ԻՖԼԱ-ի Հանրային գրադարանների աշխատանքի ուղեցույցը

ԻՖԼԱ-ի Հանրային գրադարանների աշխատանքի ուղեցույցը կազմվել է աշխատանքային խմբի կողմից Քրիստի Կունցի և Բարբարա Գաբբինի գլխավորությամբ և հրատարակվել անգլերեն 2010թ-ին։ Ուղեցույցը թարգմանվել է մեկ տասնյակից ավել լեզուներով, այդ թվում նաև ռուսերեն: Թեև 10-ամյա վաղեմությանը, կարծում եմ օգտակար է այն ներկայացնել մեր գրադարանային հանրությանը։

Սա ԻՖԼԱ-ի հանրային գրադարանների ուղեցույցի 2-րդ հրատարակությունն է։ Առաջին հրատարակությունը եղել է 2001թ-ին։ Հանրային գրադարանների Ուղեցույցը բաղկացած է 7 գլուխներից և հավելվածից։ Այն ներկայացնում է հանրային գրադարանի առաքելությունը և նպատակները, անդրադառնում իրավաբանական և ֆինանսական հարցերին, գրադարանի հաճախորդների պահանջմունքների բավարարմանը, ֆոնդերի համալրմանը, մարդկային ռեսուրսներին, գրադարանի կառավարմանը, ինչպես նաև հանրային գրադարանների մարկետինգի հարցերին։

Հանրային գրադարանները ստեղծվում և ֆինանսավորվում են համայնքների կողմից տեղական և տարածքային ինքնակառավարման մարմինների կամ ազգային իշխանությունների կողմից, կամ էլ հասարակական այլ կառույցների միջոցով։ Հանրային գրադարանները տարբեր ռեսուրսների և ծառայությունների միջոցով ապահովում են բնակչության մուտքը դեպի գիտելիք, տեղեկատվություն, անընդհատ կրթություն և գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք հավասարապես մատչելի են հասարակության բոլոր անդամներին անկախ նրանց ռասայական պատկանելությունից, ազգությունից, տարիքից, սեռից, հավատքից, լեզվից, աշխատելու կարողությունից, տնտեսական վիճակից, աշխատանքի վայրից և կրթության աստիճանից։

Հանրային գրադարանների մեծ մասի ստեղծման և զարգացման պահանջը թելադրվում է մարդկանց ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համար տպագիր, թվային, մուլտիմեդիա և համացանցային այլ ռեսուրսների մուտք ապահովելու անհրաժեշտությամբ։ Կրթությունը չի սահմանափակվում միայն դպրոց-համալսարան շղթայով և մարդկանց մեծ մասը շարունակում է սովորել և լրացնել իրենց գիտելիքները ամբողջ կյանքի տևողության ընթացքում։ Գիտելիքների լրացման կարիքը անընդհատ գործընթաց է, որն ապահովվում է նաև գրադարանների կողմից հանրությանը մատուցվող տեղեկատվական և գործնական-ուսուցողական ծառայությունների միջոցով։

Հանրային գրադարանները պետք է իրենց այցելուներին ապահովեն ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համար անհրաժեշտ նյութերով և ռեսուրսներով։ Գրադարանը պետք է նրանց օգնի արդյունավետ օգտվել ուսումնական պաշարներից, ինչպես նաև տեխնիկական միջոցնոր հատկացնի այդ շտեմարաններից օգտվելու համար։

Ի դեպ, հետաքրքիր է հետևել ուղեցույցի տարբեր տարիների հրատարակություններում գործածվող գրադարանային եզրաբանությանը և, մասնավորապես, ընթերցող հասկացության էվոլյուցիային։ ներկա 2010թ․ հրատարակության մեջ գործածվել է հաճախորդ եզրը։ Այսինքն, գրադարան մտնող և գրադարանի ծառայություններից օգտվողին ուղեցույցի կազմողները հաճախորդ են դիտում։ Սա վկայում է գրադարանի ծառայությունների առևտրայնացման մասին։ նախորդ, 2001թ․ հրատարակության մեջ գործածվել էր օգտվող սահմանումը։ Հասկանալի է, որ 1970-80-ական թթ․ հրատարակությունների մեջ գրադարանի այցելուին ընթերցող էին անվանում։

