Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Հրապարակումներ

QR գրադարանը՝ ժամանակի հրամայական

Կորոնավարակի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրության այս օրերին գրադարանների աշխատանքը ոչ միայն չպակասեց, այլ ընդհակառակն`ավելացավ, ելնելով ընթերցողների սպասարկումն առցանց կազմակերպելու անհրաժեշտությունից: Հայաստանյան գրադարաններն այս խնդիրը պատվով են իրականացնում, տեղեկատվական աղբյուրներից զատ, ընթերցողին տրամադրելով էլեկտրոնային գրքեր, պոդքասթեր, աուդիոգրքեր, կազմակերպելով առցանց ընթերցումներ, գրքերի քննարկումներ, գրքախաղեր:

Դիտարկելով իրավիճակը, հարկ է վերլուծել հեռավար սպասարկման բովանդակությունը, դրան ավելացնելով ու կարևորելով նաև QR գրադարանների դերը, որոնց տարածումն այսօր առանձնապես կարևոր է:

QR տերմինն առաջացել է անգլերեն Quick Response՝ արագ արձագանքում արտահայտությունից: Ի սկզբանե QR կոդերը մշակվել են Ճապոնիայի ավտոարդյունաբերության մեջ կիրառելու նպատակով: QR կոդը օպտիկական նշում է, որն իր մեջ պարունակում է ինֆորմացիա այն օբեկտի մասին, որին կցված է:

Ժամանակի ընթացքում այն դարձավ նաև գրքի և ընթերցանության խթանման ժամանակակից մեթոդ, համալրելով գրադարանային նորարարությունների շարքը: QR գրադարաններն արագորեն սփռվեցին աշխարհով մեկ, լրացնելով առցանց կարդացող ընթերցողների գրադարանները: Գրադարանից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը սմարթֆոնը զինել անհրաժեշտ ծրագրով: QR գրադարանները նաև գրադարանային դիզայնի գործիքակազմ են և կարող են իրականացնել գիրքն այս տարբերակով ընթերցողի առջև դնելու ամենատարբեր ձևեր:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում, օրինակ, QR գրադարան է ձևավորվել դեռ 2016 թ. ին: Այն բակի կանաչ այգու եզրին է, գրադարանի մուտքի առջև: Տնտեսագիտական գրականություն պարունակող այս գլանաձև գրադարանն իր ողջ երկայնքով մեկ՝ 5 դարակաշարք ունի, ուր գրքերի պատկերները տեղակայված են ոչ թե ստանդարտ՝ ուղղաձիգ շարվածքով, այլ, ասես շարժի մեջ են ու կարծես, հենց նոր են դրվել դարակին՝ այն ուսումնասիրող ընթերցողի կողմից: Ընդհանուր կանաչ ֆոնը ոչ միայն ինտեգրում է QR գրադարանը կանաչ այգուն, այլ նաև խորհրդանշում է դեպի գիտելիքն ուղղված կանաչ ճանապարհը: QR գրադարակներով պաստառներ կան նաև բուհի՝ ֆակուլտետամերձ տարբեր հատվածներում, ինչը թույլ է տալիս ուսանողին անմիջապես ձեռքի տակ ունենալ պահանջվող մասնագիտական գրականությունը:

Հաշվի առնելով QR գրադարանի հարմարավետությունը, նպատակահարմար է նման պաստառներ ունենալ ոչ միայն բուհերում, այլ նաև ուսումնական բոլոր հաստատություններում, գրադարաններում, անգամ՝ կանգառներում: QR գրադարանը գրքապահովվածության խնդիր կարող է լուծել նաև մարզերում, ուր դրանք կարելի է տեղակայել ոչ միայն գրադարաններում, այլ նաև մշակութային տներում, քաղաքապետարաններում, գյուղապետարաններում:

QR գրադարանն ամենուր՝ ժամանակի հրամայականն է: