Չեխիայի ազգային գրադարանը (1781թ.), Ֆրանսիայի ազգային գրադարանը (1868թ.):

Ներսես Հայրապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Secured By miniOrange