ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՆԱՄՔԸ

Նկատի առնելով, որ մեր երկրում գրադարանների մեծ մասը ձմեռվա ընթացքում չի ջեռուցվում, ուստի կարևոր է գրքային հավաքածուների պահպանության մասին նվազագույն կանոնների իմացությունը:

Գրադարանային հավաքածուների պահպանության և խնամքի համար իրենցից վտանգ են ներկայացնում նյութերի բնական ծերացումը, միջավայրի ջերմային և խոնավության պայմանները, լույսի ազդեցությունը, փոշին, գրականության օգտագործումը, պատճենահանությունը, որոշ ընթերցողների կողմից դրսևորվող վանդալիզմը, բնական աղետները և այլն:

Գրադարանային հավաքածուների մեծ մասը կազմում են ավանդական կրիչներով պատրաստված փաստաթղթերը: Այն է գրքեր, թերթեր, ամսագրեր, ձեռագրեր, քարտեզներ, պաստառներ և տպագրության բազմաթիվ այլ տեսակներ: Ավանդական տպագրության մեջ օգտագործված բոլոր նյութերը հիմնականում օրգանական ծագման են՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշի, փայտ, կտորեղեն, սոսինձներ, տպագրական ներկեր և այլն: Քսաներորդ դարի երկրորդ կեսից տպագրության մեջ սկսեցին օգտագործվել նաև սինթետիկ նյութեր:

Վերջին տարիներին գրադարանները սկսել են ավելի ու ավելի ինտենսիվ համալրվել ոչ-ավանդական փաստաթղթերով՝ միկրոֆիլմեր, դիամիկրոքարտեր, լազերային և օպտիկական սկավառակներ: Այս բոլոր փաստաթղթերը երկարատև պահպանման և օգտագործման ընթացքում աստիճանաբար փոփոխության են ենթարկվում և հնանում: Փաստաթղթերի վնասման պատճառները բազմաթիվ են, այդ թվում օգտագործված նյութերի քիմիական տարբերությունները, պահպանության պայմանների անբավարարությունը, անխնամ վերաբերմունքը, արտակարգ պատահարները, վանդալիզմը և այլն:

Գրադարանային հավաքածուների վրա իրենց ներգործությամբ առանձնահատուկ ուշադրություն են պահանջում օդի խոնավության և ջերմության կարգավորումը: Իհարկե, առանց այն էլ գրքերը ենթակա են բնական ծերացման: Գրքերի ծերացման պրոցեսի վրա հատկապես նկատելի է գրապահոցի ջերմաստիճանի և խոնավության նորմատիվների խախտումները: Ապացուցված է, որ ջերմաստիճանի բարձրացումը ազդում է նյութերի մեծամասնության քիմիական ռեակցիաների վրա, որը մոտավորապես կրկնապատկվում է ջերմաստիճանի բարձրացման յուրաքանչյուր 10 ° C- ի դեպքում: Հատկապես նկատելի է ջերմության վնասակար ազդեցությունը գրքերի կազմման մեջ օգտագործվող նյութերի քիմիական կազմի և բաղադրության վրա: Գրադարանի գրապահոցում ջերմաստիճանի և խոնավության մակարդակը պետք է լինի հնարավորինս կայուն: Այդ երկու հատկանիշների հաճախակի և մեծ տատանումները նույնիսկ ավելի վտանգավոր են, քան դրանց բարձր կամ ցածր, սակայն կայուն ցուցանիշները: Քանի որ շատ նյութեր կարող են հեշտությամբ խոնավություն կլանել և արձակել, ապա ցերեկային և գիշերային ջերմաստիճանի և խոնավության զգալի տատանումների ազդեցությամբ դրանք ենթարկվում են հաճախակի փոփոխությունների, ուռչում են և ապա կրճատվում: Որպես այդ փոփոխությունների հետևանք գրքերը ենթարկվում են ձևախախատման (կնճռոտվում են, ծալվում), ներկի շերտը աստիճանաբար թափվում է և այլն: Գրադարաններում նյութերի ճիշտ պահպանության համար սահմանվել են հետևյալ ստանդարտները. օդի ջերմաստիճանը պետք է լինի (18 ± 2) ° C, օդի (55 ± 5)% հարաբերական խոնավության պայմաններում:

Լույսի ազդեցությունը արագացնում է գրադարանային հավաքածուների ծերացումը: Լույսի ազդեցությամբ թուղթը դեղնում է, կորցնում ամրությունը և ճկունությունը, դրանից թուղթը դառնում է փխրուն և դյուրաբեկ: Տպագրական ներկը, գրքի կազմման համար օգտագործվող սոսնձանյութը, փոշին կատալիզատորի դեր են կատարում և արագացնում են լույսի վնասակար ազդեցությունը: Արևի լույսը բաղկացած է երեք տիպի ճառագայթներից՝ մարդու համար տեսանելի, ինչպես նաև մեր աչքի համար անտեսանելի ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթներից: Տպագիր գրքի համար վնասակար են արեգակի լույսի բոլոր երեք տեսակներն էլ: Ինֆրակարմիր ճառագայթների ազդեցությամբ թուղթը տաքանում է, խոնավազրկվում, որի հետևանքով գրքերը դեֆորմացվում են, կորցնում իրենց ճկունությունը և ամրությունը: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ փոխվում է թղթի քիմիական բաղադրությունը և այն առաջին հայացքից անտեսանելի, սակայն կործանարար ազդեցություն է թողնում գրքի վրա: Ուստի լույսից պաշտպանությունը գրադարանների խնդիրների մեջ ամենակարևորներից մեկն է:

Գրապահոցային հատվածներում պահանջվում է լուսավորությունը ապահովել գրադարակների միջև հատվածում, հավասարաչափ լուսավորություն, որը նույնչափ տեսանելիություն է ապահովում թե՛ գրադարակի վերևի շարքում դրված գրքերի և թե՛ ներքևի շարքի միավորների հետ աշխատելիս: Լույսի նորմայի չափման միավորն անվանում են լյուքս: Գրապահոցում պահանջվում է ոչ պակաս քան 200 լյուքս լուսավորություն: Ընթերցասրահում ավելի շատ լուսավորություն է պահանջվում: Այստեղ նորման սահմանված է 500 լյուքսից ոչ պակաս:

Գրքերի պահպանությունը պատշաճ խնամք և վարվեցողություն է պահանջում ոչ միայն ընթերցողների կողմից, այլև, առաջին հերթին՝ գրադարանավարների:

Գրքերն ընթերցելիս կամ գրքի հետ աշխատելիս պետք է ձեռքերը և ընթերցողական կամ աշխատանքային տարածքը մաքուր լինի: Պետք է գրքերից հեռու պահել ուտելիքը և խմելիքը: Գրադարակից գիրքը հանելիս պետք է գիրքը բռնել կողի միջնամասից. երբեք չի կարելի գիրքը դուրս քաշել կազմի վերևի մասից: Չի կարելի գիրքը ստիպողաբար, ուժով բացել ավելի քան 180 աստիճանով: Առավել ևս, եթե գիրքը սոսնձակար է և ոչ թե թելակար: Նմանապես չի կարելի էջանշանի փոխարեն օգտագործել տարբեր առարկաներ, կամ ծալել գրքի էջերը, նշումներ անել: Արգելվում է նաև գիրքը կազմել կամ նորոգել ինքնասոսնձվող ժապավենի միջոցով: Գրադարակները պետք է բավականաչափ հեռու լինեն ջեռուցման մարտկոցներից, ինչպես նաև օդափոխիչներից, դրանց կողմից տարածվող անմիջական ջերմային ազդեցությունից: Խորհուրդ է տրվում գրադարակի վրա դասավորելիս հաշվի առնել գրքերի չափսերը: Նույն չափսի գրքերը դարակի վրա ավելի լավ են իրար պաշտպանում:

Ձմեռային եղանակին չջեռուցվող գրադարաններում գրադարանային հավաքածուների խնամքի լավագույն եղանակը գրապահոցում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ թույլ չտալն է:

Ներսես Հայրապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Secured By miniOrange