ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Աշխարհի խոշոր գրադարանների կողմից բազմաթիվ թվայնացման ծրագրեր են իրականացվում: Առավել ճանաչված միջազգային ծրագրերից է Համաշխարհային թվային գրադարան (ՀԹԳ) ծրագիրը: Ծրագիրը նախաձեռնել է Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանը, որի նպատակն է թվայնացնել և առցանց մատչելի դարձնել աշխարհի տարբեր երկրներում պահվող կարևոր մշակութային և պատմական փաստաթղթերը: Տե՛ս http://www.wdl.org

Ծրագիրը համագործակցում է աշխարհի 193 երկրներից հարյուրավոր գրադարանների և այլ հաստատությունների հետ: Այն բաց է բոլոր գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ հաստատությունների համար, որոնք ցանկանում են և պատրաստ են մասնակցել ծրագրին, որը վայելում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը:
Ծրագրի նպատակներն են`
• Աջակցել միջազգային և միջմշակութային փոխըմբռնմանը ցույց տալով աշխարհի երկրների մշակույթի լավագույն և կարևոր նմուշները:
• Ապահովել բարձրորակ առցանց պաշարներ հետազոտողների, ուսուցիչների և հանրության համար:
• Օգնել թվային տեխնոլոգիաների զարգացմանը աջակցելով գրադարանների թվայնացման կարողությունների հզորացմանը:
• Աջակցել համագործակից հաստատությունների թվայնացման կարողությունների լրացմանը երկրի ներսում և միջազգային ասպարեզում թվային խզվածքը հաղթահարելու նպատակով:
ՀԹԳ կայքը գործում է 7 լեզուներով, այդ թվում ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներով (արաբերեն, անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն), ինչպես նաև պորտուգալերեն: ՀԹԳ-ի կայքում կարելի է կարդալ 85 լեզուներով նյութեր, այդ թվում նաև հայերեն: Առ 4 դեկտեմբերի 2019թ․ այստեղ գրանցված է 19,147 միավոր թվայնացված հրատարակություն։

ՀԹԳ-ում ներկայացվում են գրքեր, ձեռագրեր, քարտեզներ, գրաֆիկական տպագրության ստեղծագործություններ, պարբերականներ, ֆիլմեր և ձայնագրություններ: ՀԹԳ-ն անխտիր ամեն ինչի կամ մասսայական թվայնացման ծրագիր չէ, այլ նյութերը թվայնացնում է համաձայն դրանց կարևորության և նյութերի հանդեպ եղած գիտական և հասարակական հետաքրքրության աստիճանի:

Ծրագրում ներկայացված յուրաքանչյուր միավոր փնտրելի է համաձայն հրատարակման վայրի, ժամանակի (տարեթվի), թեմայի, նյութի տեսակի, ներկայացնող հաստատության և լեզվի:

Ծրագրում ներկայացված յուրաքանչյուր միավոր ուղեկցում է մեկ պարբերության չափով նկարագրություն, որտեղ ներկայացվում է տվյալ միավորը, ինչպես նաև տրվում է գնահատական, թե որն է տվյալ միավորի կարևորությունը։

Թվայնացված բովանդակությունը տեղադրվում է երկու սերվերների վրա` ՀԹԳ-ի, Ինչպես նաև ծրագրի գործընկերոջ սեփական սերվերում: ՀԹԳ-ում ներկայացվում են գրքեր, ձեռագրեր, քարտեզներ, գրաֆիկական տպագրության աշխատանքներ, պարբերականներ, ֆիլմեր և ձայնագրություններ ՀԹԳ-ն կառավարվում է համաձայն նրա կանոնադրության: Այն ունի գործադիր խորհուրդ, հանձնաժողովներ, որոնք պատասխանատու են ՀԹԳ-ի բովանդակության և տեխնոլոգիական խնդիրների լուծման համար: Տարեկան մեկ անգամ ՀԹԳ-ի գործընկերները հավաքվում են քննարկելու ծրագրի զարգացման հարցերը: ՀԹԳ-ի ծրագրերի կատարման կառավարումը վստահված է Կոնգրեսի գրադարանին:

2010թ-ին Հայաստանի ազգային գրադարանը անդամագրվել է ՀԹԳ-ին: Ազգային գրադարանի կողմից ՀԹԳ ծրագրում այս պահին տեղադրված են Մեղապարտի երեք գրքերը` «Ուրբաթագիրքը», «Պարզատումարը» և «Տաղարանը», ինչպես նաև Մխիթար Սեբաստացու «Աստվածաշունչը» (1733թ․): Մի քանի տասնյակ հայերեն գրքեր թվայնացվել են Կոնգրեսի գրադարանի կողմից, այդ թվում՝ 2012թ․հայ տպագրության 500-ամյակի առթիվ Լևոն Ավդոյանի կողմից գրադարանում կազմակերպված «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ» ցուցահանդեսում ներկայացված ավելի քան 100 միավոր տպագիր նյութերը։

Ներսես Հայրապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով