Ուրբաթ, 26 Ապրիլի, 2024
Հրապարակումներ

Դարձյալ բարձրաձայն ընթերցման կարևորության մասին

Սա շատ գրադարանավարների սեղանի գիրքն է: Գրքի հեղինակը ամերիկացի մանկավարժ Ջեյմս Ջոզեֆ Թրիլիզն է: Springfield Daily News օրաթերթում աշխատելու տարիներին նա հաճախ համայնքային դպրոցներում հանդիպումներ էր ունենում երեխաների հետ և նրանց որպես ապագա մասնագիտություն ներկայացնում էր լրագրողի և արվեստագետի կարիերան: Այդ հանդիպումների ժամանակ նա նկատեց, որ սովորողները ոչ հաճախ են կարդում հաճույքի համար կամ էլ կարդալուց հաճույք չեն ստանում: Հենց այդ ժամանակ նա սկսեց մտորել երեխաների համար բաձրաձայն կարդալու և նրանց ընթերցասիրության միջև: Խորանալով մարդու բնության և ընթերցանության սովորության ուսումնասիրության մեջ նա ուշադրություն դարձրեց երկու հանգամանքի վրա, որոնք կրթությունը հաճախ հաշվի չի առնում.

  • մարդ արարածի գործողությունների մոտիվացիան հաճույք ստանալն է:
  • ընթերցանությունը ձէռքբերովի ունակություն է:

Սրանից ելնելով նա եզրակացության հանգեց, որ երեխաների համար կարդալն այս երկուսը ամփոփում է իր մեջ: Մանուկների համար կարդալով դուք պայմաններ եք ստեղծում, որպեսզի երեխայի ուղեղը ընթերցանությունը ասոցացնի հաճույքի հետ:

Այդպես Թրիլիզը 1979 թ-ին մտահղացավ կազմել և հրատարակել իր «Բարձրաձայն ընթերցանության ձեռնարկի» առաջին հրատարակությունը: Մինչ այժմ գիրքը ԱՄՆ-ում վերահրատարակվել է ութ անգամ և թարգմանվել է բազմաթիվ լեզուներով:

Գիրքն անդրադառնում է բարձրաձայն ընթերցանության կազմակերպման տարբեր հարցերի, այդ թվում՝ ինչո՞ւ է այն կարևոր, ե՞րբ կարդալ, ընթերցանության փուլերը, ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի կարդալիս, հեռուստատեսության, համացանցի և տեխնոլոգիաների ազդեցությունը ընթերցանության վրա և այլն: Գիրքը բաժանվում է երկու մասի: Առաջին մասում հեղինակն անդրադառնում է ընթերցանության կազմակերպման տեսական հարցերին և վերլուծությանը: Երկրորդում, 9 բաժիններով (անտեքստ, պատկերազարդ, կրկնվող տեքստերով գրքեր, հեքիաթներ, պատմվածքներ, վեպեր, պոեզիա, անթոլոգիաներ, տեղեկատուներ), ներկայացնում է ընթերցանության համար իր կազմած հանձնարարական ցանկը: Բացի գրքի համառոտ բնութագրից և էջերի քանակից, նշվում է ընթերցողական խմբի հանձնարարելի տարիքը: Գիրքն ունի հարուստ օժանդակ ապարատ՝ ծանոթագրություններ, օգտագործված գրականության, առարկայական, հեղինակների և գրքերի նկարազարդողների ցանկեր: