Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Հրապարակումներ

Գրադարանները Իռլանդիայում

Խոստովանեմ, որ Իռլանդիայի Հանրապետության գրադարանների ընտրությունը խիստ պատահական է։ Այն պայմանավորված է ընդամենը Իռլանդիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների՝ Ազգերի լիգայի նույն ընտրական խմբում ընդգրկվելու հանգամանքով։ Խաղը դիտելուց հետո պարզ հետաքրքրության թելադրանքով որոշեցի ծանոթանալ նրանց գրադարաններին։ Մի երկու նյութ կարդալուց հետո հասկացա, որ մեր երկրները որոշ ընդհանրություններ ունեն։ Իռլանդիայի բնակչությունը կազմում է 5 մլն․ մարդ, տարածքը՝ 70 հազար քառ․ կմ։ Մայրաքաղաք Դուբլինի բնակչությունը կազմում է 1,4 մլն մարդ, ճիշտ Երևանի չափ։ Իռլանդիան պառլամենտական հանրապետություն է, ինչպես և մեր երկիրը, որը բաժանված է 31 վարչական միավորի։

Տեսնենք, թե ինչ կարող ենք օգտակար համարել և յուրացնել Իռլանդիայի հանրային գրադարանների աշխատանքից։

Իռլանդիայում Միացյալ Թագավորության օրինակով գրադարանային ոլորտը կարգավորող հիմքը «Հանրային գրադարանների մասին» օրենքն է, որն ընդունվել է 1855 թ․։ Այն բազմիցս լրացումների և փոփոխությունների է ենթարկվել, սակայն օրենքի հիմնական փիլիսոփայությունը նույնն է մնացել։ Հանրային գրադարանների գործունեությունը, դրանց հիմնադրումը, պահպանությունը, զարգացումը և գործունեությունը տեղական ինքնակառավարման մարմինների տիրույթում է։ Տեղական ավագանիները իրավասու են գրադարանային գործի հետ կապված առանձին հարցեր դնել տեղական հանրաքվեի (ինչպես, օրինակ, գրադարանի նոր շենք կառուցելու համար ժամանակավոր տեղական հարկի սահմանումը)։

Իռլանդիայում գրադարանաշինությունը, գրադարանային գործի կազմակերպումը երկարատև պատմություն ունի։ Գրադարանային համակարգի զարգացման համար հսկայական օգնություն եղավ Էնդրյու Քարնեգիի (1835-1919) կողմից գրադարանաշինական ծրագիրը, որն իրականացվեց 20-րդ դարի սկզբին։ Ծագումով շոտլանդացի նշանավոր արդյունաբերող և բարերար Էնդրյու Քարնեգին գրադարանային աշխարհի բոլոր ժամանակների ամենաշռայլ բարեկամն է։ Նա ֆինանսավորել է ավելի քան 3000 նոր գրադարանների կառուցումը Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում և անգլախոս մի քանի այլ երկրներում: Մինչ այժմ պահպանվել և գործում են Քարնեգիի հիմնադրամի կողմից Իռլանդիայում կառուցված 66 գրադարաններից 62-ը։

20-րդ դարի երկրորդ կեսին, պայմանավորված գիտատեխնիկական տեղեկատվության պայթյունային աճով, հաղորդակցության միջոցների և տեխնոլոգիաների սրնթաց զարգացմամբ, գրադարանների բարենորոգման խնդիր առաջացավ։

1961 թ․ տեղական ինքնակառավարման նախարարի կողմից երկրում հատուկ հանրային գրադարանների դրամաշնորհների ծրագիր ներդրվեց, որը տեղական իշխանություններին արտոնեց նոր գրադարանների ֆինանսավորման համար գանձապետական սուբսիդիա ստանալ: 1988 թ.-ին մեկնարկեց հանրային գրադարանների կապիտալ շինարարության ծրագիրը, որը մինչև 75% դրամաշնորհային օգնություն էր տրամադրում նոր գրադարանների կառուցման համար: Ծրագիրը զգալի ներդրումներ ապահովեց գրադարանային ոլորտում, այնուամենայնիվ, պարզ դարձավ, որ ներդրումները պետք է հիմնվեն գրադարանային ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրերի վրա:

Հանրային գրադարանների առաջին ռազմավարությունը՝ «Մասնաճյուղավորում. նոր հանրային գրադարանային ծառայություն», հրապարակվեց 1998 թվականին։ Այն ուղղված էր բնակչության համար տեղեկատվության հավասար հասանելիության ապահովմանը, ցկյանս ուսումնառության աջակցությանը և գրագիտության տարածմանը, ընթերցանության խթանմանը: Դրան հաջորդեց «Մասնաճյուղավորում. հետագա զարգացումներ»-ը, որն ընդունվեց 2008 թվականին:

«Մասնաճյուղավորում» ռազմավարությունները հիմք հանդիսացան հանրային գրադարանների ծառայության արդիականացման և Եվրոպական միության երկրների գրադարաններում առաջարկվող ծառայությանը մոտ զարգացման համար: 1998-2012 թթ․ նոր գրադարանային շենքեր կառուցելու համար ներդրվել է մոտ 131 միլիոն եվրո, որը համաֆինանսավորվել է տեղական իշխանությունների կողմից։ Այդ միջոցներով 95 նոր գրադարան կառուցվեց: Այս ներդրումները 2008-2012 թթ.-ին հանգեցրին գրադարանային հաճախումների 15% աճին:

«Մասնաճյուղավորում» ռազմավարության երկու փուլերին հաջորդեց «Հնարավորություններ բոլորի համար․ հանրային գրադարանների 2013-2017 թթ․ ռազմավարությունը»: Այն հիմնվեց նախորդ նախաձեռնությունների հաջողության վրա և սահմանեց երեք նոր ռազմավարական ուղղություններ՝ հանուն տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման: Այս փուլում գրադարանային ոլորտում ներդրումները արվեցին ավելի փոքր տեմպերով, քան նախորդ ժամանակաշրջանում, սակայն նոր և նորարարական ծառայությունները շարունակեցին զարգանալ և ներդրվել գրադարանային գործում: Այս երրորդ ռազմավարությունը կենտրոնացած էր ծառայությունների զարգացման վրա, որոնք տրամադրվում են հանրային գրադարանների կողմից՝ համայնքների կարիքներին արձագանքելու համար:

2017 թ․ գրադարանների օգտվողներին արդեն հասանելի էին 330 գրադարան մասնաճյուղեր և 31 շարժական գրադարաններ: Ընթերցողները կարող էին օգտվել ազգային համահավաք գրացուցակ մուտքագրված ավելի քան 12 միլիոն գրքից և միջգրադարանային բաժնույթի առաքման ծառայության միջոցով ստանալ (և վերադարձնել) դրանք երկրի ցանկացած գրադարանում: Այսինքն՝ երկրում հանրային գրադարանների միասնական համակարգ է ձևավորվել, որից երկրի բնակչությունը օգտվում է հավասարապես՝ անկախ բնակության վայրից։

Եվ վերջապես ներկայումս ավարտին է մոտենում Իռլանդիայի գրադարանային ոլորտի զարգացման չորրորդ ռազմավարական ծրագիրը, որն ընդգրկում է 2018-2022 թթ․։ «Մեր հանրային գրադարանները 2022․ ոգեշնչել, կապակցել և հզորացնել համայնքները» հավակնոտ ռազմավարություն է՝ զարգացնելու հանրային գրադարանային ծառայությունը հաջորդ հինգ տարիների ընթացքում: Հենվելով վերջին տարիների տեխնոլոգիական և ծառայությունների մատուցման նորամուծությունների վրա՝ այն կենտրոնանում է հանրային գրադարանի հասանելիության, օգտագործման և տեսանելիության բարելավման վրա և այն որպես կայուն, ինտեգրված հանրային ծառայությունների մատուցման հիմնական վայր ստեղծելու վրա», ռազմավարության ներածական խոսքում գրում է Իռլանդիայի գյուղի և համայնքների զարգացման նախարար Մայքլ Ռինգը։

Ծրագրով նախատեսված է գրադարանների գործունեությունը նպատակաուղղել՝ գործունեություն ծավալելու հետևյալ չորս հիմնական ուղղություններով՝
 — ընթերցանություն և գրագիտություն,
 — ցկյանս ուսումնառության ապահովում բոլոր տարիքի օգտվողների համար,
 — բիզնես և զբաղվածություն,
 — առողջ ապրելակերպ և բարեկեցություն:

Նշված նպատակներին հասնելու համար նախատեսվում է բոլորի համար հավասար պայմաններ ապահովել՝ պարզեցնելով գրադարանին անդամագրվելու գործընթացը և բարելավելով ծառայությունների հասանելիությունը բոլոր համայնքներում։ Գրադարանները պետք է բարելավեն իրենց տեխնոլոգիական կարողությունները, հնարավորությունները, ռեսուրսները և ընդլայնեն գրադարանների աշխատանքային ժամերը՝ ավելի շատ մարդկանց որակյալ ծառայություններ մատուցելու համար։ Նախատեսվում է մեծացնել գրադարանների օգտագործումը, և բնակչության ակտիվ անդամակցությունը ներկայիս 16%-ի մակարդակից հասցնել 30%-ի:

Հանրային գրադարանը պետք է լինի բաց և հասանելի՝ իր հիմնական ծառայություններն ապահովելու համար: Ներկա ռազմավարական ծրագրով նախատեսվում է 100 գրադարանում աշխատանքը կազմակերպել 365/7 եղանակով առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 10-ը։ Իռլանդիայի գրադարանային ցանցի զարգացման ռազմավարական առաջնահերթություններից մեկն էլ թվային անջրպետի հաղթահարումն է: Հանրային գրադարանն օգնում է կամրջել թվային բաժանումը` ստեղծելով և զարգացնելով թվային ուսումնական կենտրոններ, առաջարկելով STEAM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա) և կոդավորման սեմինարներ: Գրադարաններն ավելի ու ավելի կարևոր օժանդակ դեր են խաղում՝ տարածելով նոր թվային տեխնոլոգիաները և ինտերակտիվ թվային տեխնոլոգիաների և ուսուցման հնարավորությունների հասանելիություն ապահովելով:
Փորձենք Հայաստանի հանրային գրադարանների գործունեությունը դիտարկել վերը նշված չորս ռազմավարական ուղղությունների տեսանկյունից։ Չէ, քավ լիցի, ես չեմ առաջարկում մեր հանրային գրադարանները համեմատել նրանց գրադարանների հետ։ Ինչպես փորձեցի ցույց տալ, նրանց գրադարանային համակարգն այսօրվա մակարդակին հասել է շուրջ երեք տասնամյակ տևողությամբ գրադարանային բարեփոխումների շնորհիվ։ Գրադարանային ոլորտում հսկայական միջոցներ են ներդրվել։ Ավելի խորքը գնանք և հիշենք, որ ներկայիս համակարգը խարսխվում է դեռևս Էնդրյու Քարնեգիի հիմնադրամի կողմից ավելի քան վեց տասնյակ գրադարանային շենքերի կառուցման վրա, որոնք մինչև օրս երկրի գրադարանային համակարգի հիմքն են կազմում։ Ակնհայտ է, որ թե՛ Իռլանդիայում և թե՛ մեզ մոտ գրադարանների առաջին գերակայությունը գրքի և ընթերցանության խթանումն է։ Ժամանակակից գրադարանները, որքան էլ որ Գուտենբերգի դարաշրջանից Ցուկերբերգի դարաշրջան են անցել, միևնույնն է, գրադարանների առաջնային հատկացվածությունը ընթերցանության ապահովումը և տեղեկատվական հոսքերի կառավարումն են։

