Հինգշաբթի, 18 Ապրիլի, 2024
Հրապարակումներ

Գրադարանները և սոցիալական մեդիան

Սոցիալական մեդիայի ծնունդը ընդունված է սկսել 1971 թ-ից, երբ էլեկտրոնային փոստի միջոցով սկսվեց տեղեկատվության տարածումը։ Ավելի ռադիկալ մոտեցման կողմնակիցները, այն կապելով հեռագրի գյուտի հետ, կարծում են, որ սոցիալական մեդիայի ծնունդը տեղի է ունեցել 1840թ-ին, սակայն մենք այդպես չենք կարծում։ 1986-ին Էրիկ Թոմասը մշակեց էլեկտրոնային նամակացանկերի ստեղծման ծրագիրը։ 1988-ին ստեղծվել է առաջին համացանցային ճեպազրույցի հարթակը՝ Internet Relay Chat (IRC), որը թույլ էր տալիս երկու և ավելի մարդկանց հաղորդագրություններ փոխանակել։ 1997-ին Էնդրյու Վայնրայխը (Andrew Weinreich) գործարկեց իր ստեղծած SixDegrees հարթակը, որը շատերը համարում են ժամանակակից սոցիալական ցանցերի նախատիպը։ Այն առաջին անգամ թույլ էր տալիս համացանցում ստեղծել սեփական պրոֆիլը և ցանցային կապեր հաստատել անծանոթների միջև։ 2003-ին երևան եկավ LinkedIn-ը, որը համախմբում է բիզնես ոլորտի մարդկանց և ներկայումս ունի ավելի քան 500 միլիոն բաժանորդ։ 2004-ին Մարկ Ցուկերբերգը ստեղծեց Ֆեյսբուքը՝ սոցիալական ցանցերի անվիճելի առաջատարը, որը ներկայումս ունի ավելի քան 2․4 միլիարդ բաժանորդ։ Այնուհետև ասպարեզ իջան Յութուբը՝ 2005թ․, Թվիթերը՝ 2006թ․, WhatsApp-ը՝ 2009, Ինստագրամը՝ 2010, Սնափչաթը՝ 20011-ին և այլն։ Եթե 2010թ-ին աշխարհում սոցիալական ցանցերից օգտվում էր 970 միլիոն մարդ, ապա 2018-ին սոցիալական ցանցերում ընդգրկված էր ավելի քան 2․62 միլիարդ հոգի։ Մարդկության 45%-ը գրանցված է սոցիալական ցանցերում։ Տեղեկատվության ստեղծման և տարածման ոլորտում այս գլոբալ փոփոխությունը անմիջական ազդեցություն ունեցավ մարդկային գործունեության բոլոր բնագավառների վրա։

Բնական է, որ հաղորդակցության և տեղեկատվության փոխանակության այս հեղափոխական ալիքը չէր կարող շրջանցել նաև գրադարանային աշխարհը։ Գրադարանները սոցիալական ցանցերն օգտագործում են՝ ամրապնդելու իրենց օգտվողների հետ կապերը։ Դրանց միջոցով գրադարանները տարածում են գրադարանային նորությունները և առաջիկա միջոցառումների մասին հայտարարությունները, օգտվողներին տեղեկացնում նոր ստացված գրականության և հին ու նոր ծառայությունների մասին, ակադեմիական շրջանակներին տեղեկացնում հրապարակված գրախոսությունների և հոդվածների մասին, «Հարցրեք գրադարանավարին» առցանց ծառայության միջոցով պատասխանում ընթերցողների հարցերին և այլն։

Յուրաքանչյուր գրադարան պետք է սոցիալական ցանցերի էջերի զարգացման սեփական ծրագիր ունենա։ Ո՞ր  սոցիալական ցանցերում գրանցվել, ո՞ւմ տեղեկատվական կարիքները սպասարկելու համար, ո՞ր սոցիալական հարթակներում և այլն։

Նախևառաջ գրադարանը պետք է հստակ պատկերացում ունենա իր ծառայություններից օգտվողի մասին։ Յուրաքանչյուր գրադարանի պատասխանատու գիտի, թե քանի ընթերցող ունի գրադարանը, նրանց տարիքային, կրթական, սեռային կազմը։ Բայց արդյո՞ք մենք գիտենք, թե սոցիալական որ ցանցերում և որտեղ են հանգրվանում մեր ընթերցողները, նրանց որ մասն է Ֆեյսբուքում, թվիթերում, ինստագրամում և այլուր։ Սոցիալական ցանցերում գրադարանը պետք է այնտեղ լինի, որտեղ իր ընթերցողներն են։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրադարանը լավագույն արդյունքի է հասնում, երբ գրանցվում է ոչ ավելի, քան երկու սոցիալական հարթակում, և դա ունի իր բացատրությունը։ Սոցիալական հարթակները բազմաթիվ են (Facebook, YouTube, Instagram, Twitter, Reddit, LinkedIn, Pinterest, Viber և բազմաթիվ այլ հարթակներ), իսկ գրադարանի կարողությունները՝ սահմանափակ։

Ներսես Հայրապետյան