Երեքշաբթի, 23 Ապրիլի, 2024
Հրապարակումներ

ԽԱՂԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ` ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ

Մեծ է խաղերի և խաղային տեխնոլոգիաների դերը ժամանակակից գրադարաններում: Ներկայիս հասարակության մեջ լայնորեն տարածվել է այսպես կոչված ‘‘gamification’ (խաղայնացում) գործընթացը, այսինքն` խաղային տեխնոլոգիաների ներմուծումը հասարակական կյանքի և անհատի զարգացումն ապահովող բազում բնագավառներ:
Ժամանակակից գրադարաններում ընթերցողը ավանդական գործընթացից զատ նորովի մատուցման ձևեր է որոնում, ինչը կարող է գտնել նաև գրադարանային գործունեության մեջ ընդգրկված ինտելեկտուալ խաղերի մասնակիցը դառնալով:

Խաղային տեխնոլոգիաների կիրառումը գրադարանում փոխադարձ շփման, հետաքրքիր ժամանցի, գրական դաշտում մոտիվացիայի, գրադարանը ինտելեկտուալ ակտիվ շփման հարթակ դիտարկելու, ստեղծագործելու հնարավորություն է տալիս: Խաղային ձևերն այստեղ բազում են` սեղանի խաղեր, մասնագիտական թրենինգ-խաղեր, գրքախաղեր թե’ առցանց, թե’ գրադարանային ինտերիերում և այլն:

2008 թ. ի վեր Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի (ALA) նախաձեռնությամբ ԱՄՆ գրադարաններում մեկնարկեց «Խաղերի ազգային օր» միջոցառումը, ինչը, 2012 թ. սկսած միջազգային է դարձել, միավորելով աշխարհասփյուռ բազում գրադարանների ու կամավորների: «Խաղերի ազգային օր»ն ընդարձակվելով «Խաղերի ազգային շաբաթ»ի, ևս մի հնարավորություն է տալիս միջոցառման շրջանակներում կազմակերպելու վիկտորինաներ, թեմատիկ հարթակներ, համակարգչային խաղեր, լեզվախաղեր, գրքախաղեր, որոնցում յուրաքանչյուր մասնակից գրաշխարհի ճանապարհորդ է, հետազոտող ու հայտնագործող:

Ամերիկյան գրադարանային ասոցիացիան 2011 թ. –ից ի վեր գրադարաններին մի խաղասեղանի շուրջ է հրավիրում GameRT առցանց հարթակում (Gaming Round Table), որը տեղ է գտել https://games.ala.org/ ` գրադարանային խաղերին նվիրված կայք-էջում, այսպիսով կոչ անելով փոխանակել այս ձևին վերաբերող գրադարանային գաղափարներն ու խնդիրները, աջակցել գրադարանների խաղային հավաքածուների ձևավորմանն ու կառուցմանը, նախաձեռնող լինել գրադարանային խաղերի ծրագրավորման հարցում, իրազեկել այս մասին գրադարաններին, ուսումնական համայնքներին, կարևորել խաղային տեխնոլոգիաների և գրադարանների փոխկապակցումը:

Հայաստանում գրքախաղն իր լիիրավ իրավունքների մեջ է լինում հատկապես փետրվարի 19-ին` «Գիրք նվիրելու օր» գրքատոնին, երբ գրքախաղն անսպառ է իր բոլոր դրսևորումներում: Շարունակական ու գրքասեր հանրությանը ոգևորող է «Գրքախաղ Ներսեսի հետ» հեղինակային առցանց-խաղը: Գրադարաններում հայ ընթերցողը ծանոթանում է ոչ միայն հայկական ժողովրդական խաղերին, այլ նաև խաղային նորագույն տեխնոլոգիաների հաղորդակիցը դառնում: Խաղերի ակումբներ ունեն հայաստանյան մի շարք գրադարաններում ձևավորված ամերիկյան անկյունները, ուր դպրոցականները սովորում են խաղալ OSMO WORD / TANGRAM / NUMBERS / CODING AWBIE / MONSTER / MASTERPIECE, ինտերակտիվ զարգացնող խաղերով, SNAP CIRCUITS EXTREME, LITTLE BITS; MAKEY MAKEY էլեկտրոնիկայի հիմունքներ սովորեցնող խաղային հավաքածուներով, LEGO ARCHITECTURE-ով, կամ նկարներ են պատրաստում եռաչափ գրիչներով, Տեխնոլաբում (TecnoLab. Ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/TechnoLab-Yerevan-2148073465268639 /) անց են կացվում նաև խաղային ծրագրավորման (եռաչափ մոդելավորման և տպագրության) դասընթացներ:

Շարունակենք զարգացնել գրադարաններում խաղային ոլորտը, այն ոգևորիչ է և մոտիվացնող:


Շ. Ոսկանյան