Տեղեկատվություն ստանալու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է։ Թեև քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում մարդկությունը երբևէ այսչափ տեղեկացված չի եղել, սակայն տեղեկատվության հոսքերի մեջ կողմնորոշվելը բարդ խնդիր է։ Թեև տեղեկատվական տեխնոլոգիաների տարածումը շատ երկրներում երկնիշ աճ է արձանագրում, սակայն դրանցից օգտվելու հնարավորությունը հավասարաչափ չի բաշխվում աշխարհում։ Շատ երկրներում համացանցից օգտվում է բնակչության մի մասը։ Մյուսներին համացանցը հասանելի չէ։ Համացանցից օգտվելու, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելու գործում կարևոր դեր է հատկացվում հանրային գրադարաններին։ Համաձայն ԻՖԼԱ-ի տվյալների աշխարհի հանրային գրադարանների 2/3-րդը անվճար համացանցային ծառայություններ է առաջարկում։

Որպես մատուցվող համայնքային ծառայություն, որը մատչելի է բոլորին, հանրային գրադարանները կարևոր դեր են կատարում տեղեկատվության հավաքման, մշակման, դասակարգման և հանրությանը դրանք օգտագործման տրամադրելու գործում։ Հանրային գրադարանի հատուկ պարտականությունն է նաև տեղական լուրերի, մշակութային իրադարձությունների և նշանավոր անհատների մասին նյութերի հավաքումը և մատենագրումը։

1994թ․ ԻՖԼԱ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համատեղ ընդունված «Հանրային գրադարանների մասին» հռչակագիրը կարևորում է գրադարանի կողմից «անհատի ստեղծագործական զարգացման համար պայմանների ապահովումը»։ Դրա համար անհատները պետք է մուտք ունենան դեպի գիտելիք, գիտական գրականություն և ստեղծագործելու հնարավորություն ունենան։

Հանրային գրադարաններին առանձնահատուկ դեր է վերապահված մատաղ սերնդի կրթության և նրանց բազմակողմանի զարգացման գործում։ Գրադարանները պետք է հատուկ ծրագրեր մշակեն երեխաներին վաղ մանկության տարիներից գրադարանների հետ կապելու համար։ Ընթերցանության ունակությունները ձեռք են բերվում դպրոցում և պետք է դրանք ամրապնդվեն գրադարանային ծրագրերի միջոցով։ Մանկական ընթերցանության ծրագրերը նպաստում են ոչ միայն նրանց կրթությանը, ընթերցողական սովորույթների ձևավորմանը, մտավոր զարգացմանը, այլև երեխաների միջոցով ավելի է սերտանում տվյալ համայնքի հետ կապը և համագործակցությունը, քանի որ երեխաների հետ գրադարան են այցելում նաև նրանց ծնողները, ավագ քույրերը և եղբայրները։

Հանրային գրադարանները նպաստում են նաև տեղական և ազգային մշակույթի տարածմանը և զարգացմանը։ Գրադարանները համագործակցում են տեղական մշակույթի օջախների, մշակութային կազմակերպությունների և արվեստագետների հետ։ Պետք է հնարավորություն ստեղծել տեղական արվեստի գործիչների ստեղծագործությունները գրադարաններում ցուցադրելու կամ կատարելու, տեղական մշակույթի գործերի հանրայնացման համար։

21-րդ դարում հանրային գրադարանը կարևոր սոցիալական դեր ունի։ Այն քաղաքացիական հասարակության կարևոր կենտրոններից մեկն է։ Գրադարանը հանդիպման վայր է տեղական համայնքի համար։ Հատկապես այն վայրերում, որտեղ գրադարանից բացի ուրիշ հանրային հաստատություններ չկան, գրադարանը պետք է տարածք տրամադրի հանրային հանդիպումների և քննարկումների համար։ Մի տեսակ, հանրային գրադարանը բոլորի համար ծառայում է որպես «համայնքային հյուրասրահ»։

Հանրային գրադարանը կարող է և պետք է ծառայի տվյալ համայնքի դրական փոփոխություններին միտված ծրագրերի մշակմանը, այդ նպատակով քաղաքացիներին ապահովելով անհրաժեշտ տեղեկատվությամբ և ռեսուրսներով։ Գրադարանը պետք է լավատեղյակ լինի համայնքին հետաքրքրող խնդիրներին և կարիքներին։

ԻՖԼԱ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հանրային գրադարանների մասին» հռչակագիրը ընդգծում է, որ հանրային գրադարանների ֆոնդերը և ծառայությունները չեն կարող ենթարկվել ոչ մի տեսակ գաղափարական, քաղաքական և կրոնական գրաքննության, ինչպես նաև առևտրային ճնշման։


(Շարունակելի)

Ներսես Հայրապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Secured By miniOrange