Հանրային գրադարանների աշխատանքի կազմակերպման իրավական և ֆինանսական հարցեր

Հանրային գրադարանը համայնքային հաստատություն է, որը տեղական մակարդակով բնակչության համար մուտք է ապահովում դեպի ամենատարբեր բովանդակության գիտելիքներ և տեղեկատվություն տրամադրում ի բարօրություն ինչպես առանձին քաղաքացիների, այնպես էլ ամբողջ համայնքի համար։ Հանրային գրադարանների գործառույթների հաջող իրականացման համար դրանք պետք է պաշտպանված լինեն համապատասխան օրենսդրությամբ և մշտական ֆինանսավորումով։

Գոյություն ունեն հանրային գրադարանների և իշխանության մարմինների միջև հարաբերությունների կարգավորման բազմաթիվ մոդելներ։ Ճիշտ այդպես էլ բազմաձև և բարդ են օրենքները, որոնք կարգավորում են նրանց գործունեությունը, ինչպես նաև գրադարանների ֆինանսավորման սխեմաները։ Տարբեր երկրներում գրադարանային ծառայությունների մատուցումը մասամբ կամ ամբողջովին կարգավորվում է տեղական, շրջանային, երկրամասային կամ քաղաքային իշխանության մարմինների կողմից։ Քանի որ հանրային գրադարանները տեղական հաստատություններ են, տեղական ինքնակառավարման մարմինները հաճախ դառնում են դրանց կառավարման ամենահարմար կառույցները։ Սակայն կան նաև երկրներ, որտեղ հանրային գրադարանների կառավարումը կազմակերպվում է երկրամասային և պետական մակարդակով, այդ դեպքում կարևոր գործառույթներ է վերապահվում ազգային գրադարաններին։

Որոշ երկրներում թեև տեղական մարմինները պատասխանատու են հանրային գրադարանների գործունեության համար, սակայն չունեն դրա համար անհրաժեշտ միջոցներ։ Այդ պատճառով ոչ կառավարական կազմակերպությունները և մասնավոր հիմնադրամները գործնականորեն ներգրավվում են հանրային գրադարանների ղեկավարման մեջ։

Կայուն զարգացման և տեղեկատվական համակարգում սեփական խնդիրների կատարման համար հանրային գրադարանը պետք է սերտ կապ ունենա իշխանության համապատասխան մակարդակի մարմինների հոտ և ֆինանսավորում ստանա նրանցից։

Էլեկտրոնային տեղեկատվության աղբյուրների զարգացման արդյունքում առկա գրադարանային և տեղեկատվական ռեսուրսների առավել ամբողջական և արդյունավետ օգտագործման նպատակով շատ երկրներ տեղեկատվության ոլորտում ազգային քաղաքականություն են մշակում։ Հանրային գրադարանները պետք է լինեն նման քաղաքականության գլխավոր բաղադրիչներից մեկը, իսկ գրադարանային աշխատողները պետք է հետևեն, որպեսզի իրենք ակտիվորեն ներգրավվեն դրա մշակման մեջ։

Հանրային գրադարանների գործունեությունը պետք է կանոնակարգվի օրենսդրությամբ, որը կապահովի նրանց մշտական գործունեությունը և թույլ կտա համապատասխան տեղ զբաղեցնել համայնքի սոցիալական կառուցվածքի մեջ։ Հանրային գրադարանի մասին օրենսդրությունը շատ տարբեր է։ Որոշ երկրներ օրենք են ընդունում հատուկ հանրային գրադարանների համար, այլ երկրներում այն ավելի լայն օրենսդրական կարգավորման մաս է կազմում, որը տարածվում է բոլոր տիպի և տեսակի գրադարանների վրա։ Հանրային գրադարանի մասին օրենսդրությունը լրացվում է նաև ենթաօրենդրական ակտերով և որոշումներով։ Օրենսդրությունը կարող է պարզ բովանդակություն ունենալ և համայնքներին թույլատրել ինքնուրույն որոշել գրադարանի հիմնադրումը, սակայն կենտրոնական իշխանությունները սովորաբար իրենց իրավունք են վերապահում իրենք որոշելու հանրային գրադարանի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը, ինչպես նաև ընդունում են համապատասխան գրադարանային ստանդարտներ։

Օրենսդրական կարգավորումները պետք է հստակ սահմանեն հանրային գրադարանների զարգացման համար պատասխանատու մարմինը, ֆինանսավորման կարգը, ինչպես նաև գրադարանների միասնական համակարգի ձևավորումը տարածքային (մարզային) կամ համապետական մակարդակով։

Հեղինակային իրավունքի մասին օրենսդրությունը հատուկ նշանակություն ունի հանրային գրադարանների համար, հատկապես նրանք, որոնք վերաբերվում են էլեկտրոնային փաստաթղթերին։ Այս օրենսդրությունը պետք է անընդհատ վերանայվի և թարմացվի, իսկ գրադարանավարները պետք է միշտ հետևեն տեղեկատվության միջոցների վերաբերվող օրենսդրական փոփոխություններին։ Գրադարանային աշխատողները պետք է տարածեն և աջակցեն հեղինակային իրավունքի մասին օրենսդրությանը, որն արդար հավասարակշռություն է ապահովում հեղինակների իրավունքների և օգտվողների կարիքների միջև։

