Գրադարանային ավտոմատ տացքասարքեր

Գրադարանային ավտոմատները սկսել են գործածվել մոտ 10-12 տարի առաջ: Տարբեր անվանումներով (Book-O-Mat, BIBLIO-MAT, Readomatic, Red Room, Oovie) այդ ավտոմատ տացքակետերը գործում են սննդի կամ խմիչքի ավտոմատների նման:

Տացքասարքում եղած բոլոր գրքերը ցուցադրվում են մոնիտորի վրա: Գրքերը կարելի է ձեռք բերել գրադարանային քարտի օգնությամբ: Ընտրությունը կատարվում է միայն ցուցադրված գրադարանային գրքերից կամ տեսաֆիլմերից: Սարքերի մի մասը նախատեսված է միայն գրքերը կամ DVD-ները վերցնելու համար և դուք չեք կարող այս սարքերի միջոցով միաժամանակ վերադարձնել ձեր մոտ եղած նյութերը: Brodart ֆիրմայի ավտոմատ տացքասարքը կարող է լիցքավորվել և սպասարկման տրամադրել 180 կոշտ կազմով կամ 360 փափուկ կազմով գիրք, կամ էլ 400 DVD սկավառակ: Կան նաև ավելի կատարելագործված սարքեր, որոնց միջոցով կարելի է թե՛ գրքեր վերցնել և թե՛ վերադարձնել: Գրադարանը ինքն է սահմանում, թե մինչև քանի միավոր գիրք կարելի է դուրս գրել այս սարքերի միջոցով: Սովորաբար միաժամանակ կարելի է վերցնել մինչև 5 միավոր գրականություն: Ստացականի վրա նշվում է սպասարկված գրքերի անվանումը և սպասարկման ժամկետը: Նման գրադարանային ավտոմատները տեղադրվում են առավել մարդաշատ վայրերում, ինչպես, օրինակ, մետրոյում և տրանսպորտային հանգույցներում, խոշոր հանրախանութներում, հիվանդանոցներում, ինչպես նաև գրադարանների մոտ՝ ընթերցողներին հնարավորություն տալով գրքեր վերցնել 7/24 ռեժիմով, այդ թվում նաև գրադարանի ոչ աշխատանքային ժամերին:

Կից յութուբյան տեսանյութը ներկայացնում է Անգլիայի Ուորքվիքշեյր կոմսության Ջորջ Էլիոտ հոսպիտալում տեղադրված Ուորքվիքշեյր համայնքային գրադարանի ավտոմատ տացքակետը, որը նախատեսված է հոսպիտալում բուժվող հիվանդների սպասարկման համար: Հետևե՛ք կից հղմանը և դիտեք տեսանյութը՝ https://goo.gl/Qojv29

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով