Երեքշաբթի, 23 Ապրիլի, 2024
Հրապարակումներ

Երբ օգտվում ես հնարավորություններից

Ներկա ժամանակներում, երբ մարդկանց կյանքում իրենց հաստատուն տեղն են զբաղեցնում բջջային հեռախոսները, համակարգիչները և այլ մեկը մեկից գրավիչ տեղեկատվական գործիքներ, հաճախ կարծիք է հնչում, թե արդյոք այլևս անհրաժեշտ են գիրքն ու գրադարանները, թե կարելի է դրանք փոխարինել վերը նշված միջոցներով:  Միանշանակ պնդում ենք, որ այսօր աճում է գրքի և գրադարանի նկատմամբ հետաքրքրությունը:

Վայոց ձորի մարզային գրադարանը եռանդուն գործունեություն է ծավալում աշխատելով գրավել ընթերցողների լայն շրջանակների, կատարել կրթամշակութային, դաստիարակչական, քարոզչական աշխատանքներ, բարելավել սպասարկման մակարդակը՝ համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին:      

Գրադարանը բաց չի թողնում համագործակցության այն բոլոր հնարավորությունները, որոնք գրադարանի աշխատանքը դարձնում են ավելի արդյունավետ և որոնց արդյունքում իրականացվում է բազմաբնույթ կրթական, դաստիարակչական, մշակութային գործունեություն, ձեռք բերում ճանաչում, նոր և բազմաթիվ ընթերցողներ, հասնում կրթության նոր չափանիշների, նորարար գաղափարներ ներմուծում և բարելավում  գրադարանի աշխատանքը:

Այդ նպատակներին են ծառայում ուսումնական և մշակութային հաստատությունների, գրադարանային ոլորտի մասնագետների, ՀԿ-ների, ՏԻՄ-երի և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը: Համագործակցության արդյունքում սկիզբ է դրվում  նոր նախաձեռնությունների, նոր հնարավորություններ են ձեռք բերվում, զարգանում է տեղեկատվական գրագիտությունը, բարելավվում են գրադարանային ծառայությունների որակը, կատարելագործվում են մասնագիտական կարողությունները և դառնում փորձի փոխանակման լավագույն միջոց: Արդյունավետ համագործակցությունը, ինչու չէ, նաև նպաստում է գրադարանի նյութա-տեխնիկական և տնտեսական հնարավորությունների զարգացմանը:

Այս ամառ գրադարանն աչքի ընկավ երկու նորարարական ծրագրերի իրականացմամբ, որոնք նոր շունչ հաղորդեցին գրադարանին և նպաստեցին մեծաթիվ ընթերցողների հոսքին:

Հետաքրքիր էր Աշոտ Հովհաննիսյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի անցկացրած դասընթացը, որի ընթացքում ուսումնասիրելով հին լուսանկարները ծրագրի մասնակիցները ճամփորդեցին անցյալ ժամանակների միջով, որտեղ դեռ իրենք չկային: Ծրագրի մասնակիցները հետազոտեցին և քննարկեցին, զրուցեցին և լսեցին պատմություններ, կիսվեցին կարծիքներով և սովորեցին իրենց բնակավայրի կամ ընտանիքի պատմությունից մի կտոր, մի ուշագրավ դրվագ փոխանցել հետագա սերունդներին:

Մեկ այլ հետաքրքիր ծրագիր էլ պատրաստվում ենք իրականացնել ISTC ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների մշակման և զարգացման կենտրոնի հետ։ Այս համագործակցությունը միտված է մարզի կրթական համակարգի տեխնոլոգիական գիտելիքները, ծրագրերը զարգացնելուն և կայունացնելուն, գիտահետազոտական աշխատանքների խթանմանը, աջակցությանը տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների նորարարական ծրագրերի զարգացմանը: Ուսումնական ծրագիրն իր մեջ ներառում է վեբ ծրագրավորման , վեբ դիզայնի և արվեստի ու նախագծային դասեր:

Հաջորդ փուլում մասնակիցները կներգրավվեն Agtech Լաբորատորիաներ ծրագրում, որտեղ 3 տարվա ընթացքում երիտասարդները կսովորեն կիրառել նորարական տեխնոլոգիաներ գյուղատնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես նաև, մշակել սեփականը: Նրանք կուսումնասիրեն արհեստական բանականություն, ռոբոտաշինություն և բանացանց։

Գրադարանը 2021 թվականի ապրիլ ամսից համագործակցում է Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի հետ, որի արդյունքում մեր գրադարանում շարունակվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացները:

Այս ամենին զուգահեռ գրադարանն իր սեփական նախաձեռնությամբ ամռան ամիսներին վարում է գրական խմբակ, անգլերեն լեզվի, նկարչության դասեր, իրականացնում ուսուցողական, ինտելեկտուալ-ժամանցային խաղեր, որոնք նվիրված են գրքին, գրադարանին, մայրենի լեզվին և այլն:

Կարևորելով լավագույն գրադարան ունենալու գաղափարը՝ թիմային արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր ամեն միջոց կիրառվում է ընթերցողին գրադարան բերելու և բովանդակալից  ժամանց կազմակերպելու  համար:

Վայոց ձորի մարզային գրադարանը լինելով տարածաշրջանի կարևոր կրթական-մշակութային տեղեկատվական խոշոր հաստատություններից մեկը՝  նպաստում է ընթերցողների ստեղծագործական-հետազոտական աշխատանքների իրականացմանը, գիտելիքների խթանմանը, ինքնակրթությանը, բազմակողմանի զարգացմանը և հանդիսանում նրանց առօրյայի կազմակերպման կարևորագույն մաս։

Արփինե Ավագյան
Վայոց Ձորի մարզային գրադարանի տնօրեն