Որոշ երկրներում օրենքներ են ընդունվել, որոնք գրքերի հեղինակներին և գրքի ստեղծմանը մասնակից անձանց համար պարգևավճարներ են նախատեսում գրադարաններում դրանց օգտագործման կամ գրքերը տուն սպասարկելու համար։ Կարևոր է, որպեսզի այդ նպատակի համար առանձնացված միջոցները չարվեն գրադարանների համալրման համար նախատեսված բյուջետային հատկացումների հաշվին։

Հանրային գրադարանի առջև դրված խնդիրների հաջող լուծման համար կարևոր է ունենալ ֆինանսավորման բավական բարձր մակարդակ։ Առանց համապատասխան ֆինանսավորման անհնար է գրադարանային սպասարկման բարձր մակարդակ ապահովել և արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները։

Ոչ մի հանրային գրադարան, որքան էլ մեծ և հարուստ լինի, չի կարող բավարարել հաճախորդների բոլոր պահանջմունքները։ Համագործակցությունը այլ գրադարանների, հարակից կազմակերպությունների և ցանցերի հետ, ինչպես նաև տեղեկատվության այլ աղբյուրների մուտքի ապահովումը գրադարանին օգնում է հարստացնել ունեցած ռեսուրսները՝ հաճախորդների պահանջները բավարարելու համար։

Հանրային գրադարանները բազմաթիվ աղբյուրներից են ֆինանսավորվում, սակայն նրանց ֆինանսավորման աղբյուրները տարբեր են և կախված են տեղական գործոններից։

Ֆինանսավորման գլխավոր աղբյուրներն են․

  • տեղական, տարածքային և կենտրոնական հարկեր
  • տեղական, տարածքային և կենտրոնական կազմակերպությունների կողմից տրամադրվող դրամաշնորհներ

Ֆինանսավորման օժանդակ աղբյուրներն են․

  • ֆինանսական հաստատությունների և մասնավոր անձանց կողմից կատարվող նվիրատվությունները
  • կոմերցիոն գործունեությունից ստացված եկամուտը, օրինակ, գրահրատարակչական գործունեություն, գրքի առևտուր, արվեստի գործերի և արհեստագործական իրերի վաճառք
  • հաճախորդների վճարումներից ստացված մուտքերը, օրինակ, տուգանքների գանձումը
  • բարեգործական կազմակերպություններից ստացված մուտքեր
  • եկամուտ, ստացված հաճախորդներին մատուցվող անհատական ծառայություններից, օրինակ, նյութերի պատճենահանում
  • հատուկ կազմակերպված վիճակախաղից ստացված եկամուտը։

Գրադարանային աշխատողները պետք է ակտիվ լինեն արտաքին աղբյուրներից հանրային գրադարանի համար ֆինանսավորում ներգրավելու համար։ Սակայն նրանք չպետք է դրամական կամ ապրանքային նվերներ ընդունեն ումից էլ որ այն ստացվի, եթե այդ նվիրատվությունը խաթարում է հանրային գրադարանի գործունեության հիմնարար սկզբունքները և բացասական ազդեցություն թողնի գրադարանի հասարակական իմիջի վրա։

Հանրային գրադարանները պետք է կառավարվեն համապատասխան մարմինների կողմից, որոնց կազմի մեջ հիմնականում կընդգրկվեն տեղի համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ տեղական ընտրովի մարմինների և գրադարանի հոգաբարձուների խորհրդի անդամները։ Գրադարանային հանձնաժողովները և ղեկավար մարմինները պետք է առաջնորդվեն իրենց կանոնակարգերով, նրանց նիստերը պետք է բաց լինեն համայնքի համար։ Նիստերը պետք է անցկացվեն կանոնավորապես։ Պետք է հրապարակվեն նիստերի օրակարգերը, կարճ հաշվետվություններ, տարեկան աշխատանքի և ֆինանսական հաշվետվությունները։

Հանրային գրադարանները պետք լավ մենեջերներ և տնօրեններ ունենան։ Հանրային գրադարանի ղեկավարության գործունեությունը պետք է նպատակաուղղված լինի հաճախորդների սպասարկման որակի բարելավմանը։ Լավագույն արդյունքների հասնելու համար խոշոր հանրային գրադարանների ադմինիստրատիվ աշխատողները պետք է մի քանի մասնագիտացմամբ մասնագետներ լինեն։

Հանրային գրադարանները գործունեություն են ծավալում ավելի ու ավելի բարդ հասարակական պայմաններում, որը մարդկանցից ավելի շատ ժամանակ և ուշադրություն է պահանջում։ Դրա համար  գրադարանավարները պետք է անընդհատ հիշեցնեն իրենց մասին և գրադարանների կողմից մատուցվող ծառայությունների մասին։ Ուստի կարևորվում է գրադարանային գովազդի դերը։ Այն կարող է սկսվել գրադարանի ցուցանակից, աշխատանքային ժամերի մասին հուշաթերթերից մինչև բարդ մարկետինգային արշավների ծրագրի մշակում և անցկացում գրադարանային կայքերի և սոցիալական տարբեր հարթակների օգտագործմամբ։

(Շարունակելի)

Ներսես Հայրապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով