Գրադարանները կորոնավիրուսից հետո:

Հարգելի գործընկերներ,
Երեկ «Նորարար գրադարաններ» ֆեյսբուքյան կայքում Հյուսիսային Տեխասի համալսարանի գրադարանի կողմից կորոնավիրուսի պայմաններում սահմանափակ սպասարկմանը վերաբերվող իմ փոքրիկ գրառումը ստուգիչ նպատակ ուներ: Ձեր անդրադարձը ստույգ վկայում է, թե որքան ենք մենք բոլորս կարոտել մեր գրադարանային առօրյային, ընթերցողների հետ ամենօրյա շփումներին: Հիմա նորովի ենք գնահատում մեր աշխատանքի կարևորությունը և անհրաժեշտությունը ոչ միայն ընթերցողների համար, այլ նաև մեզ: Թե որքան թանկ և անփոխարինելի բանից ենք զրկվել, այն է՝ աշխատանքով մեր կյանքը լցնելու, հարստացնելու, նրան բովանդակություն հաղորդելու հնարավորությունից:
Այդ ամենը գիտակցելով, այնուամենայնիվ ասեմ, որ նախկին կյանքին վերադարձը անմիջապես և դյուրին չի լինելու: Գրադարանների վերաբացումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնց ապահովմամբ և լուծմամբ ներկայումս զբաղված է ՀՀ կառավարությունը, որով զբաղված են նաև աշխարհի բոլոր երկրների իշխանությունները:
Մեզնից յուրաքանչյուրը այդ օրը մոտեցնելու համար իր դերը և պարտականությյուններն ունի: Եթե բոլորը ճշտորեն հետևեն ՀՀ պարետի ցուցումներին և որոշումներին, ապա մենք օր առաջ կվերադառնանք մեր հարազատ գրադարանային միջավայր, գրքերի ու մարդկանց անեզր տիեզերք:
Որպեսզի պարզ պատկերացնենք գրադարանների վերաբացման գործընթացը ընդհանուր գծերով նկարագրեմ, թե ինչպես են դա անում ԱՄՆ գրադարանները: Օհայո նահանգի հանրային գրադարանների համար դեռևս այս տարվա մայիսի 2-ին պատրաստված ուղեցույցում գրադարանների վերաբացման համար նախապատրաստական աշխատանքների 4 փուլ է նախատեսված: (Մանրամասների համար հետևել այս հղմանը՝ http://olc.org/reopening-oh-libraries/)
1-ին փուլն ընդգրկում է այն աշխատանքները, որոնք հարկավոր է ապահովել, երբ գրադարանը փակ է թե՛ աշխատողների և թե՛ ընթերցողների համար: Այն է, հետևել պարետատան և առողջապահության նախարարության ցուցումներին, համապատասխան հայտարարություններ փակցնել գրադարանի փակ լինելու մասին, աշխատահիչ լուծույթներ և նյութեր ձեռք բերել և պահեստավորել գրադարանի սանիտարական վիճակը ապահովելու համար:
2-րդ փուլում գրադարանը փակ է հանրության և բաց է աշխատողների համար: Պետք է խստագույս հետևել սոցիալական պահանջվող 1.5մ հեռավորության պահպանմանը, աշխատողները պետք է գրադարանում եղած ժամանակ միշտ դիմակ կրեն, եթե առողջական տեսակետից որևէ այլ ցուցում չկա կամ եթե իրենց սենյակում միայնակ են աշխատում: Աշխատանքի ներկայանալիս կատավում է աշխատակիցների պարտադիր ջերմաչափում: Գրադարանավարները պետք է հետևեն իրենց առողջությանը և հիվանդության ախտանիշներ ի հայտ գալուց դիմեն բժշկի: Հաճախակի լվալ ձեռքերը (20 վայրկյանից ոչ պակաս), պարբերաբար մաքրել և ախտահանել աշխատասեղանները, համակարգիչները: Աշխատել երկու խմբի բաժանված, որպեսզի նվազեցվի միաժամանակ աշխատանքում ներգրավվածների թիվը:
3-րդ փուլում գրադարանը սկսում է սահմանափակ ծառայություններ մատուցել: Կրկին սոցիալական հեռավորության պահպանման և դիմակ կրելու նույն պահանջներն են, որը տարածվում է նաև ընթերցողների վրա: Աշխատակիցները պետք է հետևեն իրենց անձնական հիգիենային, հիվանդության ախտանիշների ի հայտ գալուն և եթե ունեն հիվանդության ախտանիշներ չպետք է ներկայանան աշխատանքի: Հանձնարարվում է ձեռքերը հաճախակի լվանալ, ախտահանել հաճախակի օգտագործվող մակերեսները (գրադարանային սայլակներ, համակարգիչներ, աղբամաններ և այլն): Գրադարաններում տեղադրված սննդի և խմելիքի ավտոմատները, սննդի կետերը չեն գործում: Վերադարձված գրականությունը պահվում է կարանտինային ժամանակամիջոց, նախքան գրադարակի վրա տեղադրվելը (72 ժամ): Խորհուրդ է տրվում սահմանափակել ընթերցողների մուտքը գրադարան և սահմանել, թե որքան ընթերցող կարող է միաժամանակ մուտք գործել գրադարան և հարկաբաժիններ: Շաբաթը մեկ անգամ սանիտարական օր անցկացնել՝ գրադարանը առավել խորությամբ մաքրելու և ախտահանելու նպատակով:
Եվ վերջապես 4-րդ փուլ, երբ գրադարանը վերադառնում է նորմալ կենսագործունեության առանց սահմանափակումների:

Ես ներկայացրեցի միայն այս հանձնարարականների ուրվագծերը: Ողջ փաստաթուղթը 10 էջ է կազմում և եթե բացենք նրանում եղած բոլոր կից հանձնարարականները, ապա այդ ծավալը հնարավոր է տասնապատիկ ավելի մեծ լինի:

Ներսես Հայրապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Secured By miniOrange