Գրադարանների զարգացման հաջորդ երեք ռազմավարական ուղղությունները իրենց նախընտրությունն է։ Իսկ ի՞նչ ընդօրինակելի դասեր կարող ենք քաղել այդ ուղղություններից։ Սրանցից հատկապես ցկյանս ուսումնառության ապահովում բոլոր տարիքի օգտվողների համար ուղղությունը այսօր աշխարհի հանրային գրադարանների գործունեության հիմնական ուղղություններից մեկն է։ Ովքեր գիտեն գրադարանները, հաճախ են այցելում և օգտվում հանրային գրադարաններից, նկատած կլինեն, որ Հայաստանում հանրային գրադարաններից օգտվողների գերակշիռ մասը դպրոցականները և ուսանողներն են։ Գրադարաններում հազվադեպ կհանդիպեք 25-65 տարեկան օգտվողների, որոնք էլ պիտի կազմեն ցկյանս ուսումնառության տարիքային խմբերի կորիզը։ Ժամանակակից մարդու համար ցկյանս ուսումնառությունը դարձել է կյանքի բաղկացուցիչ մաս։ Առանց նոր հմտություններ զարգացնելու, առանց ժամանակակից տեխնոլոգիաների յուրացման անհնար է մրցունակ լինել աշխատաշուկայում։ Եվ գրադարանները այն հանրային հաստատություններն են, որոնք, համագործակցելով սոցիալական ծառայությունների հետ, կարող են ապահովել այդ գործառույթը՝ բնակչությանն ընդգրկելով ուսուցողական տարբեր դասընթացներում։ Այս առումով Հայաստանի գրադարանները և սոցիալական ծառայության մարմինները համագործակցության մեծ հնարավորություններ ունեն։

Գրադարանների ռազմավարության չորրորդ՝ առողջ ապրելակերպ և բարեկեցություն ուղղությունը, յուրահատուկ է իր բնույթով։ Մարդկանց առողջության և բարեկեցության բարելավումը Իռլանդիայում ազգային առաջնահերթություն է, և հանրային գրադարանները կարևոր դեր են կատարում ոլորտում կառավարության քաղաքականությանն աջակցելու համար: Հանրային գրադարանները մասնակցում են «Առողջ Իռլանդիա ձեր գրադարանում» ծրագրին՝ օգտակար տեղեկություններ տրամադրելով համայնքներին մարդկանց առողջության և բարեկեցության մասին: Ֆինանսավորումը տրամադրվում է Healthy Ireland Fund-ի («Առողջ Իռլանդիա հիմնադրամ») կողմից առողջության և բարեկեցության ռեսուրսներ (ինչպես թվային, այնպես էլ տպագիր) ձեռք բերելու, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման համար՝ աջակցելու ծառայությանը և գրադարանում կազմակերպվող միջոցառումներին և ծրագրի խթանմանը:

Ամփոփում․ Իռլանդիայի գրադարանները վերջին տասնամյակներում ծրագրված անցում են կատարել՝ ավանդական գրադարանները վերածելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով ապահովված համայնքային կենտրոնների, որոնք ծառայում են բնակչության տարիքային բոլոր խմբերի կրթական և մշակութային պահանջների բավարարմանը։ Այդ նպատակին նրանք հասել են քայլ առ քայլ՝ սկսելով գրադարանների նյութատեխնիկական բազայի ապահովումից, գրադարանների շենքային պայմանների բարելավումից դեպի թվային ռեսուրսների ստեղծում, նոր տիպի գրադարանային ծառայությունների մատուցում։

Ներսես Հայրապետյան